Հարավային Կովկասը՝ Կենտրոնական Ասիայի հետ ինտեգրացիայի ճանապարհին. Ի՞նչ է կատարվում երկու ռեգիոնների միջև
Վերջին ամիսների ընթացքում Հարավային Կովկասի հարևան միջինասիական ռեգիոնում ակտիվ աշխարհաքաղաքական գործընթացներ են ծավալվում՝ անմասն չթողնելով և նույնիսկ անմիջականորեն առնչվելով Հարավային Կովկասին, այդ թվում՝ Հայաստանին:
Վերջին շրջանում միջինասիական 5 երկրների հետ գագաթնաժողովներ կազմակերպեցին թե թյուրքական Թուրքիան ու Ադրբեջանը Թյուրքալեզու պետությունների համագործակցության կազմակերպության շրջանակում, թե Ռուսաստանը, թե Եվրոպական միությունը, և թե վերջերս նաև ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը:
Թրամփն անգամ Սպիտակ տանն ընդունեց 5 երկրների ղեկավարներին, ինչն աննախադեպ իրադարձություն էր:
Զուգահեռաբար միջինասիական երկրների հարաբերությունները խորանում են Ադրբեջանի հետ, որն, արդեն երեք տարի է՝ ինչ Ադրբեջան-Միջին Ասիա խորհրդատվական խորհրդի մաս է: Վաշինգտոնում ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովից ուղիղ տասն օր հետո՝ նոյեմբերի 16-ին, Ուզբեկստանում տեղի ունեցավ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան խորհրդատվական խորհրդի 7-րդ նիստը:
«Այսօր իսկապես պատմական օր է մեր եղբայրական ժողովուրդների համար։ Մենք հիմնարար որոշում ենք կայացնում Ադրբեջանի Հանրապետության՝ որպես լիիրավ մասնակից, խորհրդատվական հանդիպումների ձևաչափին միանալու վերաբերյալ»,- այս մասին հայտարարել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը՝ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների «Կենտրոնական Ասիա+Ադրբեջան» ձևաչափով հանդիպման ժամանակ:
Ըստ նրա, իրենք կկառուցեն ամուր կամուրջ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև՝ հիմք դնելով համագործակցության միասնական տարածքի ձևավորմանը, որը, նրա խոսքով, կամրապնդի երկու տարածաշրջանների ռազմավարական փոխկապակցվածությունն ու կայունությունը։
Միրզիյոևը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին նման որոշման համար, ինչպես նաև շնորհավորել Ալիևին այդ ձևաչափին միանալու համար:
«Համերաշխության ամրապնդումը և ընդհանուր զարգացման ձգտումը նպաստում են Կենտրոնական Ասիայի միջազգային դիրքերի ամրապնդմանը և դերի բարձրացմանը գլոբալ մակարդակով։ «Կենտրոնական Ասիա+» ձևաչափերի միջև փոխգործակցությունը սրվել է։ Տարածաշրջանը միասնական դիրքորոշում ունի հեղինակավոր միջազգային ֆորումներում։ Անկասկած, մեր ձևաչափին Ադրբեջանի միանալով՝ մեր տարածաշրջանի ձայնը համաշխարհային հանրությունում կդառնա ավելի նշանակալի»,- նշել է նա:
Միջինասիական զարգացումների այս վերջին շղթայի մեջ կարևոր է հիշատակել այն, որ վերջերս տեղի ունեցավ՝ ինչպես Իլհամ Ալիևի այցը Ղազախստան հայտնի ցորենի գործարքի մասին հրապարակմամբ, ապա՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը Ռուսաստան և բանակցությունները ՌԴ նախագահի հետ
Ռեգիոնալ ԶԼՄ-ները, փորձագետներն ակտիվորեն անդրադառնում են տվյալ թեմային՝ այն ազդարարելով որպես Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս ինտեգրացիայի մեկնարկ: Ըստ փորձագիտական տարածված կարծիքի, այս քայլը միայն դիվանագիտական ժեստ չէ, այն արտացոլում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ձևավորվող ավելի խորը ինտեգրացիոն միտումներ, որոնք վերաձևում են տարածաշրջանային ուժային հարաբերակցությունները։ Կենտրոնական Ասիայի երկրների խորհրդատվական հարթակը սկզբնապես նախատեսված էր՝ որպես տարածաշրջանի ներքին համագործակցության ձևաչափ։
Սակայն Ադրբեջանի ներգրավմամբ այն ստանում է ավելի լայն բովանդակություն՝ համադրվելով Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում իրականացվող օրակարգի հետ։ Բնականաբար, Ադրբեջանն այս զարգացմամբ հավակնում է ամրապնդել իր դերը թյուրքական աշխարհում և դառնալ կամուրջ, որը միացնում է Կենտրոնական Ասիան, Կասպյան ռեգիոնն ու եվրոպական ուղղությունը։
Կենտրոնական Ասիայի պետությունների համար այս համագործակցությունը կարևոր է, քանի որ նրանց ռազմավարական նպատակը Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունից դուրս գալու համար այլընտրանքային ուղիների ստեղծումն է։ Այդ առումով կարևոր է Միջին Միջանցք (Middle Corridor) արևելք-արևմուտք լոգիստիկ ուղին, որի միջոցով հնարավոր է դուրս գալ դեպի Եվրոպա՝ շրջանցելով ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ Իրանը։ Անհնար է չնկատել, որ այս դաշինքը զարգանում է մի փուլում, երբ ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հետաքրքրված են այս միջանցքի ամրապնդմամբ՝ Չինաստանի և Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու նպատակով։
Ադրբեջանի ինտեգրումը միջինասիական ձևաչափին Հարավային Կովկասում ձևավորում է մի շարք նոր իրողություններ: Տարածաշրջանում ավելի տեսանելի է դառնում թյուրքական ազդեցության գոտին, որը փաստորեն ընդլայնվում է դեպի արևելք: Սա ցույց է տալիս նաև այն, որ Հարավային Կովկասն այլևս չպետք է դիտարկել՝ որպես առանձին աշխարհաքաղաքական միավոր: Հայաստանի ու Վրաստանի համար շարունակում է մարտահրավեր մնալ Ադրբեջանի ամրապնդվող քաղաքական ու տրանսպորտային-տնտեսական դերակատարությունը:
Ադրբեջանի՝ միջինասիական խորհրդատվական հարթակին միանալը խորքային սիմվոլ է, թե դեպի ուր է շարժվում տարածաշրջանը։ Հարավային Կովկասը ներգրավվում է նոր բազմաբևեռ մրցակցության դաշտ։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ սա նոր իրողություն է Հարավային Կովկասի համար, որի նշանները նկատվում էին վերջին տարիներին, երբ Միջին միջանցք պրոյեկտը քննարկում էր Բրիտանիան, ԱՄՆ-ը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ: Ըստ նրա, դժվար էր պատկերացնել, որ այսպիսի սերտ ինտեգրացիա կսկսվի հենց նմանատիպ ձևաչափով, սակայն հիմքերը դրվել էին թյուրքական երկրների համագործակցության խորացման միտումներով:
«Աշխարհաքաղաքական վերադասավորումները վերաբերում են բոլոր ռեգիոններին, այդ թվում Կենտրոնական Ասիային, որտեղ գլոբալ պատերազմին զուգահեռ՝ նկատվեցին աշխարհաքաղաքական նոր նյուանսներ և Ռուսաստանի հետ հարաբերություններում փոփոխություններ:
Ռուսաստանը փորձում է պահպանել իր դիրքերը, սակայն ռեգիոնները նաև այլընտրանքներ են փնտրում, և սա դրանց ճանապարհին զարգացվող ուղղություն է: Թե որքանով կամրապնդվի սա, ցույց կտա ժամանակը և աշխարհաքաղաքական զարգացումները»,- ասաց Լուկիանովը:
Նրա կարծիքով, սա փոխում է նաև հարավկովկասյան ռեգիոնը, անխուսափելի դարձնում Կենտրոնական Ասիայի ռեգիոնի հետ համագործակցության սերտացումը և մի շարք արտաքին քաղաքական փոփոխությունները:
«Սա նորություն է Հարավային Կովկասի համար, երբ երկու ռեգիոնների ինտեգրացիան, փոխկապակցվածությունը խիստ խորանալու է, եթե միտումներն ընթանան այս ուղղությամբ: Սա նշանակելու է և քաղաքական ազդեցություն, և փոխկապակցվածություն, ինչպես նաև արտաքին քաղաքական վեկտորի զարգացման հարցում նույնատիպ մոտեցումներ: Այս ամենը հնարավոր է այն դեպքում, երբ ռեգիոնում կլինի կայուն խաղաղություն, երբ կբացվեն նաև ճանապարհները»,- ասաց Լուկիանովը:

