Ի՞նչ են պատրաստվում քննարկել արևմտյան առաջնորդները ՀՀ-ի հետ

Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձային փոփոխությունների, զուգահեռաբար՝ Ադրբեջանի պատերազմական սպառնալիքների ու ՀՀ անվտանգության դեֆիցիտի ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի երևանյան այցից հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց Բրյուսել։

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 5-ին Բրյուսելում կքննարկեն Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։ Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ միջոցառումը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի դիմակայունությունը:

ԱԽ քարտուղարն այլ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով, որ մոտակա շրջանում միջոցառման մասին ավելի մանրամասն խոսելու հնարավորություն կլինի:

Ավելի վաղ Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ մանրամասնելով ԵՄ հնարավոր աջակցությունը Հայաստանին անվտանգության ոլորտում, նշել էր, որ ԵՄ-ն կարող է աջակցել դաշտային հիվանդանոցի, պաշտպանական սարքավորումների հարցում, բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։

Կարդացեք նաև

Նա շեշտել է՝ սպեկտրը շատ լայն է, և անդամ պետությունները պետք է որոշում կայացնեն, թե ի վերջո ԵՄ-ն ինչ պետք է անի՝ արտացոլելով այն, ինչ Հայաստանը սահմանում է՝ որպես ամենահրատապ կարիքներ։

«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում Ստանոն վերահաստատել էր՝ Եվրամիությունն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, միևնույն ժամանակ շեշտելով՝ կոնկրետ որոշումներ դեռ չկան։

Փետրվարի 13-ին աշխատանքային այցով Բրյուսելում էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով այնտեղ մասնակցեց ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Բրյուսելում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել էր, որ մոտակա ամիսներին ՀՀ-ի հետ կկառուցեն անվտանգության քաղաքականության երկխոսությունը։

Վերջերս էլ Եվրոպական խորհրդարանը բանաձև հաստատեց՝ Եվրահանձնաժողովին կոչ անելով դիտարկել ՀՀ-ին ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։

168am-ի հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող միջոցառմանը, եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշեց, որ կազմը և ձևաչափը հետաքրքիր է թվում։

Նրա խոսքով, մանրամասները, իհարկե, կարևոր են, սակայն նույնիսկ առանց դրանց էլ կարելի է որոշ ձևակերպումներ անել և նշել, որ սա ուղղված է հստակեցնելու համար ՀՀ-Արևմուտք հարաբերություններում որոշ դեռևս չպարզաբանված հարցեր։

Վերլուծաբանի կարծիքով, ամենայն հավանականությամբ, շատ հարցեր վերաբերում են հենց անվտանգության և պաշտպանության ոլորտին, և այստեղ ԵՄ-ն միայնակ ոչինչ անել չի կարող, քանի որ պաշտպանական կառույց չէ։

«ԱՄՆ-ի և ԵՄ-ի համատեղ մասնակցությունը Հայաստանի հետ քննարկումներին ընդգծում են արևմտյան հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում, ցույց են տալիս, որ Արևմուտքն ընկալում է այն բարդ իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը։ Սակայն մյուս կողմից՝ Արևմուտքի համար ևս պետք է հստակ լինի, թե ՀՀ-ն ինչ ծրագրեր ունի Ռուսաստանի կողմից կառավարվող կառույցների անդամակցության հեռանկարների տեսանկյունից։ Այս հարցերը պետք է երկուստեք պարզաբանվեն և հարաբերություններում հստակություն մտնի։ Կարծում եմ՝ Հայաստանին նույնպես հետաքրքիր է, թե հարաբերությունների խորացումն Արևմուտքի հետ ինչ ձևաչափում տեղի կունենա, և երբ ՀՀ-ն կկարողանա ստանալ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, ինչ պետք է անի դրա համար։ Ըստ իս, շրջանակը սա է լինելու»,- ասաց Սյուզան Ստյուարտը։

Նա գտնում է, որ նման ձևաչափին նպաստել է նաև այն, որ Ադրբեջանը հրաժարվեց աշխատել արևմտյան հարթակներում, ուստի Արևմուտքը պետք է իրավիճակի վրա ազդելու նոր ուղիներ գտնի։

Նրա խոսքով, իհարկե, դրանք արագ գործընթացներ չեն, սակայն Արևմուտքն այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում պատրաստ է նաև արտասովոր լուծումների։

«Եթե նման լուծումներ չլինեն, ապա ԵՄ անդամի կարգավիճակը ևս երկար ընթացակարգեր ու գործընթացներ է ենթադրում, արևմտյան բարեփոխումների ճանապարհը ևս երկար ժամանակ է պահանջում, սակայն Արևմուտքը նաև հասկանում է, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար հավելյալ ինչ-որ տարբերակներ պետք է լինեն։ Կարծում եմ՝ հենց այս հարցերն են քննարկվելու»,- ասաց վերլուծաբանը։

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Արևմուտքը շարունակում է իր դեմոնստրատիվ քայլերը Հայաստանի հանդեպ, որոնք, սակայն, որակապես որևէ արժեք չեն ներկայացնում իրենցից։

«Վստահ եմ, որ ՀՀ-ն ԵՄ անդամ չի դառնալու, առաջիկայում նաև անդամի կարգավիճակ չի ստանալու, սակայն Հայաստանին վստահեցնելու են, որ նա ճիշտ է անում ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելով, որ դա ճիշտ ճանապարհ է։ Սակայն այստեղ կարևոր հարցն այն է, թե Արևմուտքը՝ որպես գործընկեր, ինչ օգուտ է տալիս Հայաստանին կամ ինչպես է ազդում ՀՀ բանակցային դիրքերի վրա։

Եթե Ռուսաստանը՝ որպես գործընկեր ու դաշնակից, չի բավարարում Հայաստանին, Ռուսաստանին են վերագրում ՀՀ բոլոր խնդիրները, ապա այսօր, դատելով հայկական մամուլից, ՀՀ-ն կրկին խնդիրներ ունի, սահմանային հարցեր են քննարկվում, այստեղ Արևմուտքն ի՞նչ դեր ունի»,- նկատեց Արեշևը։

Վերջինիս կարծիքով, նման ներկայացուցչական կազմով հանդիպումը մի մասն է բոլոր այն իրադարձությունների, որոնք եղել են վերջերս՝ ՆԱՏՕ-ի քարտուղարի այց ՀՀ, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում, ԵԽ-ում բանաձև, Ֆրանսիայից սպառազինության գնում, Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի այց ՀՀ և այլն։

«Ընդհանուր առմամբ ցանկանում են ցույց տալ, թե ՀՀ մտահոգությունների և խնդիրների ֆոնին Արևմուտքն ինչ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, սակայն աջակցությունն իրականում պետք է լինի ոչ թե հայտարարություններով, հանդիպումներով, այլ արդյունքներով և իրավիճակների վրա ազդեցությամբ»,- շեշտեց Արեշևը։

Տեսանյութեր

Լրահոս