Հայաստանը հետաքրքրված է նավթամթերքով և, հավանաբար, Ադրբեջանից եկող գազով

Երկու երկրների պետական պաշտոնյաներն ու գործարարները շփվել են Աղվերանում

Ինչպես և սպասվում էր, Բաքվի և Երևանի միջև շփումներնը ընդլայնվում են՝ հիմնականում երկու երկրների միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի միջոցով, որը նախագահում են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը: Հանձնաժողովի 13-րդ նիստը տեղի է ունեցել ապրիլի 29-ին Հայաստանի Աղվերան հանգստավայրում, որը հարմար վայր է տարբեր բանակցությունների և ոչ պաշտոնական շփումների համար:

Հյուրընկալող երկրի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «նիստի ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման գործունեության հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ»: Համաձայնեցվել են սահմանազատման փորձագիտական ​​խմբերի գործունեության ընթացակարգերի վերաբերյալ հրահանգների նախագծերի տեքստը, պետական ​​սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման ընթացակարգը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման փաստաթղթերի պատրաստման և տրամադրման ընթացակարգը:

Բացի այդ, համանախագահներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը (ծնունդով՝ Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանից) «առանձին մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Նշվել է՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքով դեպի Հայաստանի Հանրապետություն բեռների տարանցումը հաջողությամբ իրականացվում և ներկայումս շարունակվում է: Գոհունակությամբ նշվել  է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքների առաքումները Հայաստան, ինչը երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման ցուցանիշ է»:

Բաքվի պատվիրակության և հայկական գործարար շրջանակների անանուն ներկայացուցիչների հանդիպման ընթացքում «տեղի է ունեցել առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարման, ինչպես նաև տարանցիկ փոխադրումների հարցերի քննարկում: Հատուկ ընդգծվել է՝ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի քաղաքական կամքի շնորհիվ: Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն»:

Միաժամանակ, ըստ Բաքվի ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը սկսել է տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումը Սոթքի ոսկու հանքավայրի շրջանում, որն աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է շահագործման հանձնել AzerGold ընկերությանը: Տարածքը զննելուց հետո Բաքվում եկել են այն եզրակացության, որ ներկայումս Հայաստանը որևէ աշխատանք չի տանում։ Այդ ստուգման անցկացումը համաձայնեցվել էր Գրիգորյանի և Մուստաֆաևի Գաբալայում կայացած նախորդ հանդիպման ժամանակ։

«Кавказское бюро»-ն գրում է․ «Բանակցություններից հետո դիտորդների ուշադրությունը գրավեց ոչ այնքան հանդիպումը, որքան (հայկական) պատվիրակության շարասյան կազմը։ Շարասյան պոչում նկատվել է 00-OO-006 սերիական համարով Rolls-Royce մակնիշի մեքենա, որը, ըստ հայ լրագրողների, կապված է գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Լրատվական դաշտում շրջանառվում է նաև մեկ այլ հայ գործարարի անուն՝ Խաչատուր Սուքիասյան (Գռզո)։ Զուգահեռաբար հաղորդվել է անվտանգության միջոցառումների ավելացման և բանակցությունների շրջանում դիպուկահարների առկայության մասին»։ Նշված գործարարները, որոնք Հայաստան ամենատարբեր ապրանքատեսակներով խոշոր ներմուծողներ են, իրենց լավ էին զգում նաև մինչև 2018 թվականը, սակայն հենց Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուստով է, ասում են, ծավալվել «ողջ թափով»։ Պետք է ենթադրել՝ հենց նրանք են Երևանի «խաղաղության օրակարգի»՝ ներառյալ արևելյան և արևմտյան հարևանների հետ, բաղձալի առևտրի կուրսի շահառուների արտոնյալ ցուցակում։

Բայց արդյո՞ք սա շահույթ և բարգավաճում կբերի Հայաստանի քաղաքացիների մեծամասնությանը: Ճիշտ է, հարցը խիստ վիճահարույց է, և արդյո՞ք խոսքը միայն առևտրի մասին է: Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ կառավարության գործող ղեկավար Նիկոլ Փաշինյանը, չունենալով ներքին լեգիտիմություն և ժողովրդի իրական աջակցությունը, խաղադրույք է կատարում Բաքվի վրա, և Մուստաֆաևի ներկայիս այցը կազմակերպվել էր ցույց տալու համար, թե իբր Բաքվի և Երևանի միջև խաղաղություն է տիրում, և քանի դեռ Փաշինյանը ղեկին է, հարաբերությունները կմնան նորմալ:

Կարելի է չկասկածել, որ «իրենց աջակցության դիմաց նրանք անպայման ինչ-որ բան պոկելու են հայկական իշխանություններից», չի կասկածում Խաչատրյանը՝ ենթադրելով, որ Բաքուն կարող է առանձնաշնորհումներ պահանջել սահմանազատման և սահմանագծման գործընթացում՝ հաշվի առնելով Մուստաֆաևի՝ որպես հանձնաժողովի համանախագահի կարգավիճակը։ Ինչ վերաբերում է գործարարների հետ հանդիպմանը, ապա դա պատրանք է ստեղծում, որ «բնական հարաբերությունների» հաստատումը նոր հնարավորություններ կբացի։

Թվում է, թե մասամբ դա իսկապես այդպես է. 2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանը ռեկորդային 5,8 մլն դոլարի իր արտադրանքն է արտահանել Հայաստան (75%-ով դա նավթամթերք է), մինչդեռ ամբողջ 2025 թվականի ընթացքում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազար դոլարի ապրանք։

Իսկ Հայաստանից ներմուծումը կազմել է ինչ-որ խորհրդանշական 960 դոլար։ Երևանում ընդգծում են Ադրբեջան փաստացի արտահանման բացակայությունը, իսկ ԶԼՄ-ներում ենթադրություններ են հնչում, որ նշված գումարը կարող էր առաջանալ երկու երկրների ԶԼՄ-ներում լայնորեն լուսաբանված մի քանի փոխայցելությունների ընթացքում «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխանցած» նվերների հաշվին (քաղցրավենիք, թեյ և այլն): Վերջին նման այցը տեղի է ունեցել ապրիլի առաջին տասնօրյակում. հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել Տավուշի մարզի հյուսիսային մասում գտնվող ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով՝ անցնելով հարևան Ղազախի շրջան՝ սահմանագծի հյուսիսային սահմանազատված հատվածով՝ պահպանելով բոլոր անհրաժեշտ ձևականությունները:

Բաքվի ԶԼՄ-ների տվյալներով՝ Հայաստան արտահանումը կազմել է 2026 թվականի առաջին երեք ամիսներին Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի ընդամենը 0,11%-ը, իսկ փոխադարձ առևտրի կառուցվածքում գերակշռում են Կասպից ծովի ափերից նավթամթերքները (դրանք նույնպես գերակշռում էին Հայկական ԽՍՀ-ի հետ ադրբեջանական առևտրային կապերում մինչև 1990 թվականը ներառյալ)։

Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել վերականգնել երկու երկրների միջև տնտեսական կապերը՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը: Անմասն չմնաց նաև Թրամփի վարչակազմը, որը 2025 թվականի ապրիլի 8-ին Վաշինգտոնում կազմակերպեց աղմկահարույց «խաղաղության» գագաթնաժողով, որն ուղեկցվեց խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրմամբ։ Անցած հունվարին Բաքուն և Երևանը փոխանակվել են փոխադարձ առևտրի համար պոտենցիալ ապրանքների ցուցակներով. դրանք մասամբ թարմացվել են փետրվարին: Այդ ժամանակ էլ Աբու Դաբիում Ալիևն ու Փաշինյանը, հիշեցնենք, կողմ էին արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերի զարգացմանը։

Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Երևանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ալյումինե փայլաթիթեղի և դրա արտադրության համար հումքի, ֆերոմոլիբդենի, որոշ քիմիական նյութերի, գյուղատնտեսական կենդանիների, կոնյակի, ծխախոտի, տեքստիլի, վարդերի, եթերայուղերի և այլ ջերմոցային արտադրանքի փոխադարձ մատակարարման շուրջ: Ինչ վերաբերում է երկաթուղով Ադրբեջանի տարածքով գազի մատակարարմանը, ապա դրա համար անհրաժեշտ են «ՀԿԵ-ի հսկայական ներդրումներ», աներկբա ակնարկեց նախարարը:

Դեռևս 2024 թվականին Ալիևը հայտարարել է՝ «արտահանման հնարավորությունների ընդլայնման շրջանակներում Բաքուն թույլ է տալիս Հայաստանի տարածքով անցկացնել էլեկտրահաղորդման գծերից մեկը և գազատարը։ Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանից պոտենցիալ գազ ստացող»։

Վերջինս առավել ևս հնարավոր է, քանի որ 1960-ականների երկրորդ կեսից մինչև 1970-ականների սկիզբը գոյություն ունի ճյուղավորված գազատար ցանց, որը Կասպից ծովի (մեթան, այսինքն՝ բնական, և նավթային, այսինքն՝ պրոպան-բութան) հանքավայրերը մատակարարել է դեռևս Հայկական ԽՍՀ։ Կարո՞ղ է արդյոք նման սխեմա վերարտադրվել այսօր՝ ավելի քան 35 տարի անց, և սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական պայմաններում։ Հաշվի առնելով վերջին ամիսների և տարիների անհանգիստ աշխարհաքաղաքական դինամիկան՝ այս հարցին հաստատապես պատասխանելը դեռ հստակ վաղաժամ է։

Ալեքսեյ Բալիև

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

vpoanalytics.com

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031