Ալիևը հենց այդ նիստում է հայտարարել, որ մենք Հայաստան կգնանք ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով. Երեւանից չի հնչել այդ ելույթի որևէ առարկություն. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճի ընթացքում, բանավեճը վարող գործընկերները մասնակից Էդգար Ղազարյանին ասում էին, որ ինքը հիշեցնում է «Արեւմտյան ադրբեջանի վերադարձի» մասին Իլհամ Ալիեւի՝ տարիներ առաջ արած հայտարարությունները եւ ներկայացնում, թե դրանք կարծես թե նոր են: Տարիներ առաջ են դրանք հնչել, ասում էին նրանք, ակնարկելով, որ ներկայումս հաստատված է խաղաղությունն ու Ալիեւը չի խոսում այդ մասին:
Այստեղ կա՝ կամա, թե ակամա թյուրիմացություն: Իլհամ Ալիեւը «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին խոսել է ոչ թե տարիներ առաջ, այլ՝ ամիսներ առաջ: Ավելի կոնկրետ՝ 2025 թականի նոյեմբերին, երբ Բաքվում մասնակցել է այդ երկրի ԳԱԱ 80-ամյակի միջոցառմանը եւ ունեցել ելույթ:
Ալիեւը իր ելույթում ոչ միայն խոսել է այդ մասին, այլ նաեւ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ է Ադրբեջանի պետական կառույցներին, ոչ պետական կազմակերպություններին եւ գիտական շրջանակներին, որ նրանք ակտիվորեն առաջ մղեն այդ հարցը Ադրբեջանի միջազգային օրակարգում: Կրկնեմ, դա տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերին, այսինքն՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին «կնքած» այսպես կոչված խաղաղությունից հետո, խաղաղության պայմանագիր համարվող տեքստի նախաստորագրումից հետո:
Ավելին, Իլհամ Ալիեւը հենց այդ նիստում է հայտարարել, որ մենք Հայաստան կգնանք ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով:
Երեւանից չի հնչել այդ ելույթի որեւէ առարկություն: Իսկ հարցին նույն Իլհամ Ալիեւը անդրադարձել է նաեւ դրանից որոշակի ժամանակ անց՝ Բաքվում միջազգային համաժողովին հղած ուղերձի շրջանակում:
Այդպիսով, բանավեճը վարող հարգարժան գործընկերնների հայտարարությունը, թե Ալիեւը «վերադարձի» մասին խոսել է տարիներ առաջ, բայց ընդդիմության ներկայացուցիչները տարիներ առաջ նրա խոսքը մինչեւ հիմա ցիտում են, մեղմ ասած այդքան էլ չի համապատասխանում իրականությանը:
Ի դեպ, նույն բանավեճի ընթացքում հերթական անգամ թոյլ տրվեց Պուտին-Փաշինյան ապրիլմեկյան հանդիպմանը ՌԴ նախագահի խոսքի աղավաղում՝ ակնհայտ քարոզչական կամ հակաքարոզչական աղավաղում, հօգուտ գործող իշխանության եւ ընդդեմ՝ ընդդիմադիր ուժերի:
Մասնավորապես, ինչպես մի շարք այլ իշխանական կամ լատենտ իշխանական քարոզչական հարթակներում է նչել, արվեց այսպիսի հարցադրում՝ Պուտինը աջակցություն է հայտնել «ռուսամետ» ուժերի:
Պուտինը չի օգտագործել «ռուսամետ» ձեւակերպումը: Նա օգտագործել է «Ռուսաստանի բարեկամ ուժեր» արտահայտությունը: Սրա տարբերությունը էական է ու առարկայական, եթե հաշվի առնենք առնվազն այն պարզ իրողությունը, որ Հայաստանի քաղաքական դաշտում կան եւ ընտրական պրոցեսին մասնակցում են Ռուսաստանը բացահայտորեն՝ թշնամի համարող ուժեր: Գուցե նրանք իրավացի են, գուցե ճիշտ են ասում, որ Ռուսաստանի Հայաստանի թշնամին է: Բայց, եթե կան այդպիսի ուժեր, ապա շատ տրամաբանական է, որ Ռուսաստանն իր համար արձանագրում է, որ կան նաեւ «բարեկամ ուժեր», որոնք կողմնակից են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերության։
Եվ ավելին, Ռուսաստանի հետ բարեկամության մասին ամենից շատ խոսում է հենց Հայաստանի վարչապետը: Եվ ուրեմն, ըստ վարողների, ստացվում է, որ Հայաստանի վարչապետը «ռուսամե՞տ» է, թե՞ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին ուղիղ աջակցություն հայտնվող եվրոպացի, ամերիկացի, թուրք պաշտոնյաները ուղիղ աջակցում են «ռուսամետ» ուժի: Ինչպես ասում են՝ պետք է կողմնորոշվել, այլ ոչ թե ապակողմոնորոշել հանրությանը:
Կրկնեմ, առավել եւս, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանին ուղիղ հայտարարություններով աջակցող Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Պուտինը ընդամենը ասել է, որ «Ռուսաստանի բարեկամ ուժերին թույլ տրվի մասնակցել ընտրությանը», ինչպես մյուս բոլորն են մասնակցում: Ավելին, Պուտինը նույնիսկ հայտարարել է՝ չնայած ՌԴ անձնագիր ունեցող գործիչներից մեկին բանտարկել եք, բայց դա «ձեր ներքին գործն է», այդուամենայնիվ հնարավորություն տվեք ուժերին մասնակցել ընտրությանը:
Այս խոսքերը ենթարկել ակնառու աղավաղման, նշանակում է մեղմ ասած անհարգալից վերաբերմունք ունենալ փաստերի եւ ունկընդրի հանդեպ: Իհարկե հասկանում եմ նաեւ, որ փաստերի ստուգման հարթակները հակված չեն ստուգել այդ աղավաղումները, որովհետեւ դրանք չեն տեղավորվում այն նարատիվների մեջ, որ առկա են դոնորների մոտ»:



