«Լուսավոր Հայաստան»-ն ընտրվելու դեպքում խոստանում է ամբողջությամբ փոխել դատական համակարգը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի չորրորդ օրը սկսել է Երևանի կենտրոնում՝ Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտից։

Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանել է, թե ինչու է կուսակցությունն իր այսօրվա քարոզարշավը սկսում հենց ԲԴԽ շենքի բակից։

Մարուքյանը քննադատել է Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով, որ այդ մարմինը դատական ամենաբարձր և ամենաանկախ մարմինը պետք է լինի, սակայն վերջին 8 տարվա ընթացքում խոստացված բարեփոխումները չեն իրականացվել։

Նա նաև նշել է, որ ԲԴԽ-ում վերջին 8 տարիների ընթացքում 5 նախագահ է փոխվել, ինչը չի խոսում անկախ մարմին լինելու մասին։

Մարուքյանի խոսքով՝ հասարակությունն այժմ բացասական վերաբերմունք ունի ՀՀ դատական համակարգի նկատմամբ։

«Սիրելի հայրենակիցներ, դուք հունիսի 7-ին հնարավորություն ունեք քվեարկելու մեր օգտին, և մենք ամբողջությամբ կփոխենք այս համակարգը»,-ասել է Մարուքյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ, որը գլխավորում է Էդմոն Մարուքյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031