Ռուս փորձագետը ուշագրավ է համարում նաև այն, որ Ադրբեջանը չընդունեց Երևանի առաջարկը՝ համաձայնագիրը ստորագրել արդեն իսկ համաձայնեցված հարցերի շրջանակում։ «Այս մերժումը Բաքվի կողմից նշանակում էր, որ Բաքվի բոլոր պահանջները կատարված չեն, և Բաքուն այլ ակնկալիքներ ունի։ Չի բացառվում նաև այն, որ Ադրբեջանը չի ցանկանում համաձայնագիր ստորագրել ԱՄՆ միջնորդությամբ։ Հարցերն իսկապես շատ են, որոնք վերաբերում են թե ռեգիոնին, թե աշխարհաքաղաքականությանը, և թե կողմերի դիրքորոշումներին»,- ընդգծեց նա։
Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձային փոփոխությունների, զուգահեռաբար՝ Ադրբեջանի պատերազմական սպառնալիքների ու ՀՀ անվտանգության դեֆիցիտի ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի երևանյան այցից հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց Բրյուսել։
«Տեսնում ենք, որ չնայած ԵՄ դիտորդների աղմկոտ ներկայությանը ՀՀ-ում, սահմանային միջադեպերը չեն դադարել, ԵՄ ազդեցությունն ընդլայնվում է, ներկայությունն ավելանում է, սակայն այն անվտանգային առումով ի՞նչ փոփոխություն է բերում, հայտարարությունը ինչպե՞ս է անդրադառնում ՀՀ անվտանգության վրա։ Մենք պետք է տարբերակենք հայտարարությունները և իրական, հարցեր լուծող քաղաքականությունը»։