Ինչո՞ւ Մեծ Բրիտանիան ավելի շատ կտուժի Իրանի պատերազմից, քան մյուս հարուստ երկրները․ BBC
ԱՄՆ-Իրան պատերազմը հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի, որը սկսվել է Ասիայում և աստիճանաբար սողոսկում է դեպի Եվրոպա: Աղքատ երկրները կրել են ամենամեծ հարվածը, բայց կան «զոհեր նաև հարուստների շրջանում»:
Մեծ Բրիտանիան կլինի առաջինը և ամենաշատը տուժած երկիրը. գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բրիտանիան ամենից շատն է կախված էներգիայի ներմուծումից, քան G7-ի մյուս երկրները, ինչը նշանակում է, որ ցանկացած պակաս անմիջապես ազդում է ներքին գների վրա: Գերմանիան, Ճապոնիան և Ֆրանսիան նույնպես ներմուծողներ են, բայց ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, նրանք ունեն գազի պաշարներ և ժամանակավորապես այն ածուխով փոխարինելու հնարավորություն:
ԱՄՆ-ն և Կանադան լիովին ինքնաբավ են էներգիայի առումով և նույնիսկ արտահանում են իրենց ավելցուկները:
Երկրորդ՝ Մեծ Բրիտանիան մտավ այս ճգնաժամ արդեն իսկ թուլացած նախորդ մի քանի ճգնաժամերից, և իշխանություններին հասանելի հակաճգնաժամային տարբերակներն ավելի սահմանափակ են, քան մյուս հարուստ և զարգացած երկրներինը:
ԱՄՆ-Իրան պատերազմի պատճառով աշխարհի նավթի 10%-ը և գազի մատակարարումների 17%-ը Պարսից ծոցում արգելափակված է ավելի քան երկու ամիս: Նավթի համաշխարհային գները գրեթե կրկնապատկվել են, ինչը հանգեցրել է համաշխարհային գների աճի, բայց ազդեցությունը հատկապես արտահայտվել է Մեծ Բրիտանիայում՝ զարգացած երկրների շարքում: Աճել են ոչ միայն բենզինի և դիզելային վառելիքի գները, այլև դեղամիջոցներինը, իսկ սուպերմարկետները սպառնացել են փոխել գները, եթե պատերազմը շարունակվի։ Աճող գնաճը նշանակում է իրական եկամուտների աճի դադարեցում և խաթարում է սպառողական պահանջարկը։ Այն նաև կասկածի տակ է դնում Անգլիայի բանկի ծրագրերն՝ իջեցնելու վարկային տոկոսադրույքներն՝ արտադրությանն ու սպառմանն աջակցելու համար։ Այս պատճառներով տնտեսագետները միաձայն վերանայել են Մեծ Բրիտանիայի տնտեսական աճի վերաբերյալ իրենց կանխատեսումները։



