Զինվորականի իրավունքի մասին հիշող ԳՇ պետը կրկնում է Փաշինյանի քաղաքական հայտարարությունը. Բուդաղյանը «թղթի վրա՞» է գործում միայն
Փետրվարի 28-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր.
«ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ-ի նկատմամբ իր պարտավորություններն անվտանգային ոլորտում դիմակայելուն, ընդհակառակը՝ անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար, և այդ դիրքորոշումը, ես ուղիղ ասում եմ, որ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը, հետևաբար՝ այս հանգամանքի բերումով ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը: Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. ի՛նչ անենք ուրիշ»:
Այսօր այս միտքն այլ ձևակերպմամբ Եռաբլուրում կրկնել է ԳՇ պետ-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Էդվարդ Ասրյանը:
Նա նախ հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դեռ դուրս չի եկել, բայց թե ՀԱՊԿ-ից դուրս գալն ինչ վտանգներ ունի, ԳՇ պետը հրապարակման ենթակա չի համարել: Այնուհետև պատասխանելով ՌԴ-ի հետ համատեղ «կառուցվածքների» մասին հարցին՝ Ասրյանն ասել է. «Համատեղ կառուցվածքներ կան բանակում, բայց թղթի վրա»:
Այս համատեքստում հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը նշանակվել էր Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար: Այս պաշտոնը թափուր էր մոտ մեկ տարի՝ 2023 թվականի մարտի 14-ից, երբ դրանից ազատել էին գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանին:
Հավելենք, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին ՌԴ կառավարությունը որոշում էր ընդունել, որով ՌԴ նախագահին առաջարկվում էր հայկական կողմի հետ կնքել «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը»։ Ավելի ուշ կողմերն այն ստորագրել էին Մոսկվայում:
Համաձայնագրում, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինները և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններն ամեն տարի պլանավորում են զորքերի (ուժերի) օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ, պատասխանատվություն են կրում պլանների մշակման, ըստ բովանդակության, ներգրավվող զորքերի (ուժերի) կազմի, միջոցառումների անցկացման կարգի և դրանց համաձայնեցման, ինչպես նաև դրանց իրագործման համար»:
Այսինքն, Միացյալ խմբավորման տեղաբաշխման և կիրառման համար որոշումը համատեղ ընդունվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից:
Համաձայնագրի համաձայն՝ Միացյալ հրամանատարությունը կազմավորվում է ագրեսիայի անմիջական սպառնալիքի դեպքում կամ պատերազմի ժամանակ, հանդիսանում է Միացյալ խմբավորման ռազմական կառավարման մարմին և նախատեսված է Միացյալ խմբավորման վրա դրված խնդիրների լուծման կազմակերպման ու ղեկավարման համար, Միացյալ խմբավորման հրամանատարին անմիջականորեն և օպերատիվ կարգով ենթակա զորքերի (ուժերի) կառավարման համար:
Փաստաթղթով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է մի շարք պարտավորություններ, այն է՝
– ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը Ռուսաստանի Դաշնության Լիազորված մարմնի հետ համատեղ սահմանեն Միացյալ խմբավորման կազմը ռազմաքաղաքական իրավիճակի համատեղ վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա` հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը, և զորքերի (ուժերի) կիրառման ընդհանուր մտահղացման հիման վրա,
– ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը Ռուսաստանի Դաշնության Լիազորված մարմնի հետ համատեղ սահմանեն խաղաղ ժամանակ փոխգործակցության կազմակերպման կարգը ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության, միացյալ խմբավորման կիրառման ընդհանուր մտահղացման մշակման, դրա կիրառման համատեղ պլանավորման ժամանակ,
– ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միջև փոխգործակցության կազմակերպման նպատակով ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը նախատեսի օպերատիվ խմբերի ուղարկումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ և Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգի շտաբ և այլն: Այսինքն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը նախատեսված է տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար:
Հիմա այս ամենը փաստորեն թղթի վրա՞ է, այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ մեկ տարի հետո Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար ունենալը ձևական բնույթ է կրում և գործնականում չի կատարվում վերոնշյալ համաձայնագրի պահանջները՝ պարտականությունների և իրավունքների իրացման մասով:
Իսկ ադրբեջանցի պատգամավորներից մեկն այսօր առաջարկել է ռազմական գործողություններ սկսել Տավուշի ուղղությամբ և ուժի միջոցով վերցնել «օկուպացված 8 գյուղերը»:
Հավելենք, որ, այսպես ասած, թղթի վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի նաև ՀՀ-ՌԴ միացյալ ՀՕՊ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։
Իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ից զենքի մատակարարման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան, և արդյոք ճի՞շտ է, որ պատերազմից հետո Ռուսաստանը զենքի մատակարարման իր պարտավորությունները չի կատարում, դարձյալ հիշատակել է գաղտնիության սկզբունքը, երբ անգամ հիշեցրել են, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պարբերաբար անդրադառնում է այդ հարցին և տվյալներ է հայտնում:
«Ես՝ որպես զինվորական մարդ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ես իրավունք չունեմ այս միջավայրում ձեր հարցին պատասխանելու»,- շեշտել է Ասրյանը՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել:
168.am-ը նախքան այս է ուղարկել գրավոր հարցում այս առնչությամբ և սպասում է ՊՆ պատասխանին:
Հետաքրքիր է՝ ԱԽ քարտուղարը, իշխանական պատգամավորները չունե՞ն այս առումով գաղտնիության սահմանափակում:
Օրինակ, մարտի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից հասել է 10 տոկոսից ավելի քիչ թվի, և, որ դա ՌԴ-ի ընտրությունն է եղել: Այնուհետև սկսել է պարզաբանել, թե ինչու են գնացել, այսպես ասած, դիվերսիֆիկացիայի:
Ի դեպ, գաղտնիության մասին հիշող ԳՇ պետին հարկ է հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին՝ սեպտեմբերյան հայտնի մարտերից հետո, Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր Ջերմուկում շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական խմբի մասին:
«Մեկ խումբ՝ կտրված իր ստորաբաժանումներից, գտնվում է բլրի գագաթի վրա: Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ սնունդ, ջուր, լինի հատուկ պատրաստված ստորաբաժանում, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից: Այսինքն, մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա: Չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք, ներկա դրությամբ էլ չկան, իրենք չեն կարողանում ապահովել իրենց սնունդն ու ջուրը: Եվ իր կենսունակությունը կորցնելով, խումբը հետ կքաշվի և կմիանա Ջերմուկի մատույցներից առավել մեծ հեռավորության վրա գտնվող իրենց ստորաբաժանումներին: Հակառակորդի մեկ խումբը 10-12 զինծառայող է, ոչ ավելի»,- նշել էր նա՝ վստահեցնելով, որ իրադրությունը ՀՀ ԶՈՒ հսկողության տակ է:
Եվ հետո երկար ժամանակ ԳՇ պետը չէր կարողանում իր ասածի «տակից» դուրս գալ և ասել՝ ի՞նչ եղավ շրջափակման մեջ եղած ադրբեջանական խմբի հետ: Եվ միայն մոտ մեկ ամիս հետո Ասրյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե իբր փոխհրաձգության հետևանքով նրանք հետ են քաշվել:
Ինչ վերաբերում է զինվորականի իրավունքին, հիշեցնենք, որ դարձյալ սեպտեմբերյան մարտերի համատեքստում ԳՇ պետի այն ժամանակվա տեղակալ Առաքել Մարտիկյանը Վարդենիսում ակնարկել էր, որ իրենց հրամայված է պահել Փաշինյանի խոստացած 29.800 քառակուսի կմ ՀՀ տարածքը, ինչի մասին 168.am-ը գրել էր։
«Վերջին հաշվով մենք ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում: Զինված ուժերի պարտականությունն է՝ կատարել վերադասի հրամանը: Ամեն ինչ անելու ենք, որ դրան հասնենք: Լսել եք բոլորդ, թե Հայաստանի Հանրապետության տարածքը որքան է, այդքանն էլ պիտի ապահովենք»,- հայտարարել էր Մարտիկյանը, ում հետո զորացրեցին:
Թե վերադաս ասելով՝ ԳՇ պետի տեղակալն ում նկատի ուներ, չէր կոնկրետացվել՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, վերջինը միայն պատերազմի ժամանակ է համարվում ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատար:
Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը չի խոսում 29.800 քկմ-ի մասին, և հիմա, ըստ էության, այլ պահանջներ և խնդիրներ են դրվել բանակի առջև՝ դրանք բաժանելով լեգիտիմի և ոչ լեգիտիմի, ինչո՞ւ չէ՝ թղթի վրա թողնել հայ-ռուսական պայմանագրային պարտավորությունները և իրավունքները՝ դրանք փոխարինելով եռակողմ և քառակողմ այլ պայմանավորվածություններով՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս-Ֆրանսիա: