«Եթե Ջերմուկի հատվածում շրջափակման մեջ գտնվող հակառակորդի խմբին սնուցում չլինի, մի քանի օրվա ընթացքում ռեսուրսները կսպառվեն, և նա հետ կքաշվի». ԳՇ պետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք:

Օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպում-բրիֆինգի ժամանակ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը Ջերմուկի հատվածում մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, և, որ այդ մխրճումներն իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ խմբերով, ջոկատներով:

Այնուհետ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը տեղեկացրել է, որ ադրբեջանական որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, ավելին՝ շրջափակման մեջ:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Էդվարդ Ասրյանը մանրամասներ է հայտնել շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական խմբի մասին:

«Մեկ խումբ՝ կտրված իր ստորաբաժանումներից, գտնվում է բլրի գագաթի վրա: Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ սնունդ, ջուր, լինի հատուկ պատրաստված ստորաբաժանում, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից: Այսինքն, մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա: Չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաներ շարժ դեպի մեր տարածք, ներկա դրությամբ էլ չկան, իրենք չեն կարողանում ապահովել իրենց սնունդն ու ջուրը: Եվ իր կենսունակությունը կորցնելով, խումբը հետ կքաշվի և կմիանա Ջերմուկի մատույցներից առավել մեծ հեռավորության վրա գտնվող իրենց ստորաբաժանումներին: Հակառակորդի մեկ խումբը 10-12 զինծառայող է, ոչ ավելի»,- նշել է գեներալ Ասրյանը՝ վստահեցնելով, որ իրադրությունը ՀՀ ԶՈՒ հսկողության տակ է:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ ադրբեջանական ուժերը մոտակա օրերին կփորձեն ավելի առաջ գնալ, ԳՇ պետը վստահեցրեց՝ ոչ:

«Մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցրած իրենց դիրքերը, հենակետերը, և ադրբեջանական ուժերը ոչ մի քայլ այդ մխրճման գագաթից մեր ուղղությամբ չեն շարժվել: Մեր ուժերը բավական են, և այս ուղղությամբ մենք հակառակորդին կորուստներ հասցնելով հետ կշպրտենք, եթե փորձեն հարձակողական գործողություններ սկսել»,- շեշտեց Էդվարդ Ասրյանը:

Այս համատեքստում նա հարկ համարեց ընդգծել, որ մենք չունենք Ջերմուկում կորած վաշտ, նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

«Չկա այդպիսի բան, մեր ստորաբաժանումները բոլորը գտնվում են իրենց խնդիրների կատարման շրջաններում: Մենք չունենք կորած ամբողջական ստորաբաժանում՝ լինի դա դասակ, վաշտ, ջոկ: Մենք մեր բոլոր ստորաբաժանումների մարտական խնդիրների կատարման շրջանները գիտենք, իհարկե, ունենք անհատ զինծառայողներ, որոնց կարգավիճակը որոշված չէ՝ զոհվա՞ծ են, թե՞ կենդանի՝ վիրավոր վիճակում: Հակառակորդի մխրճման արդյունքում նաև նման պայմաններ են ստեղծվում»,- եզրափակեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը:

Տեսանյութեր

Լրահոս