Ադրբեջանում հիշել են Սերժ Սարգսյանի օրոք ստորագրված ՀՀ-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգի մասին համաձայնագիրը. «Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրները պաշտպանելու էին ՀՀ երկինքը»
Նոյեմբերի 23-ին Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ քննարկման օրակարգում լինելու է նաև ՀՕՊ միասնական համակարգի ձևավորման հարցը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել այս գագաթնաժողովին, ավելին՝ ՀԱՊԿ միջոցառումներին չեն մասնակցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարար Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Իսկ ՀԱՊԿ գագաթնաժողովից օրեր անց «Ռոսիա-1» հեռուստաալիքով «Մոսկվա. Կրեմլ. Պուտինը» հաղորդման ընթացքում հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ ՀԱՊԿ երկրների միացյալ ՀՕՊ համակարգը փաստացի ստեղծված է:
«Մենք ունենք համաձայնագրեր, ունենք հակաօդային պաշտպանության համակարգեր պետություններից յուրաքանչյուրի հետ։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ղազախստանի, և՛ Ղրղըզստանի, և՛ Տաջիկստանի, բնականաբար, և՛ Բելառուսի հետ»,- շեշտել էր նա:
Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում նախատեսված է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը և 16-րդ լիագումար նիստը, որի շրջանակում դարձյալ անդրադարձ է կատարվելու հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշմանը, իսկ Հայաստանը դարձյալ բացակա է լինելու այդ քննարկմանը:
Եվ մինչ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» հոդվածագիրն իր անհամաձայնությունն էր հայտնել, որ փաշինյանական Հայաստանը բնավ էլ «պատմական կրախի» առաջ չի, որովհետև 2022 թվականի մայիսի 25-ին Հայաստանի առաջին արբանյակը՝ «ArmSat-1»-ն է տիեզերք արձակվել (հետաքրքիր է, որ չեն հիշել հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի մասին), ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր նախկին իշխանությունների օրոք ստորագրված Հայաստան-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագրին՝ ՀԱՊԿ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման քննարկումների համատեքստում:
«Այստեղ հարկ է հիշեցնել, որ Հայաստանի և ՌԴ-ի միջև ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից մոտ 3 ամիս առաջ: Սա նշանակում էր, որ Ռուսաստանի ՀՕՊ միջոցները, այդ թվում՝ Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրները պաշտպանելու են նաև Հայաստանի երկինքը, իսկ Հայաստանն իր ՀՕՊ միջոցները պետք է ինտեգրեր ռուսական համակարգին»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցը, որը նաև հիշեցրել է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դեմ էր այս համաձայնագրին, որովհետև, ըստ նրա, սա սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը:
Իր հերթին՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահեցրել էր, որ Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգը չի նշանակում ազգային ՀՕՊ համակարգի վերացում։
«Հայաստանի ՀՕՊ ուժերի հրամանատարը լինելու է Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ պետը, և հրամանները ինքն է արձակելու։ Այսինքն՝ սա ոչ թե ազգային համակարգի վերացում է և մեկ ընդհանրականի ստեղծում, այլ ջանքերի համատեղում։ Եվ սա շատ նորմալ է։ Այսինքն, մեր հակաօդային պաշտպանությունն իրականացնելու ենք մենք՝ մեր գործընկերների աջակցությամբ, այնպես, ինչպես մեր գործընկերներն իրենց ՀՕՊ խնդիրներն իրականացնելու են իրենց ուժերով, անհրաժեշտության դեպքում՝ մեր օժանդակությամբ»,- ընդգծել էր Սերժ Սարգսյանը։
Հավելենք, որ ՀՀ-ՌԴ միացյալ ՀՕՊ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրում, մասնավորապես, նշված է.
«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) ու հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը:
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը:
Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»:
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցն իր վերլուծականում նաև արձանագրել է, որ Հայաստանը ներկա պահին չի մասնակցում ՀԱՊԿ գործունեությանը, բայց նաև չի պատրաստվում դեռ լքել ռազմական դաշինքը, թեպետ փորձում է Արևմուտքի հետ այլընտրանքային անվտանգային համակարգ ունենալ: Խոսքը, մասնավորապես, ֆրանսիական ՀՕՊ միջոցների ձեռքբերման մասին է: Ադրբեջանցի հոդվածագրի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս են ֆրանսիական ՀՕՊ համալիրներն ինտեգրվելու հայ-ռուսական ՀՕՊ միացյալ համակարգին, որը, ըստ հոդվածագրի, կարելի է ասել, որ չի գործում: Մյուս կողմից, ըստ լրատվամիջոցի, Հայաստանը չի կարողացել ստեղծել նոր համակարգ, դրա համար էլ չի գնում ռիսկի և վերջնականապես հրաժարվում ՀԱՊԿ-ից, թեպետ, ըստ ադրբեջանական վերլուծաբանի, մոտ երեք տարի է, կարելի է ասել, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցություն գոյություն չունի: Սրանք հարցեր են, որոնք մանրամասն մասնագիտական վերլուծություն են պահանջում, այսինքն՝ առանձին քննարկման թեմաներ են:
Այս համատեքստում հավելենք, որ 2023 թվականի մարտի 14-ից ՀՀ-ն չունի հայ-ռուսական միացյալ զորքերի հրամանատար այն բանից հետո, երբ այս պաշտոնից ազատվել էր Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը:
168.am-ը գրել էր, որ գեներալին ազատելուց առաջ՝ մարտի 14-ին, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն:
«Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այդ փաստերը կտեսնեք»,- շեշտել էր Փաշինյանը:
Մենք այդ ժամանակ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների՝ ռուսական անվտանգային գոտուց դուրս գալու փորձերը, հնարավոր էինք համարել, որ Նիկոլ Փաշինյանը որոշի՝ այս պաշտոնը՝ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի, պետք է վերացնել: Այսօր այն գուցե դե յուրե վերացված չէ, բայց մոտ 9 ամիս է՝ այս պաշտոնը թափուր է:
Նշենք, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին ՌԴ կառավարությունը որոշում էր ընդունել, որով ՌԴ նախագահին առաջարկվում էր հայկական կողմի հետ կնքել «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը»։ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=111988
Ավելի ուշ կողմերն այն ստորագրեցին Մոսկվայում: Համաձայնագրում, մասնավորապես, նշվում է.
«Միացյալ հրամանատարությունը կազմավորվում է ագրեսիայի անմիջական սպառնալիքի դեպքում կամ պատերազմի ժամանակ, հանդիսանում է Միացյալ խմբավորման ռազմական կառավարման մարմին և նախատեսված է Միացյալ խմբավորման վրա դրված խնդիրների լուծման կազմակերպման ու ղեկավարման համար, Միացյալ խմբավորման հրամանատարին անմիջականորեն և օպերատիվ կարգով ենթակա զորքերի (ուժերի) կառավարման համար,
– Միացյալ խմբավորման կիրառման համար որոշումների ընդունումն իրականացվում է ռազմական անվտանգության ապահովման նպատակներով,
– Միացյալ խմբավորման տեղաբաշխման և կիրառման համար որոշումը համատեղ ընդունվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից,
– Միացյալ խմբավորման տեղաբաշխման և կիրառման համար որոշումների ընդունման մեխանիզմը նախատեսում է Կողմերի պետական և ռազմական կառավարման մարմինների գործունեության և փոխգործակցության հետևողականություն,
– Լիազորված մարմինները Կողմերի գործադիր իշխանության շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակում և սահմանված կարգով ուսումնասիրման համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին են ներկայացնում Միացյալ խմբավորման կիրառման և տեղաբաշխման մասին համատեղ որոշման նախագիծը»:
Համաձայնագիրը սահմանում է նաև ՀՀ պարտավորությունները:
Թե ինչո՞ւ այս կարևոր երկկողմ համաձայնագրերը չեն գործում, Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի նաև, և հստակ քայլեր ձեռնարկի գործնականում դրանց կատարման ուղղությամբ, ոչ այնպես, ինչպես անում է: Բնականաբար, Ռուսաստանն իր բավականին մեծ մեղքի բաժինն ունի, բայց քաղաքականությունը սառը հաշվարկ է պահանջում, ինչից շատ հեռու է Նիկոլ Փաշինյանը։ Նա մոտ է միայն սեփական իշխանությունը պահելը հաշվարկելու հարցում, ինչին ծառայեցնում է նաև իր կուսակից նախարարների լիազորությունները: Այսօր Նիկոլ Փաշինյանը նախարարներին դարձրել է «Խաղաղության խաչմերուկի» բուկլետ բաժանող: