«Եթե այդքան բանը պետք է լիներ, էդքան կոտորածն ինչի՞ արեց. Ավելի լավ է՝ իրեն փոխեն». Հարցում

«Սաղին սրբել-հանել է պետք», «ավելի լավ է՝ իրեն փոխեն», «Նիկոլի անունը մի տուր»՝ 168.am-ի հետ զրույցում քաղաքացիներն այսպես են արձագանքում Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին հայտարարություններին:

Հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին: Այս հայտարարությունը քննադատվեց հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների կողմից՝ արձանագրությամբ, որ Փաշինյանի հայտարարությունն ունի հեռահար նպատակներ, որոնք չեն բխում ՀՀ շահերից:

Ավելի ուշ հարցազրույցներից մեկում նա հստակեցրել էր. «Եթե էդ կարմիր շորը մենք փոխենք, հրաժարվենք, դնենք արխիվի մեջ, ոչ թե արխիվ, փաթեթավորենք՝ որպես մասունք, որպես շատ հարազատ և սրբազան մի բան, բայց այլևս իրեն շրջանառությունից, կիրառությունից հանենք, իրեն ընկալենք՝ որպես մեր պատմության, մեր անցյալի մի մաս, և զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան, որում մենք պատրաստվում ենք գործել»:

168.am-ն այս հայտարարությունների վերաբերյալ լսել է քաղաքացիների տեսակետը:

Կարդացեք նաև

«Ես այս Սահմանադրությունից այդքան էլ գոհ չէի, բայց փոխել Սահմանադրությո՞ւնը. այսինքն՝ անել այն, ինչ պահանջում է Ալիևը: Կարծես Ալիևի կամակատարն է դարձել,- նշեց մեր համաքաղաքացիներից մեկը՝ ահազանգելով,- Ինձ թվում է՝ժողովուրդը պետք է գիտակցի, ոտքի կանգնի, այլապես նրանք անում են այն, ինչ ուզում են»:

Վտանգների մասին բարձրաձայնեց նաև մեկ այլ քաղաքացի՝ արձանագրելով.

«Եթե այդքան բանը պետք է լիներ, էդքան կոտորածն ինչի՞արեց՝ տարավ խալխի երեխեքի գլուխը կերավ: Ավելի լավ է՝ իրեն փոխեն»:

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցն էլ ցավով նշեց, որ Արցախի կորստից հետո կանգնած են առհասարակ հայրենիքը կորցնելու վտանգի առաջ:

Ի դեպ, թեմային անդրադարձել էր նաև «Գելափ» միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակը՝ հարցումներ իրականացնելով ՀՀ 1101 քաղաքացիների շրջանում:

«Ըստ Ձեզ՝ արդյոք անհրաժե՞շտ է փոփոխություններ կատարել կամ լիովին նոր սահմանադրություն ընդունել ՀՀ համար» հարցմանն ի պատասխան՝ մեր հայրենակիցների 38.1 տոկոսը նշել էր՝ «Մեր Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ», 34.2 տոկոսի կարծիքով էլ՝ ՀՀ գործող Սահմանադրության մեջ պետք է միայն որոշ դրույթներ փոխել:

Այսինքն՝ հարցվածների 72.3 տոկոսը Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին կողմ չէ:

2020-ի պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանի նախագահն էլ թուրքական «Անադոլու»-ին տված հարցազրույցում հրապարակավ ասել էր, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, քանի որ այն Թուրքիայից տարածքային պահանջներ է պարունակում: Նմանատիպ հայտարարություններ Ալիևը հնչեցրել էր նաև վերջերս:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս