«Գիտեմ՝ ինչ եմ արել ու ինչի համար եմ արել». Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած Նարինե Ասատրյան
Նախորդ տարի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վայոց ձորի մարզ, Բերձորից տեղահանված բազմազավակ մայր Նարինե Ասատրյանը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց էր նետել՝ այդպիսով իր բողոքն արտահայտել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ: Քաղաքականություն, որի արդյունքում Ադրբեջանը նախ օկուպացրեց Արցախի մի հատվածը, ապա շուրջ 10 ամիս շրջափակման մեջ պահելով հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածը, ի վերջո, դա էլ հայաթափվեց:
Իսկ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպից հետո Նարինե Ասատրյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում 2-5 տարի: Նախաքննության ավարտից հետո քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։
168.am-ի հետ զրույցում Նարինե Ասատրյանն ասաց, որ փաստաբանն արձակուրդում է եղել, այդ պատճառով դատական նիստը երկու անգամ հետաձգվել է, հաջորդ նիստը նախատեսված է փետրվարի 6-ին։
«Իհարկե, այն ամենը, ինչ արել եմ՝ չեմ փոշմանել, ես ամեն ինչի պատրաստ եմ։ Ինքս հանգիստ ու համբերատար բնավորություն ունեմ, բայց եթե հարցը վերաբերում է իմ հայրենիքին, ինձանից չար մարդ չի լինում, այո, ինչ ասել եմ, իմ խոսքի տերն եմ»,- նշեց Նարինե Ասատրյանը։
Նա վստահ է, եթե բոլորն իրենց դժգոհությունն արտահայտեին այն քաղաքականության դեմ, որը վարում էր օրվա իշխանությունը, ապա Արցախն այսօր ամբողջովին Ադրբեջանի կողմից չէր օկուպացվի։
«Ես, մեր Բերձորից սկսած, մինչև հիմա պայքարում եմ։ Երբ Բերձորը պիտի հանձնեին թշնամուն, Վիտալի Բալասանյանը եկել էր այնտեղ, նույն բախտին էլ ինքն է արժանացել՝ ուղղակի ռուսները դեմս կտրեցին։ Ես մտածելու որևէ բան չունեմ, իրենք թող մտածեն»,- նշեց մեր զրուցակիցը։
Տիկին Նարինեն պատրաստ է վաղն էլ գնալ Արցախ, բայց ոչ՝ Ադրբեջանի դրոշի տակ ապրելու։
«Ես ամբողջ կյանքս հայկական անձնագրով եմ ապրել, ազատ Արցախում, հիմա պիտի գնամ Ադրբեջանի դրոշի տա՞կ ապրեմ, իհարկե ոչ։ Ես ոչ թե իրենցից վախենում եմ, չէ, ուղղակի ես հայ եմ, ու չպիտի իմ հողում օտարի դրոշի տակ ապրեմ, իմ տեսակի մարդը չի կարող»,- շեշտեց տիկին Նարինեն։
Ինչ վերաբերում է դատարանից ունեցած ակնկալիքներին, Նարինե Ասատրյանն ասաց, որ պիտի սպասեն, հասկանալու համար՝ ինչ է որոշելու։
«Ես բոլորին ասել եմ, որ այդ գործին չխառնվեն, ասել եմ՝ ես գիտեմ՝ ինչ եմ արել ու ինչի համար եմ արել։
Ես հիմա ապրում եմ Վայոց ձորում, ես հույս չունեմ, որ այստեղ ապրելու ենք, որովհետև եթե այսպես շարունակվի՝ Վայոց ձորն էլ ենք կորցնելու։
Ես պետության աջակցության որևէ ծրագրից չեմ օգտվում, որևէ օգնություն չեմ էլ ակնկալում, ճիշտ է, ամեն ինչ կորցրել եմ, բայց ես իրենց օգնության կարիքը չունեմ։ Նույնիսկ այդ դեպքից հետո, կարծեմ՝ կառավարության միասնական ծառայությունից եկել էին այստեղ, ինձ աջակցություն առաջարկեցին, հենց լսեցի՝ իրենք որտեղից են եկել, անմիջապես ասեցի՝ դուրս եկեք ու գնացեք այստեղից։
Ամեն ինչ եմ կորցրել, բայց ես սովոր չեմ բողոքել, նորմալ է ամեն բան»,- եզրափակեց Նարինե Ասատրյանը։
Հիշեցնենք, որ Նարինե Ասատրյանը 44-օրյա պատերազմից հետո երեխաների հետ եկել էր Հայաստան: Պատերազմից հետո վերադարձել էր Արցախ՝ Քաշաթաղում մշտական իր տանն ապրելու նպատակով, սակայն 2022 թվականի օգոստոսին, երբ Հայաստանի իշխանությունները հանձնեցին Բերձորը, Նարինե Ասատրյանի ընտանիքը պարտադրված տեղահանվեց և տեղափոխվեց Հայաստան՝ Մալիշկա բնակավայր։ Նա Բերձորի վերջին բնակիչներից էր, որ թողել էր իր տունը։