«Ալբերտ Առստամյանը չի զղջում. ցուցմունքում ասել է՝ Փաշինյանի հանդեպ ատելությամբ է լցվել՝ Արցախը հանձնելու համար». Ռոման Երիցյան
Օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Երևանի Զեյթուն թաղամաս, բնակիչներից մեկը՝ 71-ամյա Ալբերտ Առուստամյանը, խնձոր էր նետել նրա ուղղությամբ, բայց ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ նրա հետ եղած անձանցից մեկը չի տուժել։
Հետո պարզվել էր, որ 71-ամյա Ալբերտ Առստամյանն Արցախից է, ունի երկրորդ կարգի հաշմանդամություն։ Նրան անմիջապես ձերբակալել էին, իսկ հաջորդ օրը տեղափոխել ձերբակալվածների պահման վայր, այնուհետև խուզարկել նրա բնակարանը, որպեսզի գտնեին Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետված խնձորի նմանությամբ խնձոր։
Այս բոլոր գործողություններից հետո Ալբերտ Առստամյանին բաց էին թողել՝ խափանման միջոցն ընտրելով բացակայելու արգելքը, առաջադրելով մեղադրանք
ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախատեսված արարք կատարելու համար։
Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ մեղսագրված արարքի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևյալ պատիժները՝ տուգանք՝ առավելագույնը 1.500.000 դրամի չափով, կամ հանրային աշխատանք՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով։
168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ այս գործի հետ կապված որևէ նորություն չկա, խուլիգանության համար մեղադրանք է առաջադրվել և վստահ է, որ հենց այդ հոդվածով էլ գործը կգնա դատարան։
«Ալբերտ Առստամյանը ցուցմունք է տվել, բացատրել այդ կերպ վարվելու շարժառիթը։ Նա ասել է, որ հեռուստացույցով տեսել է, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից հետո գնացել խաշլամա է ուտում, ինքն էլ նրա հանդեպ ատելությամբ է լցված՝ հաշվի առնելով Արցախը հանձնելու հանգամանքը։ Դուրս է եկել ծխելու ու հենց այդ պահին տեսել է, որ Նիկոլ Փաշինյանն իր պահակախմբի հետ կանգնած է իրենց փողոցում, վերցրել է խնձորը և նետել նրա ուղղությամբ»,- հավելեց փաստաբանը։
Ռոման Երիցյանի խոսքով՝ Ալբերտ Առստամյանն իր արարքի համար չի զղջում։
«Ներքևում կանգնած Նիկոլ Փաշինյանն ու իր պահակախումբը կարծել են, որ դա ոչ թե խնձոր է, այլ նռնակ, բոլորը պառկել են գետնին։ Խնձորը որևէ մեկին չի կպել, ի՞նչ վնաս պետք է պատճառեր խնձորը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ի դեպ, առաջին անգամ չէ, երբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այս կերպ են արտահայտում իրենց ցասումը Նիկոլ Փաշինյանի հանդեպ։
2023 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վայոց ձոր, Արցախի Բերձորի շրջանից բռնի տեղահանված բազմազավակ մայր Նարինե Ասատրյանն անձրևանոց էր նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը նրա վարած քաղաքականության դեմ։ Նարինե Ասատրյանին ևս մեղադրանք էր առաջադրվել։
Նարինե Ասատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Նարինե Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։
Նարինե Ասատրյանին պարտավորեցվել է՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի որոշման՝ թույլ չտալ լքել ՀՀ տարածքը, բնակության վայրը փոխելու դեպքում՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:
Նարինե Ասատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ Նարինե Ասատրյանի` ՀՀ պետական սահմանի հատման արգելափակումը վերացնել։
168.am-ի հետ զրույցում Նարինե Ասատրյանն ասել էր, որ իր արարքի համար չի զղջում։