Երբեք չեմ փոշմանի, դեռ քիչ եմ արել. հանցագործության մասին տեղեկատվություն եմ իրենց տվել, բայց իրենք ոչինչ չեն արել. Նարինե Ասատրյան

Նախորդ տարի Վայոց ձորում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ՝ Նարինե Ասատրյանի վերաբերյալ դատարանը մոտ երկու ամիս առաջ է վճիռ  կայացրել։

Ըստ այդմ, Նարինե  Ասատրյանը մեղավոր  է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու  համար, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Նարինե Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։
Նարինե Ասատրյանին պարտավորեցվել է՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի որոշման՝ թույլ չտալ լքել ՀՀ տարածքը, բնակության վայրը փոխելու դեպքում՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:
Նարինե Ասատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ Նարինե Ասատրյանի` ՀՀ պետական սահմանի հատման արգելափակումը վերացնել։

168.amի հետ զրույցում Նարինե Ասատրյանն ասաց՝ դատարանն ինչ որոշում կայացրել է, հօգուտ Նիկոլ Փաշինյանի է եղել։

Կարդացեք նաև

«Ես ինչ պատմել եմ, նույնիսկ իմ պատմածների մեջ չկա Նիկոլ Փաշինյանի անունը, նրա անունը հանել են։ Ես իրենց հանցագործության մասին տեղեկատվություն եմ տվել, ասել եմ, որ ադրբեջանցիներն ասում են՝ Նիկոլ Փաշինյանը բռնաբարել է ձեր բանակը, նրանք ինձ են ուղարկել մեր տղաների մորթված նկարները։ Սրանից ավելին էլ ի՞նչ պետք է ասեի, որ իրենք ուշադրություն դարձնեին»,- նշեց Նարինե Ասատրյանը։

Նրա գնահատմամբ, դատարանի նման որոշումն իրեն լռեցնելու, չեզոքացնելու համար է արվել։

«Ես նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ չեմ փոշմանել իմ արարքի համար։ Այո, ես անձրևանոցն անհայտ ուղղությամբ չեմ ուղարկել, հենց իր ուղղությամբ եմ ուղարկել, երբեք չեմ փոշմանի, շատ լավ եմ արել, քիչ եմ արել։

Նիկոլ Փաշինյանը թուրք է, ոչ թե թշնամի, այլ բան չեմ կարող ասել»,- եզրափակեց Նարինե Ասատրյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վայոց ձորի մարզ, Բերձորից տեղահանված բազմազավակ մայր Նարինե Ասատրյանը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց էր նետել՝ այդպիսով իր բողոքն արտահայտել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ:  Քաղաքականություն, որի արդյունքում Ադրբեջանը նախ օկուպացրեց Արցախի մի հատվածը,  ապա շուրջ 10  ամիս շրջափակման մեջ  պահելով հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածը, ի վերջո, դա էլ հայաթափվեց՝ արցախահայերին ենթարկելով էթնիկ զտման ու բռնի տեղահանության։

Հիշեցնենք նաև, որ Նարինե Ասատրյանը 44-օրյա պատերազմից հետո երեխաների հետ եկել էր Հայաստան: Պատերազմից հետո վերադարձել էր Արցախ՝ Քաշաթաղում մշտական իր տանն ապրելու նպատակով, սակայն 2022 թվականի օգոստոսին, երբ Հայաստանի իշխանությունները հանձնեցին Բերձորը, Նարինե Ասատրյանի ընտանիքը պարտադրված տեղահանվեց և տեղափոխվեց Հայաստան՝ Մալիշկա բնակավայր։ Նա Բերձորի վերջին բնակիչներից էր, որ թողել էր իր տունը։

Տեսանյութեր

Լրահոս