Ինչ պայմաններում են Հայաստանում պահվել ադրբեջանցի կալանավորներ Բաբիրովն ու Ախունդովը. Sputnik Արմենիա

Ախունդովն ու Բաբիրովը Հայաստանում դատապարտվել են սպանության և սահմանն ապօրինի հատելու համար։

Ադրբեջանցի կալանավորված զինծառայողներ Ագշին Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովը Ֆիզիկական և հոգեբանական որևէ ճնշման չեն ենթարկվել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին ասել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Ախունդովն ու Բաբիրովը Հայաստանում դատապարտվել են սպանության և սահմանն ապօրինի հատելու համար։ Նրանց վերադարձից հետո ադրբեջանական մամուլում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ նրանց հարազատները հայտարարում էին, թե իբր Հայաստանում Ախունդովին և Բաբիրովին բռնության և հոգեբանական ճնշման են ենթարկել։

Կալանավորված Ագշին Բաբիրովը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել է 2023 թվականի ապրիլի 13-ին, Հուսեյն Ախունդովը՝ 2023 թվականի ապրիլի 15-ին։ ՀՀ արդարադատության նախարարությունից նշում են, որ ադրբեջանցի կալանավորվածներին այցելել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները, բացի այդ 8 այց են ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները (19.04.2023, 13.06.2023, 20.07.2023, 07.08.2023, 11.09.2023, 19.10.2023, 20.10.2023, 23.11.2023)։

«Ագշին Բաբիրովը և Հուսեյն Ախունդովը պահվել են խցային պայմաններում, կենցաղային խնդիրներ չեն ունեցել, խցերն ապահովված են գույքով և մշտական խմելու ջրով։ Կալանավորված անձանց տրամադրվել է սնունդ, հագուստ, կենցաղային և անկողնային պարագաներ, դեղորայք։ Մեկ կալանավորված անձի սննդի օրական ծախսը կազմում է 1550 դրամ»,- նշված է հարցման պատասխանում։

ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում նրանց պարբերաբար այցելել են հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների խմբի աշխատակիցները, նաև բժիշկը։ Ախունդովն ու Բաբիրովն օգտվել են հասանելի ամենօրյա զբոսանքից, գրադարանից։ ԿԽՄԿ-ն տրամադրել է ադրբեջաներեն լեզվով գրականություն, կալանավորվածների համար ապահովվել են նաև թարգմանչի ծառայություններ՝ ադրբեջաներենից հայերեն և հայերենից ադրբեջաներեն։ Ընդգծվում է, որ նրանք օգտվել են թարգմանչի ծառայություններից։

Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովն ու Աղշին Բաբիրովը ՀՀ սահմանը հատել էին Նախիջևանի կողմից և Հայաստանի տարածքում հայտնվել այս տարվա ապրիլին: Ախունդովը ապրիլի 12-ին Կապան համայնքի Շղարշիկ գյուղի մոտ սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին:

Հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցին սպանելու մեջ մեղադրվող Հուսեյն Ախունդովին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

Ավելի ուշ ՀՀ տարածք ներխուժած և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվեց` նա ցմահ ազատազրկման դատապարտվեց։

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
Ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։

Տեսանյութեր

Լրահոս