Մեզնից ուզում են սարքել անասունների հասարակություն. ժողովուրդը մերժում է պետությունը. մեզ պետք է բոլոր ազգային, կարող ուժերին համախմբող մոդերատոր. Վահե Հովհաննիսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Կա Ադրբեջան, որի ղեկավարությունն ունի ստրատեգիական մտածողություն ու ստրատեգիական նպատակներ, որը գիտի՝ 5-10-15 տարվա կտրվածքով ինչ է ուզում, և կա Հայաստան, որի իշխանությունները նույնիսկ 5-շաբաթյա կտրվածքով չգիտեն՝ իրենք ինչ են ուզում։ Ցավոք, Հայաստանը դարձրել են մի պետություն, որը ոչ մի բանի մասին է։

  • Աննորմալ վիճակ է․ մենք ահռելի, կատաստրոֆիկ կորուստներ ենք տվել, բայց Նիկոլը դեռ իշխանության է։ Ինձ թվում է՝ ինքն էլ է դրանից զարմացած։ Մենք կապիտուլացված ժողովուրդ ենք, բայց կապիտուլացվել ենք ոչ թե թշնամու առաջ, այլ Նիկոլի։ Խնդիրն ինքը չէ, խնդիրը արդեն մենք ենք, որ այս ամենը հանդուրժում ենք:
  • Մենք անընդհատ կռվում ենք ներկայի ու անցյալի հետ ու այդ ընթացքում անխնա մսխում ենք մեր ապագան։
  • Ասենք թե՝ հրապարակեցին «Խաղաղության պայմանագրի» տեքստը, ի՞նչ է լինելու… Ոչինչ, բոլորը կարդալու են ու գնան իրենց տները։ Փաստն այն է, որ հասարակությունը հանգիստ է ու անտարբեր։
  • Աշխարհը շատ արագ է փոխվում, ու մենք իսկապես ունենք ապագա կերտելու հնարավորություններ, բայց, ցավոք, մենք այդ «մենքը» չենք ձևակերպում։
  • Բոլորը՝ ռուսները, Արևմուտքը, միջնորդ երկրները, նույնիսկ Ալիևը, ասում են՝ Արցախի հարց գոյություն ունի, հարցը փակված չէ, բաց է, բացի ՀՀ իշխանություններից։ Միայն ՀՀ իշխանություններն են ասում՝ մեզ համար Արցախի հարցը փակ է, որովհետև իշխանությունը միայն իր իշխանության մասին է խոսում։ 
  • Մի հանգիստ օրը սահմանին այս իշխանության համար նշանակում է մեկ օր ավել հանգիստ օր «դաչայում»։
  • Այս Խորհրդարանն իր գոյության մեջ ամենաողբերգական Խորհրդարանն է։ Սա այն Խորհրդարանն է, որն Արցախի հրեշավոր 9-ամսյա շրջափակման պայմաններում հանգիստ աշխատում էր։ Սա այն Խորհրդարանն է, որ Արցախի կորստից մեկ շաբաթ հետո հանգիստ աշխատում էր։ Աննորմալություն է, որ կա այս Խորհրդարանը, ու կա այս իշխանությունը։
  • Ենթադրենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինում, ի՞նչ է լինում մեր կյանքում։ Զուտ քաղաքագիտորեն բոլոր նորմալ երկրներում ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, զուտ, որպեսզի առնվազն իշխանության գա։
  • Հասել ենք մի վիճակի, որ մեր ժողովուրդը մերժում է պետությունը, ոչ թե իշխանությանը, այլ պետությունը։
  • Ցանկացած պետություն պատերազմից հետո առաջ է գնում այն դեպքում, երբ ձևավորում է նոր էլիտա, որը բան ունի առաջարկելու։ Փաշինյանը պոպուլիստ է, անում է արյունոտ, տրագիկ պոպուլիստական արտահայտություններ ու մնում իշխանության։
  • Մեզ չեն հարցնելու՝ գնա՞լ արտահերթ ընտրությունների, թե՞ ոչ։ Մեզ փաստի առաջ են կանգնեցնելու։ Մենք բոլորս պետք է դրան պատրաստ լինենք:

Կարդացեք նաև

  • Այս Խորհրդարանը հասարակության մոտ ստեղծում է նորմալության իլլյուզիա: Սա աննորմալ երևույթ է: Մենք Արցախ ենք կորցրել, Հայաստանի տարածքներ ենք կորցրել… դա ցնորվելու բան է, բայց Խորհրդարանում որոշ ուժեր Նիկոլ Փաշինյանին հարց են տալիս։ Ընդդիմությունն այս ամենից հետո Փաշինյանին դեռ հա՞րց ունի տալու:
  • Մեր պետությունը կորցրել է իր ֆունկցիոնալ և իմաստային միասնականությունը։ Խնդիր պետք է դնել, որ վերականգնենք մեր միասնությունը։ Հիմա մենք ունենք ատոմիզացված պետություն։ Պետք է վերստեղծել այն պետությունն ու հասարակությունը, որոնք ունեն միասնական նպատակներ։
  • Մեզ առաջնորդ չի պետք, այլ մոդերատոր, ով կգնա բոլորի մոտ, կապահովի դիալոգ բոլորի միջև, իսկական ազգային, հայրենասեր մարդկանց ու ուժերի միջև՝ ունենալով զրոյական ամբիցիաներ։
  • Բացարձակ ազնիվ պետք է լինել մարդկանց հետ, հասարակության հետ խոսելու ճիշտ բառապաշար պետք է գտնել։
  • Իշխանություն պետք է փոխվի, որ կայունացում լինի, որ արժանապատիվ լինենք։ Մեզնից ուզում են սարքել անասունների հասարակություն։ Քանի դեռ մենք Բաքվի բանտերում ունենք հայեր, մենք անարժանապատիվ մարդիկ ենք։ Քանի դեռ մենք Երևանի բանտերում ունենք մարդիկ, ովքեր շատ ավելի խելոք են, քան իշխանական կաբինետներում նստածները, մենք անարժանապատիվ հասարակություն ենք։ Մեր հասարակության պահանջն այսօր ոչ թե քաղաքական ու քաղաքակրթական է, այլ ֆիզիոլոգիական՝ «թուրքը մեզ չսպանի»։ Քանի մենք ունենք այդպես մտածող հասարակություն, Նիկոլը նրանց լիդերն է։
  • 5-րդ տարին է՝ մենք ապրում ենք աննորմալ իրավիճակում։ Նոր էլիտան պիտի ասի, որ աննորմալ է, երբ Արցախում հայ չկա, երբ ամեն օր սահմանին զոհի փաստին նորմալ են վերաբերվում… Մեր միջավայրն աննորմալ է։ Սա պետք է դադարեցնել։ Աննորմալություն է, երբ որոշումներ կայացնող կաբինետներում նստածների ու դրսում որոշումներ չկայացնողների ինտելեկտուալ նժարը փոխվել է։ Սա պետք է տեղերով փոխել։ Իսկապես կարող ուժերը, մտավոր, փորձառու մարդիկ, մասնագետներն այսօր ոչ թե որոշումներ են կայացնում, այլ սրճարաններում են: Սա նորմալ չէ, դրա համար էլ երկիրն անկում է ապրում:
  • 2018թ.-ին փողոցից իշխանություն եկան, առանց CV-ի, միայն ծննդյան տարեթվով, ու տեսանք՝ ինչի հասցրեցին երկիրը։ Պետք է այնպես անել, որ հաջորդ իշխանությունը փողոցից չլինի։ Կա մի մեծ վտանգ, որ հաջորդ իշխանությունը կարող է լինել Նիկոլից ավելի վատը։
  • Ընտրությունը միայն քվեարկությունը չէ, նաև հանրային տրամադրություններն են ու մթնոլորտը։ Եթե մենք դրան պատրաստ լինենք, չենք վախենա ոչ մի ընտրական գործընթացից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս