Դա ի՞նչ քրեական վարույթի կամ հետապնդման ենթակա արարք է, կամ այդ միայն Ավետի՞քն էր նման արտահայտություն արել. Արման Թաթոյան
Արման Թաթոյանը գրում է. «Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ ֆեյսբուքում գրառում անելու փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելն ուղղակի ամոթալի, էժան արարք է: Դա ի՞նչ քրեական վարույթի կամ հետապնդման ենթակա արարք է, կամ այդ միայն Ավետի՞քն էր նման արտահայտություն արել:
Նախ՝ Ավետիք Իշխանյանի նկատմամբ, ըստ պաշտոնական պարզաբանման, քրեական հետապնդում հարուցված չէ, ոչինչ չի փոխում: Նախաձեռնված քրեական վարույթն անխզելիորեն կապված է պարոն Իշխանյանի հետ. նրա` դեռևս սեպտեմբերի 19-ին արված գրառումն է դարձել քրեական ընթացակարգ սկսելու հիմք:
Այս վիճակն առավել խնդրահարույց է: Ստացվում է` գործ ունենք փաստացի քրեական հետապնդման հետ, երբ իրավապահ մարմնին հայտնի է անձը, ում նկատմամբ ցանկանում է իրականացնել հետապնդում, բայց նրան իրավական կարգավիճակ և իրավունքներից լիարժեք ծավալով օգտվելու հնարավորություն չտալու համար նախաձեռնվում է «անմեղ» քրեական վարույթ, իսկ իրականում տարվում է փաստացի հետապնդում` առանց իրավունքների:
Մյուսը` մի հատ հաշվեք տեսնեմ օրական քանի հոգի է նմանատիպ կամ նույն արտահայտությունն անում սոցիալական ցանցերում, առավել ևս այլ միջավայրերում: Հարուցվելու՞ են քրեական հետապնդնդումներ, թե՞ էլի խտրական է լինելու ու Քրեական օրենսգրքի այս հոդվածը գործելու է միայն իշխանությանը քննադատողների նկատմամբ:
Քրեական օրենսգրքի այս հոդվածը Հայաստանում կիրառություն ստացող արատավոր պրակտիկայի հետ միասին բացահայտ հակասահմանադրական է և էլի դառնում է պաշտոնյաների պահապան հոդված:
Ավետիք Իշխանյանն իր ողջ կյանքը նվիրել է մարդու իրավունքների պաշտպանությանը: Մեղադրյալի կարգավիճակն և պարոն Իշխանյանը նույնքան անհամատեղելի են, որքան իրավունքի գերակայությունն ու հանուն պաշտոնի գոյատևող մարդը»։