Արքեպիսկոպոս Կճոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին գահակալության 24-րդ տարեդարձի առթիվ
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 24-րդ տարեդարձի առթիվ.
«Վեհափա՛ռ Տեր,
Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ գահակալության 24-ամյակի առթիվ:
Տարիներ առաջ Աստծո նախախնամությամբ բազմեցիք առաքելահաստատ Հայրապետական գահին՝ Հայաստանյայց Եկեղեցու պայծառությանը կոչված ծրագրեր իրականացնելու և մեր ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելությունը զորեղ ներկայություն դարձնելու տեսլականով:
Ձեր գահակալության տարիներին Հայ Եկեղեցին առավելագույն ջանասիրությամբ առաջացավ իր առաքելության մեջ՝ որպես օրինակ ունենալով Ձերդ Սրբության անձանձիր ծառայասիրությունը և անսակարկ նվիրումը: «Քրիստոնեությունը մեր ժողովրդի համար արտաքին զգեստավորում չէ, այլ մաշկի գույն, նկարագիր, էություն, որ ծաղկող գրչով դրոշմվել է մագաղաթին և մատյաններ շնչավորել, աներկբա հավատով հայրենյաց մեր սուրբ հողին մարմնավորվել որպես խաչքար, վանք ու եկեղեցի։ Աստվածաշնչյան է Հայաստանը, Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու գոյությամբ, մեր ժողովրդի անցյալ ու ներկա հիշատակներով, ավելի ևս՝ նորօրյա հավատի մեր վերազարթոնքով, որպես երաշխիք աստվածաշնչյան մեր հարատևության» (Գարեգին Երկրորդ Կաթողիկոս):
Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ, կենսունակություն և երկար տարիների պայծառ գահակալություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Թող մեր Տեր Հիսուս Քրիստոս շարունակի բազմարդյուն պահել Ձերդ Սրբության ջանքերն ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և Հայրենիքի: Ամեն:
Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ»։