Լույս կտեսնի Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները․ Հայաստանի հրատարակություն» աշխատության առաջին ժողովածուն
Ամերիկացի մարքեթոլոգ, մարքեթինգի պրոֆեսոր և խորհրդատու, ավելի քան 80 մարքեթինգային գրքերի հեղինակ Ֆիլիպ Կոտլերի հերթական աշխատությունը, որը շուտով անգլերեն և հայերեն լեզուներով կներկայացվի հայ հասարակայնությանը, հիմնված է հայկական ընկերությունների հաջողության պատմությունների վրա։
Նշված ժողովածուն հրապարակելու է «Kotler Impact» և «AWE Consulting» ընկերությունները՝ «Greenlight Marketing Agency»-ի և «Infinite Consulting-ի» հետ համատեղ։ Գրքի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
Այսօրվա դինամիկ զարգացող մարքեթինգային տիրույթում, որտեղ բիզնեսներն ակտիվորեն փնտրում են նորարարություն և ռազմավարական ուղղություն, պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները» աշխատությունը նորարարական գլուխգործոց է, որը ցույց է տալիս շուկայական տնտեսվարման փոխակերպող ուժն անընդհատ զարգացող աշխարհում:
Ֆիլիպ Կոտլերը մարքեթինգի ոլորտում ամենաազդեցիկ դեմքերից է։ Նրա աշխատանքները, ներառյալ «Մարքեթինգի կառավարումը», օգտագործվում են աշխարհի բոլոր հեղինակավոր համալսարանների և բիզնես դպրոցների կողմից՝ որպես մարքեթինգային կացութաձևի հիմնական դասագիրք և որոշիչ գործիք:
Որպես նորարար մտածող, նա հանրահռչակել է այնպիսի կարևոր հասկացություններ, որոնցից է, օրինակ, «Չորս P-երի» տեսությունը մարքեթինգում: Նրա գիտելիքները և լայնածավալ հետազոտությունները մեծ ազդեցություն են ունեցել շուկայական հարաբերություններով առաջնորդվող աշխարհի վրա, և նրա ներդրումը շարունակում է ձևավորել գլոբալ շուկայավարման պրակտիկան:
Որպես խոշոր կորպորացիաների պահանջված խորհրդատու՝ պրոֆեսոր Կոտլերի փորձն ու խորաթափանցությունը անջնջելի հետք են թողել տվյալ ոլորտում և ամրապնդել նրա հեղինակությունը: Խոսելով Կոտլերի մասին՝ չի կարելի չընդգծել նրա ամենահիշարժան խոսքերից մեկը. «Մարքեթինգը պարզապես ապրանք կամ ծառայություն վաճառելը չէ, այլ ժամանակակից մարքեթինգային գործիքներով ապագա գտնելն ու կերտելն է»:
«Kotler Impact»-ը ժամանակակից մարքեթինգի հիմնադիր Ֆիլիպ Կոտլերի մտահղացումն է, ով կրթության, վերապատրաստման և ամբողջական մոտեցումների միջոցով ձգտում է կայուն գլոբալ միջավայրի և տնտեսական զարգացման: Դասագիրքը, որը վերնագրված է «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. հայերեն հրատարակություն», եզակի դեպքերի ուսումնասիրությունների հավաքածու է, որը ցույց է տալիս, թե ինչպես են հայկական ընկերությունները հասել հաջողության: Ձեռնարկն արժեքավոր ռեսուրս է հայկական բիզնեսների համար և տեղեկատվություն է տրամադրում ընկերությունների հաջողության բանաձևերի մասին։ Կարևոր է, որ այս գիրքը նաև տեղական օրինակներ է ներկայացնում՝ մանրամասնելով կոնկրետ դեպքեր, թե ինչպես են ընկերությունները հաղթահարել մարտահրավերները կամ բարելավել հետաքրքրության հիմնական ոլորտները:
Հայկական բիզնեսներին օգուտ բերելուց բացի, տվյալ աշխատությունը նաև երկրի դերը բարձրացնելու ներուժ ունի՝ որպես նորարարության և ձեռներեցության կենտրոն, և կարող է օգնել պետությանն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու գործում: Ո՞ր ընկերությունների դեպքերի ուսումնասիրությունները կգտնի ընթերցողը Կոտլերի ուղեցույցում, և ի՞նչ օգուտներ կարող է բերել հայերեն առաջին հրատարակությունը տեղական ընկերություններին: «Արմենպրես»-ը, որը գրքի բացառիկ մեդիա գործընկերն է, այս և այլ հարցերով դիմեց «Greenlight Marketing Agency»-ի հիմնադիր Մերի Գրիգորյանին։
-Ի՞նչ դերակատարություն ունի «Greenlight Marketing Agency»-ն այս պատմական նախագծում:
-«Ժամանակակից մարքեթինգի հիմունքները» աշխատությունը «Kotler Impact»-ի վերջին նախաձեռնությունն է, որն իր հիմնադրումից ընդամենը մի քանի ամիս անց համաշխարհային ճանաչում և աջակցություն է ձեռք բերել բիզնեսի առաջատար առաջնորդների և քաղաքականություն մշակողների շրջանում: Ձեռնարկն արդեն հրատարակվել է Իտալիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Բանգլադեշում, Պակիստանում: Մինչև 2023 թվականի վերջ այս ցուցակին կավելանան տասը առաջատար երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Գերմանիան։ Իսկ 2025 թվականին մենք կունենանք աշխատության 50 բացառիկ հրատարակություն։ Գործընթացի դինամիկայի և նախագծում աշխարհի առաջատար բրենդների ներգրավվածության մասին ավելի հստակ պատկերացնելու համար ես կնշեմ բազմաթիվ ընկերություններից մի քանիսը, որոնց գործերն արդեն ներառված են ուղեցույցում՝ «Danone», «Oracle», «Lamborghini», «Google», «Porsche», «Heineken», «Ferrari» և «Accenture»:
Կարծում եմ, որ այս աշխատության հայերեն առաջին հրատարակությունը պատմական նախագիծ է ոչ միայն «Greenlight Marketing Agency»-ի և «Infinite Consulting»-ի, այլև հայկական բիզնեսների և, ընդհանրապես, մեր երկրի համար: Կարևոր է ընդգծել նաև «AWE Consulting»-ի՝ դեմս տնօրեն Տատա Չոլարիայի՝ որպես ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչ, դերը ծրագրի նախաձեռնման և իրականացման գործում:
-Ի՞նչ օգուտներ կարող է բերել «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները․ Հայաստանի հրատարակություն» աշխատության առաջին հրատարակությունը տեղական ընկերություններին:
-Այս հրատարակման շնորհիվ ամբողջ աշխարհը շուտով կբացահայտի հայկական ընկերությունների հաջողության և նորարարական մոտեցումների օրինակները։ Եվ երբ ես ասում եմ «աշխարհ», դա չափազանցություն չէ: Հրատարակվելու են գրքի և՛ անգլերեն, և՛ հայերեն տարբերակները։ Գրքի հեղինակը կլինի ինքը՝ պրոֆեսոր Կոտլերը, այլ առաջատար մասնագետների հետ միասին։ Գրքի հազարավոր օրինակներ կվաճառվեն ավելի քան 100 երկրներում Կոտլերի խողովակներով։ Հայկական ընկերությունները բացառիկ հասանելիություն կունենան «Kotler Impact»-ի ամբողջական ցանցին, էլ չենք խոսում Շուկայավարման համաշխարհային գագաթնաժողովում ելույթ ունենալու հնարավորության մասին, որն անցած տարի ունեցել է ավելի քան 48 միլիոն դիտող։ Ի դեպ, այս տարի մարքեթինգի համաշխարհային գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 6-7-ը։ «Kotler Impact»-ը, «AWE Consulting»-ը «Greenlight Marketing Agency»-ի, «Infinite Consulting»-ի հետ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ջանքերով բոլոր հայ ուսանողներին կտրամադրի գագաթնաժողովի անվճար տոմսեր։
Ի դեպ Ֆիլիպ Կոտլերի Շուկայավարման համաշխարհային գագաթնաժողովում տոմսերը հնարավոր է ձեռք բերել Tomsarkgh.am կայքից։ Այս տարվա գագաթնաժողովի խորագիրն է՝ «Գաղափարներ կրիտիկական ժամանակների համար․ նոր համաշխարհային շուկայավարման կարգը», մասնակցելու են ավելի քան 200 բանախոսներ։
-Ի՞նչ սկզբունքով են ընտրվում ընկերությունները։
– Հետաքրքրված ընկերությունները կարող են լրացնել գրանցման պարզ ձևը մեր կայքում (https://www.greenlightmarketing.am/blog) և սպասել մեր ներկայացուցչի արձագանքին։ Շապիկին կհայտնվեն միայն առաջին 10-15 ընկերությունների լոգոները։ Տեղերն, ինչ խոսք, արագ կսպառվեն, քանի որ գիրքն այս ընկերությունների առջև կբացի նոր հորիզոններ: