Ախմախության խաչմերուկ
Հայաստանի իշխանության ու պետական կառավարման համակարգի ամենաբնորոշ հատկանիշը սեփական բնորոշչի բացակայությունն է: Քաղաքական էլիտան, իշխող կուսակցությունը, բարձրաստիճան պաշտոնյաների դասը, որոնք նորմալ երկրներում համարվում են պետականության ողնաշարը և գոնե առանցքային հարցերում ունեն սեփական դիրքորոշում, համակարգային կարմիր գծեր, Հայաստանում ամբողջությամբ սպասարկում են մեկ անձի, անհատի քաղաքական, մտավոր/անմիտ, իրատեսական/ցնորամիտ և բազմապիսի այլ հավակնությունները:
Բավական է Նիկոլ Փաշինյանը որևէ հայտարարություն անի, անկախ նրանից՝ դա խելամի՞տ է, թե՞ ոչ, բանակա՞ն է, թե՞ հակաբնական, ազգանպա՞ստ է, թե՞ ապազգային, բոլորը լծվում են դրա տիրաժավորմանն ու բութ կրկնությանը: Կային ժամանակներ, երբ նա հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ու շատ-շատերը ռոբոտային անմտությամբ կրկնում էին դա: Հերոսական լոպազությանը փոխարինելու եկան նվաստացման օրերը, կրկին ոչ մի խնդիր. նույն անդեմակույտը թութակաբար կրկնեց՝ «Արցախն Ադրբեջան է, և վերջ»:
Այդ երկու ծայրահեղությունների միջնահատվածում Նիկոլ Փաշինյանն արկերի կրակահերթի տակ խոսում էր «խաղաղության դարաշրջանի» մասին, և կրկին նույն այդ հավաքականությունը զբաղված էր դրա մեխանիկական գովաբանությամբ: Հիմա, ինչպես ինքն է ասում, ռեբրենդինգի արդյունքում ողջ քաղաքական ու պաշտոնեական դասը լծվել է «խաղաղության խաչմերուկի» գովազդային արշավին:
Բոլորը խոսում են դրա մասին, յուրաքանչյուրը՝ սեփական բթամտության ու անընկալունակության հանգույն: Խոսում են, որովհետև խոսելիքը երկնել է Նիկոլ Փաշինյանը:
Բոլորը թքած ունեն, որ այդ «խաղաղության խաչմերուկ» կոչվածը զուրկ է աշխարհաքաղաքական հիմնավորումներից, որ դրա ենթադրյալ շահառուները ոչ թե քարոզչաբար, այլ գործնական քաղաքականության տիրույթում ամեն ինչ անում են Հայաստանը խաչմերուկից փակուղու, անկլավի վերածելու համար, ու մինչ այս պահն առարկայական արդյունքներ են գրանցում: Այդ քաղաքականության դեմ, ահա, Նիկոլ Փաշինյանը պայքարում է… ցանկությամբ, գեղեցիկ բառակույտով ու առաջին կուրսի ուսանողի էնտուզիազմով ներկայացվող շնորհանդեսներով՝ մսխելով պետական բյուջեն: Հայաստանի ողջ քաղաքական վերնախավն ու պաշտոնեական խավն էլ, ահա, պիոներական պարտաճանաչությամբ զինվորագրվել է այդ անմտության, հիմարության քարոզին: Ավելին, դրա համար աշխատավարձ, պարգևավճարներ են ստանում:
Խորքային խնդիրն այն է, որ այն, ինչը Նիկոլ Փաշինյանի ցանկացած փռշտոցից հետո կրկնում է քաղաքական վերնախավ կոչվածը, ոչ թե վերջինիս հավաքական մտքի, ինտելեկտի արտադրության արդյունք է, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի մտահայեցում/մտասևեռումը: Դա ոչ ժողովրդավարական համակարգերի, լավագույն դեպքում՝ ձևով դեմոկրատական, բովանդակությամբ՝ ավտորիտար ռեժիմների հիմնական հատկանիշներից մեկն է: Համակարգը, բաղկացած լինելով, այդ թվում՝ ինտելեկտուալ ու քաղաքական պատրաստվածություն ունեցողներից, բայց զրկված լինելով պետական քաղաքականության վրա ազդելու հնարավորությունից, դառնում է իշխանության գլխին կանգնածի մտագործունեության (առողջ կամ ոչ այնքան) սպասարկողը՝ հանուն «Ախմախության խաչմերուկում» բարձր (կամ ոչ այնքան) պաշտոնների:
Հարություն Ավետիսյան