Ալիևը Մակրոնին և Փաշինյանին «մեղադրում» է Չիկագոյի կոնվենցիայի պահանջները խախտելու մեջ
Մինչև Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը պատրաստվում են մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայանալիք նախընտրա-քարոզչական սպառազինության ցուցադրություն-հաշվետվությանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ զորահանդեսի փորձերից ֆրանսիական CAESAR հրետանային համակարգերի կադրեր է հանրայնացնում, առաջ ընկնելով՝ Բաքվի քարոզչամեքենային ծառայող AnewZ հեռուստաալիքը տեսառեպորտաժ է հրապարակում Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության և ռազմական մատակարարումների մասին, որտեղ «հետաքննության» հեղինակները պնդում են, թե իրենց ձեռքի տակ տվյալներ են հայտնվել, որոնք թույլ են տալիս առնվազն կասկածել, որ խախտվել են Չիկագոյի կոնվենցիայի պահանջները՝ կեղծ արձանագրություն է կազմվել և քաղաքացիական օդանավերով ռազմական բեռ է տեղափոխվել Հայաստան:
«Ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել ֆրանսիական «Caesar» հաուբիցների բաղադրիչներին կամ օժանդակ սարքավորումներին։ Եվ այս հարցն առավել ակտուալ դարձավ մայիսի 28-ին Երևանում նախատեսված զորահանդեսի փորձերից ֆրանսիական արտադրության CAESAR հաուբիցների կադրերի հրապարակումից հետո: Բաց աղբյուրների համաձայն՝ Հայաստանը 2024 թվականին ստորագրել է 36 միավոր «Caesar» համակարգերի մատակարարման պայմանագիր, իսկ վերջին տեսագրություններում այդ համակարգերը նկատվել են շքերթի նախապատրաստության ժամանակ»,- նշվում է AnewZ-ի տեսանյութում՝ ենթադրությամբ, որ այդ համակարգերի հրապարակային ցուցադրումից կարելի է ենթադրել, որ դրանք դառնում են, այսպես ասած, ռազմական ենթակառուցվածքի մաս:
Բնականաբար, ադրբեջանական «հետաքննության ապացույցները» մանրամասն չենք վերաշարադրում, հատկապես, երբ դրանք դեռ պիտի հաստատվեն, իսկ Ադրբեջանի արձագանքը Հայաստանի զինման հետ կապված՝ չենք պատրաստվում թաքցնել, այսօր առավել քան երբևէ պիտի ցույց տալ, որ Ալիևը չի հանդուրժելու հայկական բանակի որևէ սպառազինության ձեռքբերում, եթե անգամ գործող իշխանությունները հայտարարում են, որ դրանք չեն կիրառվելու, և մշտապես թիրախի տակ է պահելու հայկական զինված ուժերի շուրջ ցանկացած իրադարձություն: Եվ սա այն դեպքում, երբ Բաքուն շարունակում է տարբեր գործընկերների հետ ռազմական և ռազմատեխնիկական խոշոր պայմանագրեր կնքել:
Եվ Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկում էր սպառազինությունների փոխադարձ վերահսկման և կրճատման մեխանիզմներ ձևավորել, որը, իհարկե, հայելային չէր լինելու: Գուցե սա զուտ դիվանագիտական հնարք էր, բայց եթե Ալիևն ընդուներ այս առաջարկը, արդյո՞ք Հայաստանը կարողանալու էր մուտք ունենալ Բաքվի զինանոց, կա՞ր մշակված համապատասխան սցենար, թե ինչ էր արվելու:
Իսկ Բաքվի նման պահվածքը նորություն չէ, այդ թվում՝ այսօրինակ «հետաքննությունները», այլ հարց է՝ որքանով է դա հիշում և ընկալում Փաշինյանի թիմը: Հիշեցնենք, որ 2024 թվականին անցկացված «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության համատեքստում Բաքուն պնդում էր, որ ամերիկյան ինքնաթիռներ էին Հայաստան մտել և դրանցով ԱՄՆ-ի կողմից ռազմական բեռ է տեղափոխվել, ընդ որում, դա արվում էր այնպես, որ Իրանը Հայաստանին թիրախավորի, սակայն հարևան Իրանը չէր տրվել այդ սադրանքին:
Նույն ժամանակում 168.am-ը, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, գրել էր, որ երբ հուլիսի 15-ից հուլիսի 24-ը Հայաստանում ավարտվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, դրան հաջորդող օրերին, այդ թվում՝ օգոստոսի սկզբին, ԱՄՆ-ը իր բերած անձնակազմը և տեխնիկան մի քանի չվերթով Հայաստանից հանել է, և Ադրբեջանը հենց այս նպատակով ամերիկյան ինքնաթիռների մուտքն է Հայաստան ֆիքսել:
Իսկ AnewZ-ի հիշատակված «հետաքննությանը» զուգահեռ՝ Defence24-ը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ ոՀայաստանը ստացել է ֆրանսիական CAESAR հրետանային համակարգերի առաջին խմբաքանակը, և, որ դա պարզապես ռազմական մատակարարում չէ։
«Սա Ֆրանսիայի՝ դեպի Հարավային Կովկաս ավելի լայն առաջխաղացման մի մասն է, որտեղ Փարիզը ձգտում է թուլացնել ռուսական ազդեցությունը և Հայաստանին վերածել անվտանգության ոլորտում երկարաժամկետ գործընկերոջ»,- շեշտում է Defence24-ը: Այստեղ, իհարկե, ճշմարտության տարրեր կան, որի մասին բազմիցս գրել ենք:
Վերադառնալով Բաքվի մեղադրանքին՝ հավելենք, որ 2021 թվականի ապրիլին Ալիևը հարցազրույց էր տվել տեղական հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել էր ՀՀ բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանին և ՌԴ-ի կողմից Հայաստանին զենքի մատակարարմանը՝ նշելով.
«Ինչ վերաբերում է մաքսանենգությանը: Իհարկե, սա պահանջում է հետաքննություն, որովհետև պատերազմի ժամանակ «մաքսանենգ» ճանապարհով (չակերտները՝ Մ.Պ.-ի) Ռուսաստանից Հայաստան մեծ քանակի զենք է ուղարկվել: Ադրբեջանը ռուսական կողմին՝ ամենաբարձր մակարդակի, առհասարակ, բոլոր և համապատասխան կառույցների մակարդակներում, տեղեկացրել է այս հարցի մասին:
Մենք նույնիսկ նամակներ ենք ուղարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ԻԿԱՕ (ICAO-International Civil Aviation Organization): Եվ այդ նամակներում մենք տրամադրել ենք նաև չվերթերի համարները, որ այսպիսի ինքնաթիռներով, քաղաքացիական ինքնաթիռներով Ռուսաստանից Հայաստան սպառազինություն է բերվել:
Մենք անգամ տրամադրել ենք զենքի տեսակը: Բայց չնայած, որ պատերազմի ժամանակ ոչ մեկ անգամ նամակ ենք ուղարկել ԻԿԱՕ-ին, ոչ մի պատասխան չենք ստացել:
Մենք հստակ գիտենք, որ զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Ռուսաստանում նստած, անօրինական ճանապարհով ռուսական ռազմարդյունաբերական գործարաններից ձեռք է բերել սպառազինություն և քաղաքացիական ինքնաթիռներով ուղարկել Հայաստան»:
Իսկ արդեն «Շուշիի հռչակագրի» ստորագրումից մի քանի օր հետո՝ 2021 թվականի հունիսի 18-ին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և ՀՀ զինված ուժերին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) նկատմամբ:
Նրանք մեղադրվում են «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զենքի, զինամթերքի և ռազմական նշանակության սարքավորումների մաքսանենգ մատակարարումների համար»:
Ադրբեջանական գերատեսչության վարկածով՝ Կարապետյանը, Աբրահամյանը և Գալստյանը 2001-2021թթ. «քաղաքացիական և ռազմական ինքնաթիռներով սպառազինություն են հասցրել Հայաստան, այնտեղից էլ՝ Ղարաբաղ»:
«Այս մատակարարումներն իրականացվել են Հայաստանի տարածք և Ադրբեջանի «օկուպացված տարածքներ» տարբեր ուղևորային չվերթերով, Հայաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռի, ինչպես նաև՝ Արա Աբրահամյանի կողմից հատուկ գնված Իլ-76 բեռնատար ինքնաթիռի միջոցով»,- 2021-ին պնդել էր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Այդ ժամանակ ադրբեջանական նշված մեղադրանքն իր նկատմամբ Սամվել Կարապետյանը որակել էր «ֆանտազիա» և անհեթեթ:
«Ինձ զարմացնում է այն, թե ինչ համառությամբ են ադրբեջանական իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա: Լավ կլինի իրենց էներգիան ուղղեն իրենց կողմից քանդված տարածաշրջանի վերականգնմանը»,- Կարապետյանի խոսքերը փոխանցել էր «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը:
Իսկ ավելի ուշ Ալիևի թիրախում հայտնված վերը նշված մարդիկ հայտնվեցին նաև Նիկոլ Փաշինյանի թիրախում՝ տարբեր առիթներով և տարբեր մեղադրանքներով: Ուստի պատահական չէ, որ այսօր Ալիևը փորձում է նույն մեղադրանքը տարածել Ֆրանսիայի վրա, և ոչինչ, որ այս երկրի հետ Բաքուն փորձում է վերականգնել հարաբերությունները, այստեղ խնդիրը հայկական բանակին վնասելն է, իսկ Փաշինյանին հետաքրքրում է միայն սեփական իշխանությունը պահելը, որի համար կարելի է նաև գնված սպառազինությունը «փռել» երևանյան փողոցներում:
Ավելին, այսրոպեական քարոզչության համար 44-օրյայի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի առիթով վտանգավոր գաղտնազերծում էր արել, որը չի հաստատել անգամ ԻԿԱՕ-ն: Բայց այն, ինչ պետք է ասվի 44-օրյա պատերազմի առնչությամբ, շատ պինդ պահվում է:



