Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է պատմության մեջ առաջին անգամ ուկրաինական ԱԹՍ-ներ ներկրել՝ սեփական բանակի կարիքների համար

Թեև շուրջ երկու ամիս առաջ Դոնալդ Թրամփը մերժել էր Վլադիմիր Զելենսկու՝ իրանական անօդաչուների դեմ պայքարում համագործակցելու առաջարկը՝ պնդելով, թե ԱՄՆ-ն «բոլորից լավ գիտի դրոնների հնարավորությունները», Պենտագոնն իրականում մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական տեխնոլոգիաների նկատմամբ։ Financial Times-ի տեղեկություններով՝ Կիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել իր տեսակի մեջ եզակի համաձայնագիր, որով ուկրաինական ԱԹՍ-ները կմատակարարվեն ամերիկյան բանակին՝ փորձարկումների նպատակով։

Մտադրությունների հուշագրի նախագծում ներառված են ցամաքային, ծովային և օդային ուկրաինական անօդաչու համակարգերի արտահանման ծրագրերը։ ԱՄՆ զինված ուժերը նախատեսում են իրականացնել դրանց «փորձարկումն ու գնահատումը»՝ սեփական ապագա կարիքները որոշելու համար։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համաձայնեցված փաստաթղթում նշվում է ուկրաինական տեխնոլոգիաների համատեղ արտադրության և մշակման հարցում կողմերի փոխադարձ հետաքրքրությունը, ինչը թույլ կտա թարմացնել ամերիկյան սպառազինությունը և միաժամանակ խթանել Ուկրաինայի պաշտպանական նորարարությունները։

Վերջին մեկ տարվա ընթացքում Զելենսկին Թրամփին առաջարկել էր կնքել 50 միլիարդ դոլար արժողությամբ գործարք, որը ներառում էր նաև ԱՄՆ-ում անօդաչուների համատեղ արտադրություն։ Թեև ներկայիս համաձայնությունը չունի նման մասշտաբներ, այնուամենայնիվ, ըստ նախագծի հեղինակների, այն կարող է հիմք դառնալ երկու երկրների միջև ավելի ընդգրկուն պաշտպանական գործընկերության համար։

Փաստաթղթով նախատեսվում է, որ Պենտագոնի համապատասխան հարցման դեպքում՝ երկու տարվա ընթացքում պետք է ուկրաինական ԱԹՍ-ների կիրառել «օպերատիվ փորձարկումների պայմաններում»։ Ինչ վերաբերում է ռազմական նպատակներով հետագա մատակարարումներին, ապա դրանք պետք է կարգավորվեն առանձին համաձայնագրերով կամ պայմանավորվածություններով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031