Աճուրդի կհանվի երիտասարդ արքայադուստր Դիանայի նամակը, որում նա խոսում է պարուհի դառնալու երազանքի մասին
Լոնդոնում աճուրդի կհանվի երիտասարդ արքայադուստր Դիանայի նամակը, որտեղ նա պատմում է պրոֆեսիոնալ պարուհի դառնալու իր երազանքի մասին։ Այս մասին մայիսի 13-ին հայտնել է The Independent թերթը։
Ըստ պարբերականի տվյալների՝ երկու էջից բաղկացած այս նամակը Դիանա Սփենսերը գրել է 1978 թվականին՝ 17 տարեկան հասակում: Հատկանշական է, որ սա տեղի է ունեցել Միացյալ Թագավորության ներկայիս թագավոր Չարլզ III-ի հետ հարաբերությունների մեկնարկից ընդամենը մեկ տարի առաջ։ Նամակն ուղղված է նրա մտերիմ ընկերուհուն՝ Միլդրեդ Լեյսիին, որն ավելի վաղ առողջություն էր մաղթել Դիանայի հորը՝ ինսուլտից հետո։
Նամակում ապագա արքայադուստրը շնորհակալություն է հայտնում ընկերուհուն աջակցության համար և հայտնում, որ իր հորը շուտով դուրս կգրեն հիվանդանոցից։ Բացի այդ, նա կիսվում է իր կյանքը պարարվեստի հետ կապելու ծրագրերով։
«Ես պատրաստվում եմ ինձ համար մի տեղ գտնել, որտեղ կարող եմ պարել։ Ես միշտ ցանկացել եմ դա և հույս ունեմ մի օր դրանում հաջողության հասնել», — ասվում է նամակում։
Ինչպես նշում է թերթը, փաստաթուղթը կվաճառվի Լոնդոնի արևմտյան մասում գտնվող Chiswick Auctions աճուրդային տանը։ Ակնկալվում է, որ լոտի արժեքը կկազմի մոտ 4 հազար եվրո (մոտ 5,4 հազար դոլար)։
The Independent-ի փոխանցմամբ՝ նամակն աճուրդի է հանել մի մասնավոր հավաքորդ։ Այն վաճառվում է Դիանայի և այն ժամանակ դեռևս արքայազն Չարլզի հարսանիքին առնչվող այլ հուշանվերների հետ մեկտեղ։ Պարբերականը նաև հիշեցնում է, որ 1981-1990 թվականներին արքայադուստրը պարի դասեր է ստացել գլազգոյացի նախկին բալերինա Էնն Ալանի մոտ։



