«Եթե բոլորդ պատասխանը գիտեք, ինձ ինչո՞ւ եք հարցնում». Գնել Սանոսյանը՝ «անկլավների» մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի հետ կապված դրականն այն է, որ մի շարք հատվածներ վերջապես մտան շինարարության փուլ։
«Մասնավորապես, երկար տարիներ կառուցված էր Արտաշատ-Երևան և Երևան-Աշտարակ հատվածները, ընդ որում՝ Երևանի տարբեր հատվածներում կան տարբեր դատական հարցեր, ինչի համար աշխատանքները կա՛մ դանդաղ են առաջ գնում, կա՛մ առաջ չեն գնում։ Հիմա մենք շինարարական փուլ ենք մտել Աշտարակ-Թալին հատվածում, որը բավականին կարևոր հատված է։ Լանջիկ-Գյումրի հատվածում այս տարի հիմնական մասը կավարտվի, եթե եղանակները թույլ տան՝ ասֆալտապատումն ամբողջությամբ կավարտվի։ Մենք վերջապես սկսել ենք Հարավի առաջին հատվածի շինարարական մրցույթն իրականացնել, իրանական հաղթող ընկերություն ունենք։ Այսինքն՝ մենք տրամադրված ենք Հյուսիս-Հարավն իրականացնել, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, ընդ որում՝ խնդիրը ֆինանսական չէ, խնդիրը տարբեր տեսակի քննարկումներն են, այլ հարցեր, նախագծային, դոնորների և այլն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գնել Սանոսյանը։
Հարցին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համատեքստում ի՞նչ է լինելու «անկլավների» հարցը, իշխանությունը խոսո՞ւմ է այնտեղի բնակիչների հետ, իրազեկո՞ւմ է՝ ինչ է սպասվելու նրանց, Գնել Սանոսյանը պատասխանեց՝ այդ թեմայի մասին տարբեր գործընկերներ, այդ թվում՝ անձամբ ինքը, առիթ ունեցել են անդրադառնալու։
«Երբ խաղաղության պայմանագիր ստորագրվի, որի դրույթներից մեկը կլինի դեմարկացիան և դելիմիտացիան, ապա այդ ժամանակ նման հարցերը կդիտարկվեն, կքննարկվի, թե ինչ իրավական հիմքեր կան։ Անկլավի կամ որևէ տարածքի համար պետք է իրավական հիմքեր լինի՝ մենք ինչ ունենք իրենց մոտ, իրենք ինչ ունեն մեզ մոտ, և համապատասխան հանձնաժողովները որոշակի աշխատանք անելուց հետո կքննարկեն ու որոշակի եզրահանգման կգան»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «անկլավները»՝ ներառյալ, Գնել Սանոսյանը նկատեց.
«Եթե բոլորդ պատասխանը գիտեք, ինձ ինչո՞ւ եք հարցնում»։
Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է՝ մի օր էլ Ադրբեջանը Հայաստանը վերցնի շրջափակման մեջ, Գնել Սանոսյանը պատասխանեց, որ ամեն ինչ դիտարկում են, խնդիրներն ու ռիսկերը հաշվի են առնում, բայց ամեն ինչի մասին չէ, որ պետք է բարձրաձայնեն։