«ԱՅՐԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ԱՐԴՅՈ՞Ք ՉԵՆ ԹԱՔՑՐԵԼ ՄԻ ՄԱՍԸ». Ո՞ՒՐ ԵՆ ԿՈՐԵԼ ԲԱՂԱԲԵՐԴ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ 11,000 ՁԵՌԱԳՐԵՐԸ․ ԱՐԱ ԶԱՐՅԱՆ
«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի հետ զրուցել ենք «Սյունյանց աշխարհի բերդերը» գրքի, Հառիճավանք վանական համալիրի Սբ․ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման ու մաքրման աշխատանքների մասին։

– Վերջերս լույս տեսավ «Սյունյանց աշխարհի բերդերը» գիրքը, որտեղ ամփոփված է երիտասարդ տարիներին իրականացված Ձեր աշխատանքը։ Ինչպե՞ս որոշեցիք ի վերջո այն կյանքի կոչել։
– Ես որ ավարտեցի Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, հորս խորհրդով ընդունվեցի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության պատմություն և տեսության բաժնի ասպիրանտուրա։ Պետք է թեմա ընտրեի, հայրս պնդեց, որ զբաղվեմ Սյունյաց աշխարհի բերդերով, որովհետև շատ քիչ ուսումնասիրություններ կային։
Գիտեի, որ բերդեր գնալը կատակ բան չէ։ Պետք է մի տեղ իջնես, հետո մագլցես, մանավանդ որ, այն ժամանակ շատ բերդեր չունեին արահետներ և ընդհանրապես մատչելի չէին։ Բերդերն ընդհանրապես անառիկ, պաշտպանական բնույթի շինություններ են և հիմնականում օգտագործում են ժայռերը, ու կարող ես բարձրանալ որոշ տեղերից, իսկ որոշ հատվածներ անմատչելի են։
Երեք տարվա ընթացքում Սյունիքի տարբեր շրջաններում եղա, բավականին նյութ հավաքեցի։ Մինիմումները հանձնեցի՝ մնում էր միայն տեքստը, գծագրերը, սխեմաները հավաքել, ներկայացնել, որ ստանայի տիտղոսը, բայց այդտեղ փաստորեն ավարտվեց իմ ուսումնասիրությունը, որովհետև ԽՍՀՄ-ը փլուզվեց, դրանից առաջ երկրաշարժ եղավ, ապա՝ Արցախյան առաջին պատերազմը։ Աշխատանքս կորցրեցի, քանի որ հիմնարկը՝ Հուշարձանների պահպանման վարչությունը, լուծարեցին, ու, քանի որ հայրիկի հետ հայ-իտալական ուսումնասիրման խմբում էի, ուսումնասիրում էինք ճարտարապետությունը, այնպես ստացվեց, որ հայ մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնը Միլանից Վենետիկ տեղափոխվեց, աշխատանքի առաջարկ ստացա ու տեղափոխվեցի։
Այդպես տարիներն անցան։ Հետո շատ պատահական, երբ իտալացիների խումբ էի բերում ՀՀ, հանդիպեցի բելգիացի, որմնանկարների վերականգնող մասնագետ Քրիստին Լամուրեին։ Գնացինք Որոտնավանք, որտեղ որմնանկարի հետքեր կային, և նա առաջարկեց վերականգնել։ Ու ինձ համար որմնանկարների նոր աշխարհ բացվեց։ Երբ իմացավ՝ զբաղվել եմ բերդերով, ասաց, որ ցույց տամ, ու մոտս նորից ցանկություն արթնացավ, որ ամբողջ հավաքածս ամփոփեմ։ Որոշեցի ասպիրանտուրան ավարտել, բայց դու մի ասա, ԳԱԱ արվեստի ինստիտուտ էլ չեն դիմում, ամբողջը տեղափոխվել է ԵՊՀ։ Պարզվեց՝ նորից պետք է ընդունվեմ ասպիրանտուրա, քննություններ տամ, դասերի գնամ, վճարեմ, ասացի՝ շատ շնորհակալ եմ, իմ տարիքում իմաստ չունի, աշխատությունս կամփոփեմ։

– Քանի որ Ձեր հայրը՝ ճարտարապետ Արմեն Զարյանն է խորհուրդ տվել զբաղվել Սյունիքի բերդերով, ինչո՞ւ էր կենտրոնացել Սյունիքի ուղղությամբ։
– Կային նյութեր, վավերագրություններ, բայց չկար ամբողջական ուսումնասիրություն։ Հայրիկն ուզում էր, որ հավաքեի նյութերը և գիրք պատրաստեի։ Իհարկե, 100 տոկոսանոց աշխատանք չէ, մենակ եմ սա արել, բայց հսկայական տարածք է՝ Սևանի ավազանից մինչև Մեղրի, Արցախի մի մասն ու Նախիջևանը։ Աշխատության կարևորությունն այն է, որ հավաքվել է ամբողջ նյութը, որի հիման վրա պետք է շարունակվեն ուսումնասիրություններ կատարել։
Գնում, պատմական տվյալներով գտնում ես, որ այսինչ բնակավայրի կողքին եղել է այսինչ պաշտպանական կառույցը, բայց չունես արբանյակային լուսանկարներ, չեն արել հնագիտական պեղումներ, առարկաներ չեն գտել, որպեսզի բացատրեն պատմությունը։
Երկրորդ տարին է՝ Բաղաբերդն են սկսել պեղել ու շատ հետաքրքիր բաներ են գտել։ Բերդկունքում ևս սկսել են ուսումնասիրություններ, ու այս ամենը պետք է լրացվի այս գրքում։ Հիմա անօդաչու սարքեր կան, որոնք հոյակապ չափագրություն են անում։ Իսկ ես այն ժամանակ ամբողջը ձեռքով եմ արել։
– Սյունիքի բերդերն ինչո՞վ են առանձնանում Հայաստանի մյուս շրջանների բերդերից։
– Հարցը լավն է, բայց 100 տոկոսով հնարավոր չէ պատասխանել։ Օրինակ, Կիլիկայի ամրոցները, ճիշտ է՝ չեն պեղվել, բայց լավ են պահպանվել։ Ռոբերտ Էդվարդսը 1970թթ․ խոշոր գիրք հրատարակեց։ Ինքն էլ է ձեռքով չափագրել, բայց չափագրել է շատ ավելի լավ պահպանված ամրոցներ, ուստի կարող ես Կիլիկյան ամրոցների բերդաշինության դպրոցների կառույցների տեխնիկական բնույթի մասին խոսել, թե քարը ո՞նց են մշակել, ինչպե՞ս են ընտրել տեղը՝ ամրոցի համար, բայց իմ դեպքում այսպես էր․ քարերը տեսնում, չափագրում էի, հասկանում էի, որ ամրոցի մի մասն է, իսկ մնացածը չի երևում, պետք է պեղվի։
Պեղում անելը թանկ հաճույք է։ Բարերար կգտնվի՝ նոր եկեղեցի կառուցելու կամ վերականգնելու համար, բայց չեմ կարծում, որ կգտնվի ամրոցը պեղելու համար, որովհետև դա լրիվ ուրիշ մտածողություն է։ Պետական միջոցներ ներդրվում են, պեղումներ արվում են, բայց երկար ժամանակ է պետք՝ մինչև հասնենք Ձեր հարցի ճիշտ պատասխանին։
– Կա՞ բերդ, որը Ձեզ ապշեցրել է։
– Բաղաբերդը։ Հրաշալի ամրոց է և, բարեբախտաբար, լավ է պահպանվել։ Իսկ ինչո՞ւ է լավ պահպանվել, որովհետև ունեցել ենք Կապանի թագավորություն։ 970-1120թթ. եղել է թագավորություն Սյունիքում։ Կատակ բան չէ։ Դա եղել է մի տարածք, որն ամրակայվել է։ Բաղաբերդը կազմել է հիմնական այն ռազմական պաշտպանական օղակը, որի միջոցով պաշտպանվել է Սյունիքը։ Դա եղել է պահապան ամրոցը։ Ու, երբ մոնղոլները գալիս և ավերում են Կապանը, թագավորությունն իր ամբողջ ունեցվածքը տեղափոխում է Բաղաբերդ։
Այսինքն՝ ընտրում են ամրոց, որն արդեն պաշտպանական համակարգի մաս էր կազմում։ Հիմա պեղումներ են, ու սպասում եմ, որ բաներ պետք է գտնեն։ Օրինակ՝ Ստեփանոս Օրբելյանն ասում է՝ Կապանը երբ ընկավ, 11,000 ձեռագիր այնտեղից տեղափոխվեց Բաղաբերդ ամրոց։ Այն գրավեցին, այրեցին, բայց արդյո՞ք չեն պահել, թաքցրել ինչ-որ մի մասը։ Ժայռի վրա է, ու ռազմական իմաստով տեղը շատ հետաքրքիր է ընտրված։
– Ձեր գիրքը շատ մասնագետների կօգնի՝ սկսած հնագետներից, բայց այն ժամանակ Ձեզ ո՞վ կամ ի՞նչն էր օգնում, ինչպիսի՞ դժվարությունների առջև եք կանգնել կամ արկածային իրավիճակներում հայտնվել։
– Արկածային իրավիճակները եղել են սկզբում, բայց օգնել են չափագրելիս, քանի որ մեկը պետք է լիներ, որ մետրը պահեր, որ չափեիր ու գրեիր։ Ի դեպ, գրքում մեծ քարտեզ եմ դրել․ երբ գնում էի արշավի ու հետ էի դառնում՝ քարտեզի վրա նշում էի։ Վերջում ստացվեց, որ 112 ամրոցի տեղ և անուն կա։ Ամեն ինչը կա, ուղղակի պետք է գնալ ու տեղը կամաց-կամաց ուսումնասիրել։ Խումբ պետք է կազմեն, գնան ստուգեն, պեղեն։

– Բնակիչների հետ զրուցո՞ւմ էիք։
– Անպայման, հատկապես երեխաներին էի հարցնում, երբեմն ուղեկցում էին ինձ, ցույց տալիս տեղերը։
– Այն ժամանակ ինչպիսի՞ն էր վերաբերմունքը հուշարձանների նկատմամբ և այսօ՞ր ինչպիսին է։
– ԽՍՀՄ տարիներին միջոցների խնդիր չկար։ Աթեիստական երկիր էր ու եկեղեցիները դիտարկվում էին՝ որպես պատմական հուշարձան, այլ ոչ թե Աստծո տուն։ Գումարը կար, բայց նպատակն ուրիշ էր։ Եթե հուշարձանը քանդվել է կամ լավ չի պահպանվել՝ պետք է վերակառուցեին։ Հիմա փոխվել է բնույթը. գնում, վերակառուցում ենք մեր տաճարը, Աստծո տունը։
Օրինակ, հայտնվում է բարերար, ասում է՝ ես ուզում եմ այս եկեղեցին վերականգնել։ Նայում ես եկեղեցուն, ասում ես՝ լավ, բայց սա այդքան նյութ՝ քար չունի, որ ուզում է վերականգնել։ Բայց գումարը կա։ Սակայն, եթե չկա նյութը՝ չպետք է վերականգնել, պետք է կոնսերվացնել։ Իտալիայում շատ զարգացած է կոնսերվացման մշակույթը։
Զվարթնոցի տաճարը լավ է, որ չվերակառուցեցին, փոխարենը՝ կոնսերվացրեցին եվրոպական ձևով։
– Մեր բերդերը վերականգնելու համար կա վերականգնող ճարտարապետների կարիք։ Դուք ընդգրկվա՞ծ եք այդ աշխատանքներում։
– Չէ, որովհետև պետք է հետևել պեղումներին, ես էլ ֆիզիկապես Հայաստանում չեմ, բայց կան լավ ճարտարապետներ, որոնց հետ կապի մեջ եմ։ Օրինակ, հաջորդ տարի պետք է գնամ Բաղաբերդ՝ նոր աշխատանքները տեսնելու։ Մասնակցում եմ հեռվից՝ կոնսուլտացիոն բնույթով։
– Խոսենք նաև Հառիճավանքում որմնանկարի վերականգնման աշխատանքների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպե՞ս եք գնում և գտնում այն եկեղեցիները, որտեղ որմնանկարներն ունեն վերականգնման կարիք։
– Ամենահարուստ և կարևոր նյութը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանի պահոցներում, որ Լիդյա Դուռնովոն է արել։ Սրբապատկերների մասնագետ էր։ Իրեն ուղարկել են Սիբիր՝ հայացքների համար։ Հետո արվեստաբան Ռուբեն Դրամբյանը նրան հրավիրում է ՀՀ, և հենց Լիդյան է նկատել, որ հայկական եկեղեցիներում կան որմնանկարներ, բայց ոչ ոք դրանցով չի զբաղվել։ Ազգային պատկերասրահում կա որմնանկարների սրահ, ու այնտեղ կրկնօրինակներ են՝ տարբեր եկեղեցիներից հավաքված։ Դա նրա շնորհքն է։
Նա գնում, նայում էր, բայց չկար մաքրելու, վերականգնելու հնարավորություն։ Մտածում է, թե ինչո՞վ կարող է օգտակար լինել, ու գտել է որմնանկարը պահպանելու ձևը։ Նկարիչներին սովորեցրել է, թե ինչպե՞ս կրկնօրինակել որմնանկարը, ու իր մահվանից հետո նրանք շարունակել են։ Տախտակներ են արել, վրան՝ կարտոն (ստվարաթուղթ), դրա վրա գիպս են արել, ու նկարիչները գուաշով արտանկարել են։
Գնացել ուսումնասիրել, համեմատել ենք, և կտորներ կան, որոնք կրկնօրինակի վրա կան, իսկ իրականում արդեն չկան։ Այսինքն, ինֆորմացիան արդեն կա։ Ինքը տետր է ունեցել, որտեղ ամբողջը նկարագրել է։ Իսկ լուցկու տուփերի մեջ սվաղի կտոր է վերցրել, որ անալիզ անի։ Ամբողջն արխիվում կա։ Այդ ամբողջ նյութը պետք է գիրք դարձվի, ու լինի մատչելի, վերականգնողներն էլ կարդան, հասկանան։
Ես ու Քրիստինն էլ այդ հետքերով գնացինք. որմնանկարները շատ վատ են պահպանվել, և դժվար է հասկանալ։ Մի օր գնացինք Մաստարայի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցի։ Պատարագ էր։ Տեր հորը հարցրեցինք ՝ Մաստարայում որմնանկարի հետքեր կա՞ն, պատասխանեց, որ երբեք չի եղել։ Սկսեցինք շրջել եկեղեցում. պատերին տարբեր սվաղի կտորներ կային։ Փայտե օթյակ կար, որ ռուս երգչախումբն էր կանգնել, երգել։ Քրիստինը բարձրացել էր այնտեղ, մեկ էլ կանչեց․ «Արա՛, արի, ինչ-որ բան գտա»։ Ասաց՝ որմնանկարի մաս կա։
Մոտեցա։ Ձեռքի մատներ էին երևում։ Մի քիչ բամբակ, թորած ջուր վերցրեցինք, կողքերը մաքրեցինք ու տեսանք, որ ինչ-որ բան է նկարված։ Չափագրեցինք, դիմում ուղարկեցինք ԿԳՄՍՆ, թույլտվություն ստացանք, ներկայացրեցինք նախագիծը։ Վերականգնեցինք, բայց տեսնեիք, թե ի՞նչ վիճակում էր որմնանկարը։ Խորհրդային շրջանում Կոլխոզին էր պատկանում, ամբողջը սպիտակեցրել էին ու ցորեն, գարի էին պահել։ Որպես պահեստ էր ծառայել։ Նախքան սպիտակեցնելը լավ հաստ սվաղել են՝ շատ ավազ ու քիչ կիր, ցեմենտ օգտագործելով։ Եվ այդ սվաղը փակել էր որմնանկարների (7-րդ դար) հետքերը։ ԽՍՀՄ-ը երբ փլուզվում է, հավատացյալները գնում են մաքրելու ու ինչ գործիքով ասես քանդում են այդ հաստ սվաղը՝ չիմանալով, որ որմնանկարի հետքեր կան։
Վերականգնեցինք որմնանկարը և պատկերված էր ձիավոր՝ թրով ու քամին զգեստը տանում է․․. շատ հետաքրքիր է։ Գլուխը չկա։ Որմնանկարի այդ մի կտորը՝ ձիու գլուխը, սանձերը, մնացել էին օթյակի գերանի տակ։ Ասացի՝ բացենք այդ մի աստիճանը, շարունակենք, բայց այդպես էլ չեղավ։ Սա հայտնություն էր, քանի որ եկեղեցում հայտնաբերեցինք մի որմնանկար, որի մասին ոչ ոք չգիտեր։ Իսկ հարավային կիսախորանի անկյունում էլ դուրս եկան երեք սրբապատկերների հետքեր։

– Հառիճավանք վանական համալիրի Սբ․ Աստվածածին եկեղեցու որմնանկա՞րն ինչպես գտաք։
– Պատմական տեղեկություն չկար։ Մթության մեջ էր, շատ վատ էր պահպանվել։ Կամարի տակ էր ու 5-6 տարի առաջ գտանք։ Փորձեցինք լուծել տանիքի խոնավության հարցը։ Այնտեղ այնպիսի անձրևներ, սելավ է լինում, որ վախենում ես, ասում ես՝ աշխարհը քանդվեց։ Հսկայական արագությամբ անձրև է գալիս, քամի, կարկուտ։ 1830մ բարձրության վրա է Հառիճավանքը։ Այս տարի կարողացանք ամրացնել որմնանկարի պահպանված կտորները, գունային երանգներ տալ։ Այնտեղ կարևոր մի բան կա․ որմնանկարի ներքևի հատվածում երկու կարմիր գիծ է գնում․ որմնանկարը մոտավորապես 8քմ է եղել, հիմա պահպանվել է մոտ 3քմ։ Գծերի միջով հայերեն ներկագիր տեքստ է՝ գեղեցիկ ձեռագրով։ Առաջին և վերջին մասերը պահպանվել են․ առաջին մասում խաչ է նկարված, ապա երկու կետ է, հետո գրված է՝ ՈՁ, երկու կետ՝ Դ։ Սյսինքն, դարն էր․ ՈՁ-ն 1235թ․ է։ 1201թ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին են կառուցում Զաքարյան եղբայրները, 1219թ․ գավիթն են վերջացնում, 1235թ.՝ որմնանկարները։ Շատ հետաքրքիր է․ պատմական մասը կա։
– Մե՞կ, թե՞ մի քանի պատկեր է առկա։
– Մեկ պատկեր է։ Կամարի տակ է, հորինվածքը լուսնաձև է։ Մարիամ Աստվածածինն է՝ մանկան հետ։ Մարիամ Աստվածածնի դեմքը չի պահպանվել, բայց լուսապսակի վերևի մասը կա ու մազերի քիչ մասը։ Մանուկ Քրիստոսը գրկին է, դրված է ձախ ծունկին։ Մի ձեռքը դրված է մանկան ուսին, մյուսով ցույց է տալիս, որ եկավ փրկիչը։ Կա նաև գահի կողքի մի մասը։ Ըստ երևույթին աջ և ձախ մասում պետք է լինեն հրեշտակապետերը՝ Միքայելն ու Գաբրիելը։ Պահպանվել է մի ձեռքի մաս, որ գունդ է պահում, մյուսում պետք է լինի գավազանը։
– Վերջնական վերականգնման համար ի՞նչ է պետք։
– Ուզում եմ արհեստական բանականությամբ կամ նկարիչների օգնությամբ վերականգնել ամբողջ պատկերագրությունը։ Լուսարձակներով հենց տեղում, պատի վրա ցույց տալ, հետո գունավորել ու ունենալ երևակայական պատկեր, թե ինչպես կարող էր լինել որմնանկարը՝ ամբողջական պահպանված վիճակում։ 4-5 րոպեանոց ցուցադրություն պետք է լինի, հետո լույսերը կանջատեն ու կմնա այն, ինչ մնացել է որմնանկարից։
– Դարերի ընթացքո՞ւմ է որմնանկարն այս վիճակում հայտնվել, թե՞ մարդկային գործոնը կա։
– Երկուսն էլ։ Առաջինը բնակլիմայական պայմաններն են, հարյուրամյակների ընթացքում անձրաջուրը ծորացել է պատով, որմնանկարը թափվել, ընկել է։ Երկրորդ՝ կային քարերի փոքր փոսիկներ․ մտածում ենք, որ խորհրդային շրջանում երեխաները խաղացել են, քարերով խփել։
– Ձեր պապիկը՝ գրող Կոստան Զարյանը, իր ստեղծագործություններով փորձում էր փրկել կամ վերափոխել հայի ոգին, Դուք փորձում եք քարի, որմնանկարի միջոցով կատարել այդ նույն աշխատանքը։ Կարո՞ղ ենք ասել, որ ճակատագրով Ձեզ բաժին ընկածը կարողանում եք պատվով կատարել։
– Ըստ երևույթին պատահական չէ։ Ես հետևել եմ և իմ մեծ հոր՝ Կոստան Զարյանի, և հորս՝ Արմեն Զարյանի գործունեություններին, և դեպի Հայրենիք, մշակույթ սերը ժառանգել եմ։ Փորձել եմ անել այն, ինչ սիրել եմ։ Շարունակում եմ գործը, ինչ պապիկն ու հայրիկը արել են ամբողջ կյանքում։
– Ձեր պապիկին փոքր հասակում եք տեսել, և հիշում եմ, մեր նախորդ զրուցում ասացիք, որ երբ նա քայլում էր Աբովյան փողոցով, բոլորը շրջվում և իրեն էին նայում։ Այդ թագավորական կեցվածքով նաև տա՞նն էր, թե՞ լրիվ փոխվում էր։
– Միշտ կոկիկ էր հագնվում, որովհետև այդ ժամանակ ՀՀ եկել էր ԱՄՆ-ից։ Կրում էր թիթեռնիկ փողկապ, գլխարկ, ուներ ձեռնափայտ։ Այդ շրջանում միայն ինքը չէ, որ այդպես էր հագնվում։ Երբ պետք է աշխատեր՝ լավ հագնվում էր, մազերը միշտ հարդարված էին։ Ընդհանրապես միշտ հետևել է իր արտաքինին։
Կարծում եմ, սա մեր ընտանիքի բոլոր անդամերին փոխանցվել է, միշտ ուզում ենք կոկիկ լինել։ Նշանակություն ունի, թե ինչպես ես ներկայանում հասարակությանը։
– Ինչ-որ թեմաների շուրջ խոսե՞լ եք։
– Չէ՜, ես շատ փոքր եմ եղել, և այն ժամանակ չեմ հասկացել, թե ինչ պապիկ ունեմ։ Երբ Իտալիայից եկանք ՀՀ, հայերեն չգիտեի, մենակ իտալերեն գիտեի, և պապիկի հետ սկսել եմ շփվել իտալերենով։ Նա նաև անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, թուրքերեն, ֆրանսերեն գիտեր, բայց ամբողջ կյանքում գրել է հայերեն։ Իր հիմնական գործերը գրել է հայերեն ու հայերի համար։ Լավ հիշում եմ, օգնել է հայերեն ուսանել, բայց հաղորդակցվել ենք իտալերենով։

– Ո՞րն է հաջորդ եկեղեցին, որմնանկարը, որ ձեր ուշադրության կենտրոնում է։
– Տարիներն անցնում են, մեր եռանդը չի մարել, բայց ճիշտն ասած, արդեն դժվար է տախտակամած բարձրանալ։ Մտածում ենք, որ կարող ենք ամփոփել մեր այս ամբողջ աշխատանքը։ Մեր գրքերում վավերագրություն է։ Իտալացի մի մասնագետի հետ խորհրդակցել ու որոշել ենք պատրաստել մի գիրք, որը վերաբերում է հայկական որմնանկարչությանը, որովհետև մենք չգիտենք՝ գոյությունի ունի՞ հայկական որմնանկարչություն, որմնանկարչական դպրոց։ Այն որմնանկարները, որոնք ուսումնասիրել ենք, պահպանել, դրանք հայ նկաւրիչների նկարածնե՞րն են, թե՞ ոչ։ Մենք այդ բոլորի մասին դեռևս չգիտենք։ Մեկ բան գիտենք․ բոլոր որմնանկարները հայկական եկեղեցիներում են։
– Այս աշխատանքները, կարելի է ասել՝ անվճար եք կատարում, բայց ի՞նչ եք ակնկալում դրա դիմաց։
– Հաճույք, գոհունակություն, երջանկություն։ Ուրախ ես, որ ինչ-որ մի բան ես թողնում քո ազգին։

