Կալանավորված Արեգնազ Մանուկյանին արգելում են շփվել 13-ամյա դստեր հետ. փաստաբանն ահազանգում է «պատժիչ քայլերի» մասին. Azatutyun.am

Դատարանն արգելել է ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության կալանավորված անդամ Արեգնազ Մանուկյանին խոսել անգամ 13 տարեկան երեխայի հետ: Բանտից տարածած ուղերձում նախկին պատգամավորն իր նկատմամբ կիրառվող վերաբերմունքը որակել է «անմարդկային և ցնցող»:

«Ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից», – բանտից գրել է ընդդիմադիր կին գործիչը:

«Էն հոգեբանական տրավման, որ ինքը պատճառում է եդ երեխային, որևէ ռեաբիլիտացիայի ենթակա չի լինելու», – «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյան:

Փաստաբանը պնդեց՝ ընդդիմադիր գործչին կալանավորելու ու հարազատների հետ շփման արգելք սահմանելու դատարանի որոշումը խոսում է քաղաքական հրահանգով պատժիչ քայլերի մասին:

«Հասկանում ենք, որ էստեղ կա ուղիղ, բնականաբար, քաղաքական հրահանգ, և էդ քաղաքական հրահանգի պատժիչ, լրացուցիչ ռեպրեսիվ գործիքակազմի ամենավառ ապացույցը էդ մանկահասակ, դեռահասության տարիքում գտնվող երեխայի հետ շփման արգելքն է: Լավ, ես անունակ եմ էստեղ ուղղակի բացատրելու, անկարող եմ բացատրելու, թե ո՞ր դատավարական շահն է պահանջելու, որպեսզի մայրը չշփվի իր 13 տարեկան աղջկա հետ: Էդ ի՞նչ պետք է անի, ո՞նց պետք է 13 տարեկան աղջկա հետ խոչընդոտի վարույթի քննությանը», – ասաց Սողոյանը՝ հավելելով. – «Մենք հասկանում ենք, որ էստեղ անտեսված է առաջին հերթին երեխայի լավագույն շահը»:

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը կալանավորվեց հուլիսի 9-ին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով:

Փաստաբանի պնդմամբ՝ քննչական մարմինը առանց փաստեր ներկայացնելու ենթադրել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, 2024 թվականին մասնակցելով Ազգային ժողովի փակ նիստին, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել իր կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանին: Կալանքի նիստերը փակ են, և «Ազատություն»-ը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու մեղադրող կողմի հիմնավորումներին:

Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի երկրորդ տեղում ընդգրկված Թևանյանը կալանավորվեց նախընտրական շրջանում՝ մայիսի 23-ին, լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով: Նա ևս մեղքը չի ընդունում՝ պնդելով որ քաղաքական հետապնդման է ենթարկվում:

Այս գործի շրջանակում կալանավորված Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը, սակայն, պնդում է, որ որևէ փաստ չկա, որ Մանուկյանը մասնակցել է խորհրդարանի այդ փակ նիստին, Մանուկյանն ինքն էլ պնդում է, թե ինքն էլ չի հիշում, որ մասնակցել է դրան: Սահմանազատման հարցով փակ նիստին մասնակցել էին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու սահմանազատման հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հիմա քննչական մարմնի ամբողջ թեզը կայանում է նրանում, որ ենթադրաբար այդ տեղեկատվությունը պետք է փոխանցած լիներ տիկին Մանուկյանը: Բայց ենթադրության հիմքով մարդուն կալանավորել … Փաստական տվյալներ մատնանշված չեն, որ հենց ինքն է փոխանցել: Այսինքն, ամեն ինչը անուղղակի ասում են՝ քանի որ միևնույն խմբակցությունից են եղել, միևնույն կուսակցությունից են եղել, մտերիմ հարաբերություններ են եղել», – ասաց փաստաբանը:

Արեգնազ Մանուկյանը նախօրեին բանտից պնդել է՝ որևէ հանցանք չի կատարել, ընդամենը քաղաքական հետապնդման է ենթարկվում:

«Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ։ Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում։ Ես հասկանում եմ, որ շատերդ գուցե շփոթված եք «պետական գաղտնիքի» խորհրդավոր շղարշից, շատերդ կաշկանդված եք զգում նման մեղադրանքի լոկ գոյությունից, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ժամանակն ու փաստերը ապացուցելու են իմ անմեղությունը», – վստահեցրել է ընդդիմադիր գործիչը:

Ըստ Տաթևիկ Սողոյանի՝ դատարանն ընդունել է, որ հիմքեր չկան ենթադրելու, թե Արեգնազ Մանուկյանը փախուստի կդիմի և նոր հանցանք կկատարի: Դատարանը միայն համարել է, թե նա կարող է խոչընդոտել գործի քննությանը: Միայն այս մեկ հիմքով և միջին ծանրության մեղադրանքի համար անչափահաս երեխայի մորը կալանավորելը փաստաբանն անթույլատրելի է համարում՝ նշելով, որ դատավորը կարող է խափաման այլ միջոց կիրառել, օրինակ՝ գրավ:

Փաստաբանը մեկ այլ հանգամանք էլ է մատնանշում. եթե իրավապահների կողմից մատնանշված ենթադրյալ հանցանքը տեղի է ունեցել 2024-ին, ապա ինչո՞ւ այդ մասին հիշեցին միայն նախընտրական շրջանում, և այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո:

Վարչապետը քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության մեղադրանքով գործ հարուցելու համար:

«Հանցանք էր պետության դեմ, ինչո՞ւ եք դուք հանցագործներին թողնում, որ ազատ շրջեն, քաղաքական գործունեությամբ զբաղվեն, և այլն», – ընդգծեց Սողոյանը:

Ի դեպ, փաստաբանը նաև ահազանգում է ձերբակալվող, ապա կալանավորվող անձանց նկատմամբ կիրառվող անմարդկային պրակտիկայի մասին, ինչի միջով անցել է նաև 46-ամյա Արեգնազ Մանուկյանը: Սողոյանը նշում է, որ վաղ առավոտյան ներխուժելով ձերբակալվողի տուն՝ իրավապահները թույլ չեն տալիս, որ անձը իր հետ հագուստ ու սնունդ վերցնի, և մի ամբողջ օր սոված, առանց հանգուստի տառապում է հակահիգիենիկ պատժախցերում:

«Այնուհետև տանում են դատարան, դատարանում պահում են շատ վատ պայմաններում, խցերում, էդ պահման վայրերը, էսպես, նեղ վանդակատիպ տարածություններ են, խիստ հակահիգիենիկ պայմաններում գտնվող, ոչ կարելի է նստել, ոչ կարելի է պառկել … մոտավորապես 5-6 ժամ Արեգնազ Մանուկյանը անցկացրել է էդ խցում՝ առանց սնվելու և առանց հագուստ ստանալու հնարավորության», – մանրամասնեց փաստաբանը:

Տաթևիկ Սողոյանի փոխանցմամբ՝ հակամարդկային այս վերաբերմունքի մասին նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը տեղյակ է պահել նաև Մարդու իրավունքների պաշտպանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031