Ռուսաստանը Ճապոնիայի գործողություններում սպառնալիք է տեսնում
Ճապոնիայի կողմից իր տարածքում ամերիկյան Typhon համալիրների տեղակայումը անմիջական սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի հեռավորարևելյան սահմանների համար։ Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Անդրեյ Ռուդենկոն։
Նա նշել է, որ Ռուսաստանն «ուշադիր հետևում է ռազմական ակտիվության ընդլայնման ուղղությամբ ճապոնական կողմի ջանքերին»։
«Տոկիոյի կողմից իր տարածքը ամերիկյան միջին և կարճ հեռահարության հրթիռային համալիրների տեղակայման համար տրամադրելը՝ անկախ տեղակայման տևողությունից (դրվագային, ռոտացիոն կամ մշտական հիմունքներով), մենք դիտարկում ենք որպես քայլ, որը լուրջ բացասական ազդեցություն է թողնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա և անմիջական սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի հեռավորարևելյան սահմանների համար», — ընդգծել է Ռուդենկոն։
Դրա հետ կապված ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը նշել է, որ Մոսկվան «բազմիցս տարբեր ձևաչափերով, որոնք նախատեսված են դիվանագիտական պրակտիկայով, նախազգուշացրել է ճապոնական կողմին նմանատիպ կործանարար որոշումներից ձեռնպահ մնալու մասին»։

