
Որովհետև տգետ են… սեփական ծրագրեր չունեն, նախկիններից ժառանգածն էլ տապալում են

Նիկոլ Փաշինյանի գլխավորած բոլոր կառավարություններն աչքի են ընկել ապշեցնող ապաշնորհությամբ։
Անհնարին է հիշել որևէ նշանակալի ենթակառուցվածքային ծրագիր, որը նախանշել են ու 7 տարում կարողացել են հասցնել ավարտին։ Ինչ էլ, շահագործման ժամկետները տարիներով խախտելով, մի կերպ ավարտել են, եղել է նախկինների թողածը։
Նախկինից եկած շատ ծրագրեր մինչև հիմա էլ շարունակում են դոփել տեղում, չնայած շատ վաղուց արդեն պիտի ավարտած, շահագործման հանձնած լինեին, ու այդ ծրագրերը պիտի տնտեսական արդյունք ապահովեին Հայաստանի համար։
Տնտեսական ծրագրերը ժամանակին չավարտելու հետևանքով երկրին հսկայական վնասներ են հասցրել՝ ոչ միայն տեղական, այլև տարածաշրջանային մակարդակով, ոչ միայն նյութական, այլև ստրատեգիական առումով։ Մինչև հիմա երբևէ չի եղել, որ ասեն, թե իրենց անկարողության պատճառով ինչքան վնասներ են հասցրել երկրին՝ նախատեսված կարևոր ենթակառուցվածքային ծրագրերը ձախողելու ու ժամանակին չիրականացնելու հետևանքով։
Վերջերս, շինարարության մեկնարկից գրեթե 9 տարի հետո, վերջապես հայտարարեցին Վեդու ջրամբարը շահագործման հանձնելու մասին։ Ջրամբար, որի շինարարությունը սկսել են նախկինները։ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարություններն այս ջրամբարի հետ այնքանով կապ ունեն, որ տարիներով հետաձգել են դրա կառուցումն ու շահագործումը։
Վեդիի ջրամբարի շինարարությունը մեկնարկել է 2017թ. գարնանը։ Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը։
Ջրամբարի կառուցումը նախատեսվում էր ավարտել 2021թ., բայց ակնկալվում էր, որ կառուցումը նույնիսկ ժամկետից շուտ կլինի՝ 2020թ. կեսերին։
Եկան ՔՊ-ականները և բոլոր հնարավոր ու անհնարին ժամկետները խափանեցին։ Ո՛չ 2020թ., ո՛չ էլ 2021թ. ջրամբարը շահագործման չհանձնվեց։
2022թ. կառավարության նիստերից մեկի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն 2022թ. վերջին։ Բայց 2022թ. վերջին ջրամբարի կառուցումն այդպես էլ չավարտվեց։
Հայտարարեցին, որ ժամկետը հետաձգվել է, կավարտեն 2023թ. երկրորդ կիսամյակում։ Նիկոլ Փաշինյանը գնաց ջրամբարի կառուցման վայր և հանձնարարեց ամեն գնով շինարարությունն ավարտել մինչև տարեվերջ։
«Այլընտրանք չկա՝ անեք, թե չանեք: Պետք է ավարտվի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Բայց այդ ժամկետն էլ անկատար մնաց։
Նույնիսկ 2024թ. վերջին ջրամբարի շինարարությունն ավարտված չէր։
Ավարտի մասին հայտարարեցին միայն վերջերս՝ նախատեսված ժամկետից գրեթե 5 տարի անց։
Հինգ տարի հետ գցեցին Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները՝ վնասներ հասցնելով ինչպես գյուղատնտեսությանը, գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին, այնպես էլ՝ պետական բյուջեին։ Հայտնի է, որ Վեդիի ջրամբարի կառուցումն իրականացվել է վարկային միջոցներով, ու ժամկետների ցանկացած շեղում ենթադրում է ոչ միայն շինարարության թանկացում, առավել ևս, երբ խոսքը 5 տարվա մասին է, այլև ուշացումների համար տույժ-տուգանքների վճարում։
Վերջերս էլ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ շահագործման է հանձնվել Հայաստանում առաջին խոշոր արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանը՝ «Մասրիկ-1»-ը։ Սա ևս նախկիններից Նիկոլ Փաշինյանի կառավարություններին մնացած կարևոր ենթակառուցվածքային և արտադրական ծրագիր է, որում ՔՊ-ական վարչակազմի հիմնական առաքելությունը եղել է այն, որ ծրագրի իրականացումը տարիներով հետ է գցել։
Հիշեցնենք, որ դեռևս 2015թ. Վերակառուցման և Զարգացման Բանկի հետ ստորագրվեց դրամաշնորհային համաձայնագիր, որով Հայաստանում արդյունաբերական նշանակության արևային էներգիայի ծրագրի մեկնարկը տրվեց։ Դրա շրջանակններում էլ մշակվեց «Մասրիկ-1»-ը։ Ծրագիրը պատրաստ էր մինչև հեղափոխականների իշխանության գալը։ Մեկնարկեց 2018թ., բայց տարիներով հետաձգվեցին շահագործման ժամկետները և միայն վերջերս հաջողվեց այն հասցնել ավարտին։
Մեկ այլ՝ արդյունաբերական նշանակության արևային կայանի ծրագիր ձեռնարկել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, բայց ունենք այն, որ տարիներ անց ծրագրի շինարարությունը չի էլ մեկնարկել, հայտնի էլ չէ՝ ընդհանրապես կմեկնարկի՞, թե՞ ոչ։ Խոսքը տխրահռչակ ԱՆԻՖ-ի շրջանակներում նախատեսվող «Այգ-1» ծրագրի մասին է, որի վերաբերյալ ԱՄԷ «Մասդար» ընկերության հետ համաձայնագիրը ստորագրվել է 2021թ.։
Չորս տարի անց ոչինչ չի արվել։
Հաշվի առնելով ԱՆԻՖ-ի ու դրա հետ կապված ծրագրերի ապագան, դժվար չէ ասել, թե ինչ է սպասվում «Այգ-1»-ին, որը դարձրել էին իրենց կառավարության ներդրումային բրենդը. չմեկնարկած՝ աննախադեպ ներդրումներից էին խոսում։ Տեսնում ենք, թե ուր են մնացել այդ ներդրումները։
7 տարի իշխանության են՝ իրենցից առաջ մեկնարկած Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գիծը, որը պիտի շահագործման հանձնվեր 2019թ.՝ մինչև հիմա կառուցվում է։ Արդեն անհնարին է նույնիսկ հիշել, թե քանի անգամ են վերանայել ու հետաձգել ծրագրի իրականացման ժամկետները։
Թե դրանով ինչքա՞ն վնասներ են հասցրել երԵթե նախկիններից մնացած որոշ նախագծեր, նախատեսված ժամկետներից տարիներ անց, պարբերաբար հետաձգելուց հետո, մի կերպ հասցրել են ավարտել, մի շարք կարևոր ու տարածաշրջանային նշանակության ծրագրերի ապագան այսօր էլ անորոշ է։կրին, նույնիսկ ասելու չէ։ Այս ծրագիրը, որը մեկնարկել էին նախկինները, պիտի դառնար տարածաշրջանային էներգետիկ համակարգի առանցքային հանգույցներից մեկը՝ Հայաստան-Վրաստան գծի միջոցով դուրս գալով Ռուսաստան։ Ամբողջությամբ տապալել են։
Եթե Իրան-Հայաստան գիծը դեռ կառուցման ընթացքում է, Հայաստան-Վրաստան գիծն այլևս հույս էլ չկա, որ կառուցման կհասնի։ Չնայած հասնելու պարագայում էլ այն այլևս ամբողջությամբ կորցրել է իր նշանակությունը։ Մինչ ՔՊ-ականների իշխանությունը թիթեռ էր նկարում ու մերձեցման երեկույթներ կազմակերպում Եվրամիության հետ, Հայաստանը սահուն դուրս մնաց Իրան-Ռուսաստան էներգետիկ առանցքից։ Փոխարենը՝ արագորեն այնտեղ տեղավորվեց Ադրբեջանը։
Նախկինից եկած ենթակառուցվածքային ու տարածաշրջանային նշանակության որոշ կարևոր ծրագրերի մասին այսօր ընդհանրապես անիմաստ է նույնիսկ խոսելը։ Վաղուց արդեն դրանք մոռացության են տրվել՝ չնայած ժամանակին իրականանալու մեծ հնարավորություններ ունեին ու լուրջ առավելություններ կարող էին ապահովել Հայաստանի համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ