«Արվում է այն, ինչ իրենց անհրաժեշտ է, ինչ ուզում են, և հակակշիռների մեխանիզմ գոյություն չունի»․ Թաթուլ Մանասերյան
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Կառավարությունը 2026-ի առաջին կիսամյակի համար պետական համակարգի պաշտոնյաներին 5 միլիարդ դրամի պարգևավճարներ կբաժանի, որոշման նախագիծը գործադիրի վերջին նիստի օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։
Միլիարդավոր դրամների պարգևավճարները նորություն չեն Փաշինյանի ու նրա թիմի համար․ նմանատիպ մի ակցիա էլ պաշտոնյաների համար էր տեղի ունեցել նախորդ տարվա ավարտին, ու նույնիսկ պաշտոնյա կար, որ չէր կարողացել մտաբերել՝ 6, թե՞ 7 միլիոն դրամ էր պարգևավճար ստացել։
Հաջորդ տարվա հայտարարագրերից պարզ կդառնա, թե այս անգամ ինչքան պարգև են ստացել պետական համակարգի աշխատողները և այդ թվում՝ նրանք, որ 2018 թվականին խոստանում էին, որ գալու են ծառայելու ժողովրդին։
Մեր երկրի տնտեսական իրրողությունների պայմաններում, երբ ըստ 2025 թվականի պաշտոնական ցուցանիշների՝ աղքատությունը 22 տոկոսի է հասնում, իսկ պետական պարտքը՝ 13,9 միլիարդ ԱՄՆ դոլարի, որքանո՞վ է օբյեկտիվ նման շռայլությունը, և արդյո՞ք այս որոշման մեջ կա կոռուպցիոն ռիսկ՝ 168.am-ը հետաքրքրվեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից։
«Կարծում եմ` այդտեղ որևէ տրամաբանություն ընդհանրապես պետք չի փնտրել, որովհետև ներկայումս ո՛չ օրենքներն են գործում, ո՛չ կառավարության ծրագիրն է կատարվում (նախկինը․ նորը դեռ չկա), բյուջեով նախատեսված հոդվածները փոփոխվում են` առանց Ազգային ժողովի հավանության։ Խոսքը վերաբերում է այն ծախսերին, որոնք փոփոխվեցին, փոխարինվեցին՝ ինչպես, օրինակ, նպաստների փոխարեն՝ կենսաթոշակների ավելացումը, և այլն։
Այս պայմաններում դուք ակնկալում եք, որ որևէ հիմնավորո՞ւմ պետք է լինի․ արվում է այն, ինչ իրենց անհրաժեշտ է, ինչ ուզում են, և հակակշիռների մեխանիզմ գոյություն չունի, ըստ էության»,- ի պատասխան՝ նշեց տնտեսագետը։
Ըստ նրա՝ թեև տնտեսական առկա իրողությունների պայմաններում, երբ փակվում են գործարանները, կապարակնքվում են աշխատավայրերը, անձեռնմխելի չէ սեփականության իրավունքը, տուժողը ժողովուրդն է, այդուհանդերձ, նաև պետք է նկատի ունենալ ընդդիմության դերակատարումը։
«Բայց խնդիրն այն է, որ մենք այդպես էլ չունեցանք ընդդիմություն, որը կարող է լինել հակակշիռ։ Հակակշիռը ցանկացած երկրում այն ընդդիմությունն է, որը ցանկացած պահի նախ ցույց է տալիս իշխանության սխալները, բացթողումները, ապա ներկայացնում է այլընտրանք։ Իսկ մեծամասամբ ընդդիմությունն այլընտրանք այդպես էլ չի ներկայացրել՝ բացի ուղղակի քննադատությունից, և ժողովուրդը նաև այս մասով է որոշ չափով հիասթափված»,- հավելեց Թաթուլ Մանասերյանը։

