Ո՞ւր են տանելու ճանապարհներն արցախահայերին. Այս հարցը մնում է օդում կախված
Արցախը դատարկվել է՝ նոր միջազգային կառույցներն ու Միացյալ Նահանգները հիշել են, որ այնտեղ պետք է դիտորդական առաքելություն ուղարկեն։ Ո՞ւմ համար է այդ առաքելությունը, երբ Արցախն այլևս դատարկ է։
Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ արցախահայությունն իր Հայրենիքում այլևս ապագա չունի, կանգնած է ֆիզիկական գոյության փաստի առաջ և անիմաստ է հույսը դնել իրենց անվտանգության ու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային դերակատարների ու Հայաստանի իշխանությունների դատարկ հայտարարությունների վրա, մարդիկ սկսեցին զանգվածաբար լքել Արցախը։
Հայաստանի իշխանությունները հավաստիացնում էին, թե պատրաստ են պատշաճ ընդունել ու տեղավորել մեր հայրենակիցներին։
Երբ այս ամենը նոր էր սկսվում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հանձնարարական է տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, կեցության և կենցաղային պայմաններն ապահովելու համար։
Ավելին, ասում էր՝ կառավարությունը հյուրանոցային համարներ է պատվիրել և մի քանի հազար տեղ պատրաստել բնակարանների համար։
«Հայաստանում ԼՂ մոտ 40 հազար ընտանիք տեղավորելու աշխատանքներ են տարվել»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Անկախության օրվա առիթով հղած ուղերձում էլ հայտարարեց, թե «կառավարությունը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետությունում»։
Բայց այն, ինչ տեսանք, որևէ աղերս չուներ իշխանությունների ու Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների հետ։ Այդքան զրկանքներ կրելով, օրերով սոված ու ծարավ ճանապարհներին անցկացնելուց հետո, մարդիկ մի կերպ հասնում էին Հայաստան ու անմիջապես բախվում մեկ այլ իրականության հետ։ Չնայած հավաստիացումներին՝ իշխանությունները պատրաստ չգտնվեցին պատշաճ ընդունել ու տեղավորել մարդկանց։
Շատերն անորոշության մեջ էին, չգիտեին՝ ո՞ւր գնալ, ո՞ւր պատսպարվել, ու ստիպված էին երբեմն գիշերել դրսում՝ բաց երկնքի տակ կամ մեքենաներում։
Նրանք էլ, ովքեր չէին սպասում, թե երբ կբարեհաճեն լուծում տալ իրենց խնդիրներին, փորձում էին սեփական նախաձեռնությամբ լուծումներ գտնել, տեղափոխվել ոչ թե այնտեղ, որտեղ առաջարկում էին բնակություն հաստատել իշխանությունները, այլ նախընտրում էին մոտ գտնվել այստեղի իրենց հարազատներին ու բարեկամներին, կանգնում էին մեկ այլ փաստի առաջ։ Ոչինչ, որ վերջին օրերին կրկին թանկացել են վարձով բնակարանները, դժվար է նույնիսկ դրանք գտնելը։ Ու այնպես է ստացվել, որ ընտանիքի անդամների մի մասը, որոնք ժամանակին տեղափոխվել են, բնակվում են Հայաստանում, մի վայրում պիտի ապրեն, մյուս մասը՝ մեկ այլ։
Ինչպե՞ս են սա պատկերացնում նրանք, ովքեր այս օրերին զբաղված էին արցախահայության տեղավորման խնդիրներով, դժվար է ասել։
Վաղն էլ ասելու են, թե բնակարան կամ ապրելու տեղ առաջարկել են, մարդիկ հրաժարվել են։
Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի արցախահայությանը տեղավորեն հեռավոր կամ սահմանամերձ բնակավայրերում, այն ակնկալիքով, որ նրանց հեռու պահեն Երևանի քաղաքական թոհուբոհից։ Նույնիսկ մոտակա մարզեր խուսափեցին տեղափոխել։
Երևանի մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։ Պետական մակարդակով այդ առումով ոչինչ չարվեց։
Շատերն էլ, ովքեր եկան Երևան, եկան սեփական նախաձեռնությամբ։
Մնացածներին ուղարկեցին հեռավոր մարզեր ու բնակավայրեր, երբեմն առաջարկելով կացարաններ, որտեղ ապրելու տարրական պայմաններ պարզապես չկան։ Դրանք վաղուց լքված ու քայքայված շինություններ են, նույնիսկ առանց դուռ-լուսամուտների։
Զարմանալի չէ, որ տեղափոխվածների կեսից ավելին, գտնվելով անգամ նման ծանր իրավիճակում, նախընտրել է չընդունել կառավարության առաջարկը։ Իսկ դա նշանակում է, որ խնդիրը ոչ թե նրանց, այլ կառավարության մոտեցումների մեջ է։
Բայց դա էլ մի կողմ։ Նրանք, ովքեր հարկադրված դրան էլ են համաձայնել, վաղը կանգնելու են մեկ այլ խնդրի առաջ. հեռավոր մարզերում աշխատանք չկա՝ նույնիսկ այնտեղ բնակվողների համար, ու դա է հիմնական պատճառներից մեկը, որ տեղի բնակիչները լքել ու լքում են իրենց բնակավայրերը։
Հիմա ինչպե՞ս պիտի այստեղ տեղափոխվող արցախահայերն աշխատանք գտնեն, որպեսզի լուծեն իրենց սոցիալական ու կենցաղային խնդիրները։
Բայց դա կարծես այնքան էլ չի հետաքրքրում իշխանություններին։ Մարդկանց կտեղափոխեն սահմանամերձ ու հեռավոր բնակավայրեր ու իրենց խնդիրը կհամարեն լուծված։ Այնինչ՝ խնդիրները դրանից հետո են սկսվելու։
Վաղն այս մարդիկ կանգնելու են աշխատանք գտնելու ու եկամուտ ստանալու փաստի առաջ։ Ու եթե տեղում չկարողանան լուծել այդ խնդիրները՝ ստիպված են լինելու դիմել ներքին միգրացիայի կամ պարզապես արտագաղթել այլ երկրներ։
Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ ներքին միգրացիայի հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Այդքան աշխատատեղ Հայաստանում չկա, որպեսզի բավարարեն բոլորի պահանջարկը։ Եվ ոչ միայն մարզերում, այլև մայրաքաղաքում, որտեղ կենտրոնացած է աշխատաշուկայի մեծ մասը։
Ուստի մնում է արտաքին միգրացիան։
Այս փուլում իշխանությունները կարծես ամեն ինչ տանում են դրան։ Անում են հնարավորը, որպեսզի մարդիկ հիասթափվեն ու այս անգամ էլ հեռանան Հայաստանից։
Նման իրավիճակի ժամանակին մեկ անգամ արդեն բախվել ենք, երբ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Արցախից ու Ադրբեջանից բազմահազար փախստականեր հարկադրված եղան գալ Հայաստան։ Բայց այստեղ ապրելու, առավել ևս՝ աշխատելու պայմաններ չգտնելով, ստիպված եղան արտագաղթել այլ երկրներ։
Եթե չհաջողվի լուծել Արցախից բռնի տեղահանված արցախահայության ապրելու ու աշխատանքի խնդիրները Հայաստանում, վաղը նրանց մի մասին ևս սպասում է նույն ճակատագիրը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ