«Արդեն այդ հարցը դրել ենք՝ պետք է դիմենք ՄԻԵԴ՝ գույքի կորստի, տեղահանության և այլ հարցերով». Արցախի փաստաբանների պալատի անդամ

Արցախից բռնի տեղահանված հազարավոր արցախահայերի սեփականությունն Ադրբեջանն օկուպացրել է։ Արցախահության իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանից փոխհատուցում պահանջելու, նրանց իրավունքները եվրոպական կառույցներում ներկայացնելու համար  նախաձեռնող խումբ է կազմավորվելու՝ բաղկացած իրավաբաններից։

168.amի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն ասաց, որ բարերարները որոշել են ստեղծել հիմնադրամ, որը կհոգա փաստաբանների ծախսերը, որոնք կլծվեն արցախահայության իրավունքների պաշտպանությանը և նրանց իրավունքները կներկայացնեն եվրոպական տարբեր կառույցներում։

«Բազմաթիվ հարցեր կան կապված ամուսնության, ամուսնալուծության, երեխաների իրավունքների պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման հետ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ հիմնադրամը դեռևս գրանցված չէ, այդուհանդերձ ես հրապարակում էի արել, բազմաթիվ բռնի տեղահանված  մարդիկ արդեն դիմել են ինձ՝ իրավաբանական աջակցություն ու խորհրդատվություն ստանալու համար։ Փորձում ենք դեռևս հեռախոսակապի միջոցով իրավաբանական խորհրդատվություն տրամադրել այդ անձանց»,- նշեց Ռաֆայել Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է Արցախից Հայաստան բռնի տեղահանված մարդկանց կարգավիճակին, փաստաբանն ընդգծեց, որ այդ մարդկանց պետք է ՀՀ-ում տրվի որոշակի կարգավիճակ՝ որպես փախստական։

Կարդացեք նաև

«Ինչ վերաբերում է քաղաքացիություն հասկացությանը, ապա այդ հասկացության հիմքում ընկած են բազմաթիվ տարրեր, այնպես, ինչպես, օրինակ, ընտրելու և ընտրվելու իրավունքը։ Օրինակ, արցախահայությունը չի կարող ընտրվել այնպիսի պաշտոններում, որոնք  սահմանադրորեն որոշակի ցենզ են սահմանում։ Մնացած բոլոր իրավունքներից արցախահայությունը կարող է օգտվել նույն սկզբունքով, ինչպես, օրինակ, ՀՀ-ի տարբեր հատվածներում ապրող քաղաքացիները։

Այս պահին իրավական շատ բարդ հարցեր ու խնդիրներ կան, ինչպես, օրինակ, Արցախում տեղի ունեցած դատական քննության արդյունքում կայացած վճիռները որքանով են կիրառելի ՀՀ-ում։ Այս հարցը դեռևս քննարկման փուլում է։ Այսօր հավաքվելու ենք դատավորների հետ, քննարկելու, թե ինչ ընթացակարգ պետք է ներկայացվի, ինչպես ենք տեսնում դրանց լուծումը, և այդ ամենը ներկայացնենք այստեղի իշխանություններին, գուցե նորմատիվ իրավական ակտերով կարողանանք կարգավորել այդ խնդիրները»,- շեշտեց նա։

Փաստաբանը նաև ընդգծեց, որ սեփականությունն Ադրբեջանի կողմից օկուպացիայի տակ պահելու համար, պետք է փոխհատուցում տրվի Ադրբեջանի կողմից։ Դրա համար ՀՀ-ում պետք է միջպետական դատական ատյանները սպառել ու դիմել ՄԻԵԴ։

«Պարզ է, որ արցախցիները չեն կարող դիմել Ադրբեջանի դատարան, բայց «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը ՄԻԵԴ-ը քննեց, այդ գործը ՄԻԵԴ էր հասել առանց ՀՀ պետական ատյաններում քննելու, այսինքն՝  կա նախադեպ, երբ քաղաքացիները կարող են դիմել՝ առանց ադրբեջանական դատարան դիմելու։

Մենք արդեն այդ հարցը դրել ենք, որ պետք է դիմենք ՄԻԵԴ՝ գույքի կորստի, տեղահանության և այլ հարցերով։ Նաև դիվանագետների ու քաղաքագետների հետ ենք կոնսուլատացիաներ անում, որպեսզի կարողանանք հասնել այն բանին, որ Ադրբեջանը ճանաչվի՝ որպես ցեղասպան երկիր»,- հավելեց մեր զրուցակիցը։

Զրույցի վերջում Ռաֆայել Մարտիրոսյանն ասաց, որ խորը մտահոգություն է  առաջացրել Հայաստանում գույքի վարձակալության գինն արհեստականորեն բարձրացնելու հանգամանքը, ինչը, նրա կարծիքով՝ սոցիալական լուրջ խնդիր է ստեղծելու, որն էլ ուղղակիորեն անդրադառնալու է պետության անվտանգության վրա։

«Ինչպես տեսնում եմ, պետությունն այս ուղղությամբ որևէ հոգածություն չի ցուցաբերում, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Կոչ եմ անում ուշադրությամբ հետևեն այս հանգամանքին»,- եզրափակեց Ռաֆայել Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս