«Այս ամենն իր աբսուրդով, աղաղակող փաստերով, հետապնդում է որոշակի նպատակներ». Քաղաքագետը՝ Ուկրաինային տրամադրվող օգնության մասին

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, փոխանցում է «Ազատությունը»՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թե ի՞նչ չափի ու ինչպիսի՞ օգնության մասին է խոսքն ու ո՞ր կառույցն է այն Ուկրաինա ուղարկել, դեռ պաշտոնապես չի հայտարարվում։ Սեպտեմբերի 6-ին Կիևում մեկնարկում է «Առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովը», որին, ըստ «Ազատության», նաև Հայաստանի վարչապետի տիկինն է մասնակցելու, ու նա էլ անձամբ օգնությունը պետք է փոխանցի։ Աննա Հակոբյանի մասնակցության մասին տեղեկությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում:

Կիևում առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ: Գագաթնաժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է նաև, որ այս ձևաչափով երրորդ գագաթնաժողովի թեման հոգեկան առողջությունն է։

Գագաթնաժողովին մասնակցելու են նաև՝ Էստոնիայի առաջին տիկինը, Սլովակիայի նախագահի զուգընկերը, հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը (հեռավար) և այլք։ «Քննարկելու ենք այսօր դեռահասների առաջ կանգնած թվային մարտահրավերները։ Ի՞նչ սպառնալիքներ ու հնարավորություններ է բերում աշխարհի թվայնացումը։ Ինչպե՞ս կարող է ավագ սերունդն աջակցել պատանիներին աշխարհին հարմարվելու գործում՝ առանց նրանց սահմանափակելու»,- նշված է պանելային քննարկման նկարագրությունում։ 2023-ի գագաթնաժողովին մասնակցում են Դանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի և այլ երկրների առաջնորդների կանայք և ամուսիններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դերասաններ և այլք։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը խոսելով Հայաստանի կողմից Ուկրաինային տրվող օգնության իրական նպատակների մասին, մասնավորապես՝ Արցախում ստեղծված իրավիճակի համատեքստում, նկատեց՝ սա Հայաստանի իշխանությունների հերթական քայլն է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։

«Այսօր ՀՀ իշխանությունը գործում է ոչ իր կամքին ու մտքին համաձայն, թուլամիտ են և քաղաքական նոր որևէ գործողություններ չեն կարողանում պլանավորել։ Բավական հետևողականորեն, մեթոդիկ կերպով Նիկոլ Փաշինյանի «տերերը», որոնք ղեկավարում են այս իշխանությանը, տանում են հակառուսական գիծ։ Եթե ուշադիր նայենք, ապա այս համատեքստում կարող ենք տեսնել մի ամբողջական ճարտարապետություն, երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին զավթեց իշխանությունը։ Հայաստանն իր արարքներով արդեն այն աստիճանի է հասել, որ Մոսկվան արդեն պաշտոնական մակարդակով դրանց հակադարձում է, և այս ամենին զուգահեռ՝ ցանկանում են հաստատել նաև Հռոմի ստատուտը։ Այս բոլորը մեկ ամբողջություն է, որոնք իրականացվում են՝ 2018 թվականի, այսպես կոչված, հեղափոխությունից հետո, որը կատարվեց հենց Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար»,- նշեց Գագիկ Հարությունյանը։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ աբսուրդ է օգնել Ուկրաինային այն դեպքում, երբ Հայաստանը որևէ կերպ չի օգնում Արցախին։

«Այս ամենն իր աբսուրդով, աղաղակող փաստերով, հետապնդում է որոշակի նպատակներ։ Այս ակտիվությունը պայմանավորված է նաև նրանով, որ ուկրաինական ճակատում իրավիճակը բավականին բարդ է, և հիմա շտապում են, որպեսզի որևէ բանի հասնեն՝ թուլացնելով ՌԴ-ի դիրքերը գոնե Հայաստանում։ Այդուհանդերձ, չնայած այս բոլոր գործողություններին, ՌԴ-ն Հայաստանից դուրս չի գա»,- շեշտեց քաղաքագետը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ տարածաշրջանից Ռուսաստանին հանելու նախաձեռնության հետևում կանգնած է Արևմուտքը, բայց դրան տեր են կանգնելու Թուրքիան ու Ադրբեջանը։ Նրանց համար միևնույն է, միայն ռուսները չլինեն։

«Պատկերավոր ասած՝ Թուրքիան և Ադրբեջանը կատարում են Արևմուտքի պատվերները ՝որպես կծան շուն, բոլորի վրա հարձակվում են, ունեն երկու թիրախ՝ Ռուսաստանը և Իրանը։

Ի դեպ, հիշենք մեկ բան, ռուսները գուցե վատն են քաղաքականության ու դիվանագիտության մեջ, բայց ունեն բանակ ու նավատորմ, սրանով ամեն ինչ ասված է»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս