
Սամվել Կարապետյանը միաժամանակ և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի քաղաքական պատանդն է այսօր. քաղաքագետ

«Ասել, թե կալանավորումն ու կալանքի երկարաձգումն ապօրինի է, քիչ է․ Սամվել Կարապետյանը միաժամանակ և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի քաղաքական պատանդն է այսօր, քանի որ նաև Ալիևն է թիրախավորում բոլոր նրանց, ովքեր դեմ են հողերի հանձնմանը, զիջումներին և այլն»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարացմանը՝ նշեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Անդրադառնալով քաղաքական ճնշումներին հակառակ՝ Սամվել Կարապետյանի քաղաքական հայտին և նրա շուրջ ներընդդիմադիր շրջանակների հնարավոր կոնսոլիդացիայի մասին մեր հարցադրումներին՝ քաղաքագետը նշեց, որ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ ընդդիմադիրների նախընտրական կոնսոլիդացիան իրատեսական չէ, սակայն չբացառեց հետընտրական կոնսոլիդացիայի հնարավորությունը։
«Սամվել Կարապետյանն իր պայքարն առանձին է մղում․ նա ունի ռեսուրս ու, ի դեպ, նրա ռեսուրսն այս պահին ավելի մեծ է, քան տիտղոսային ընդդիմության ռեսուրսը։ Նա նաև որոշակի աջակցություն ունի դրսից, այդ թվում՝ ռուսական շրջանակներից»։
Հստակեցմանը՝ արդյո՞ք նաև մարդկային ռեսուրս ունի Սամվել Կարապետյանը, Հրանտ Միքայելյանն արձագանքեց, որ դա կախված է հենց նրա գործոնից։
«Քանի որ Սամվել Կարապետյանն ունի ֆինանսական ռեսուրս, կարող է իր շուրջ համախմբել մարդկանց,- նկատեց նա՝ տեսականորեն չբացառելով, որ այդ ռեսուրսը կարող է լինել նաև այլ ուժերին հարող, բայց ոչ կուսակցական անձանց համախմբումով,- Ականատես կլինենք նոր ուժի ձևավորմանը, բայց ամեն ինչ կախված է լինելու Սամվել Կարապետյանի կադրերի որակից։
Ցավոք սրտի, օրինակ, Ռուբեն Վարդանյանը, իմ գնահատմամբ, դա չկարողացավ իրագործել զուտ այն պատճառով, որ չկարողացավ լավ կադրեր հավաքել, ինչը թույլ չտվեց, որ ինքն ընտրություններում հաջող մասնակցություն ունենա»։
Հավանական համարելով ներընդդիմադիր շրջանակների հետընտրական համագործակցությունը՝ քաղաքագետը նշեց, որ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի ներքաղաքական դաշտում հնարավոր վերադասավորումներին՝ «այդ թվում՝ իրենց էլեկտորատի զգալի անցմանը՝ դեպի Սամվել Կարապետյանի ձևավորած ուժ։ Սա վերաբերում է հատկապես «Հայաստան» դաշինքին»։
Հրանտ Միքայելյանը տիտղոսային ընդդիմությանը խորհուրդ տվեց, վերջիվերջո, սովորել ժամանակակից մեթոդներով աշխատել տեղեկատվական դաշտում և առհասարակ թարմացնել կարողությունները․ ըստ նրա՝ այլ պարագայում հաղթանակ չի լինի։
«Փաշինյանը շարունակում է տեղեկատվական հաղթանակներ տոնել ընդդիմության և հայ ժողովրդի նկատմամբ»,- հավելեց քաղաքագետը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր նոր քաղաքական ուժի ձևավորման մասին:
«Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակաազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։ Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը։
Նույնիսկ այսօրվա վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժեքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից։
Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։
Անելո՛ւ ենք՝ մեր ձևով»,- ասել էր նա։