
Աննա Հակոբյանն այսօր Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին. factor.am

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցում է առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթաժողովին, որն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ․ տեղեկացնում են վարչապետի տիկնոջ գրասենյակից։ Այս ձևաչափի երրորդ գագաթաժողովի թեման հոգեկան առողջությունն է։ Factor.am-ի փոխանցմամբ, ըստ միջոցառման կայքի՝ Աննա Հակոբյանը մասնակցելու է դեռահասների հոգեկան առողջության թեմայով պանելային քննարկման։ Մյուս մասնակիցներն են՝ Էստոնիայի առաջին տիկինը, Սլովակիայի նախագահի զուգընկերը, հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը (հեռավար) և այլք։ «Քննարկելու ենք այսօր դեռահասների առաջ կանգնած թվային մարտահրավերները։ Ի՞նչ սպառնալիքներ ու հնարավորություններ է բերում աշխարհի թվայնացումը։ Ինչպե՞ս կարող է ավագ սերունդը աջակցել պատանիներին աշխարհին հարմարվելու գործում՝ առանց նրանց սահմանափակելու»,- նշված է պանելային քննարկման նկարագրությունում։ 2023-ի գագաթաժողովին մասնակցում են Դանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի և այլ երկրների առաջնորդների կանայք և ամուսիններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դերասաններ և այլք։ Երեկ հայտնել էինք, որ Հայաստանն օգնություն է ուղարկել Ուկրաինա։