Փաշինյանին չի հետաքրքրում Հայաստանի ապագան. Նա մեղավորներ է փնտրում, ոչ թե՝ լուծումներ. Արմեն Բաղդասարյան

Կառավարության օգոստոսի 24-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հավաստի տեղեկություններ ունեն, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելքը թույլ տալու, մուտքը թույլ չտալու ուղղությամբ: Ըստ նրա՝ Ադրբեջանի հիմնական նպատակն էթնիկ զտման ճանապարհով հայությանը հեռացնելն է Լեռնային Ղարաբաղից՝ լինի դա սովամահության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է նորմալ, երբ պետության ղեկավարը կառավարության նիստին «հավաստի տեղեկություններ ունենք»-ով հայտարարություն է անում, և կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Ադրբեջանի հետ ճանապարհի միակողմանի բացման ուղղությամբ կան հստակ պայմանավորվածություններ:

«Փաստորեն, պետության ղեկավարը խոսում է՝ որպես նախկին լրագրող, և ցավալին այն է, որ նաև պետությունն է այդ տրամաբանությամբ ղեկավարում: Եթե նա անգամ այդպիսի հավաստի տեղեկություններ ուներ, որպես պետության ղեկավար՝ իրավունք չուներ այդպես ասել: Դրա համար բազմաթիվ այլ ձևեր կային:

Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին, ապա ես կարող եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն ինքը, որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ծրագրի առաջին քայլ՝ դիտարկում է Արցախի ամբողջական հայաթափումը: Այսինքն՝ նա դա համարում է պարտադիր պայման, որպեսզի իր ասած տևական խաղաղությունը տարածաշրջանում հաստատվի:

Կարդացեք նաև

Ավելին, Նիկոլ Փաշինյանը հետագայում այդպես է տեսնում, օրինակ, եթե Ադրբեջանը ռազմատուգանքի հարց բարձրացնի, նաև այդ ճանապարհով է տեսնում դրա լուծումը, որ՝ մենք 7 շրջանները վերցրել էինք, դուք տուգանք եք պահանջում, դուք էլ ամբողջ Արցախն եք վերցրել, եկեք՝ այդ հարցը փակեք: Նա չի կարող այդ մասին բաց տեքստով հայտարարել, բայց ամեն դեպքում, նրա քաղաքականությունը, ուղերձներն այդ մասին են վկայում»,- ի պատասխան՝ ասաց նա:

Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից արձանագրում է, որ Ադրբեջանը պատրաստվում է հայաթափել Արցախը, մյուս կողմից՝ ինքը հենց այդ գործողության մասնակի՞ցն է, նա պատասխանեց. «Այո, կարելի է այդպես ասել, որովհետև այդ գործընթացը հրապարակավ սկսվեց այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ ճանաչում է Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում:

Հասկանալի է, որ Ադրբեջանը միշտ ուզել է հայաթափել Արցախը, այդ առումով որևէ նորություն չկա, խնդիրն այն է, թե Հայաստանը՝ որպես պետություն, ամեն ինչ անո՞ւմ է դրա դեմն առնելու համար, թե՞ իր քայլերով լուռ համաձայնություն է տալիս դրան: Մեծ հաշվով, միջազգային հանրության ներսում կոնսենսուս կա, որ՝ այո՛, Արցախը պետք է հայաթափվի. և՛ Արևմուտքին է դա ձեռնտու, որովհետև այդ դեպքում ռուսական ռազմական ներկայությունը դուրս կգա, և՛ Ռուսաստանին է դա ձեռնտու: Պարզապես Ռուսաստանին ձեռնտու է, որ դա դանդաղ լինի, որովհետև քանի դեռ այնտեղ ապրում են հայեր, Ռուսաստանը դրանով ոչ միայն ազդեցության լծակներ կունենա հայկական և ադրբեջանական կողմերի վրա, այլև դա օգտագործելով՝ անընդհատ առևտրի մեջ կմտնի Ադրբեջանի հետ, և ամեն անգամ որևէ պայմանական Քարագլուխ, Փառուխ կամ Խծաբերդ զիջելով՝ ինչ-որ մի բան կստանա այլ ոլորտներում:

Ռուսները շտապում են, որովհետև իրենց պատկերացմամբ կարևորագույն կետը պետք է լինի կոմունիկացիաների բացումը, և, որ դրանք մնան ռուսական վերահսկողության տակ, դրա համար իրենք դեմ են, որ Արցախն ապաշրջափակվի, որովհետև այդպես կորցնելու են ճնշման լծակները Հայաստանի վրա: Եթե դա տեղի ունենա առանց Ռուսաստանի, այդ դեպքում Ռուսաստանին խաղաղության համաձայնագիր ընդհանրապես պետք չէ, հակառակը՝ նրանց պետք է նոր լարվածություն, նոր պատերազմ, որպեսզի Հայաստանը դիմի Ռուսաստանին, և ռուսներն այստեղ մեծացնեն իրենց ռազմական ներկայությունը»:

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ծրագիրը:

«Այդ ծրագիրն իր պատկերացմամբ այն է, որ եթե Արցախը տալիս ենք ամբողջովին, համաձայնում ենք, որ հայաթափվում է, խաղաղության պայմանագիրը ստորագրվում է, այլևս Սյունիքի հարց չի բարձրացվում, մի խոսքով՝ իր ասած խաղաղության դարաշրջանը բացվում է: Եթե այդպես լինի, այո, հաջորդ փուլում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը կդրվի, բայց վստահաբար Ադրբեջանն այդտեղ կանգ չի առնելու. նրանք հիմա ասում են՝ տարածքային պահանջներ, փախստականների վերադարձ և այլն։ Այսինքն՝ նոր պատերազմ, նոր ագրեսիա: Այդ դեպքում, բնականաբար, որևէ ողջամիտ մարդ չի կարող պնդել, թե պետք է ռուսական բազաները դուրս բերել այստեղից, քանի դեռ դրա այլընտրանքը չկա՝ այլ անվտանգային համակարգի տեսքով, իսկ այդպիսի հեռանկար չի նշմարվում անգամ ամենահեռու հորիզոնում»,- ի պատասխան՝ ասաց նա:

Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ Նիկոլ Փաշինյանի համար միևնույն է, թե ինչ տարածքի վրա ինքը կպահպանի իր իշխանությունը.

«Նրան չի հետաքրքրում Հայաստանի ապագան և չեն հետաքրքրում տարածքային կորուստները, նրան հետաքրքրում է, որ կարողանա այդ կորուստների մեղքը բարդել ուրիշների վրա: Նա մեղավորներ է փնտրում և ոչ թե՝ հարցի լուծում: Բոլոր այն դեպքերում, երբ նա պատկերացնում է, որ կարող է մեղքը բարդել ուրիշների վրա, նա պատրաստ է գնալ ցանկացած քայլի: Երբ ասում էր՝ կանեի, բայց վախենում էի, որ ինձ դավաճան կասեն, բայց գիտեր, որ ասելու են, քանի որ շանս ուներ մեղքն ուրիշների վրա բարդելու, հանգիստ արեց: Հիմա մեղքը բարդում է միջազգային հանրության, ռուսների, նախկինների վրա, ում վրա ասես կարող է բարդել, այդ թվում՝ Անկախության հռչակագրի վրա, որ՝ այնտեղի դրույթներն արդեն իսկ կանխորոշել էին, որ մենք պետք է անընդհատ լարվածության մեջ լինենք, և այլն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս