Ատեցեք զմիմեանս… մինչև Երևան
Արցախի շրջափակման, Արցախում ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների՝ միջազգային հանրությանն ուղղված կոչերը, հորդորներն ու աղերսները, մեղմ ասած, փարիսեցիություն են, երկակի ստանդարտների ճչացող արտահայտություն։
Ինչ-որ մեկից, տվյալ դեպքում՝ միջազգային հանրությունից խնդրանք կամ պահանջ կարող է ունենալ միայն նա, ով իր չափով կոնկրետ քայլեր է կատարում խնդրո/խնդրանքի առարկայի հարցում։
Հայաստանի իշխանությունը, սակայն, ամբողջությամբ ձեռքերը լվացել է Արցախից և սահմանափակվում է միայն հարկատուների հաշվին Արցախին հատկացվող բյուջետային աջակցությամբ ու երկու տասնյակ բեռնատարներ ուղարկելով Կոռնիձոր, որը, սակայն, ավելի շատ քարոզչական, քան մարդասիրական նպատակներ է հետապնդում։ Հայաստանի իշխանությունների փարիսեցիությունը, սակայն, չի սահմանափակվում միայն սեփական անելիքը միջազգային հանրության վրա բարդելով ու ուղղակի անգործությամբ։
Անգործությունը տեղի ունեցողի միայն արտաքին, մակերեսային շերտն է։
Ավելի խորքային հարթությունում, առաջին հայացքից անտեսանելի շերտերում, Հայաստանի իշխանության ուղղակի մասնակցությամբ, բայց ավելի շատ անուղղակի քաջալերմամբ՝ տեղի է ունենում հակաարցախյան համակարգված, մեթոդական քարոզչություն։ Սոցիալական ցանցերը ողողված են Արցախի, արցախահայերի դեմ ամենակեղտոտ գրառումներով, «հոգնեցրիք ձեր պրոբլեմներով», «Հայաստան չունենք մատաղ անելու» և այլ էժանագին կարգախոսներով ու զառանցանքներով։ Ընդ որում, եթե, օրինակ, ամիսներ առաջ նման նողկալի գրառումները եզակի էին, ապա այսօր դրանք հաշվվում են հարյուրներով ու սպառնում են տիրապետող դառնալ առնվազն որոշակի շրջանակի մարդկանց համար։
Եվ զարմանալի, բայց արդեն իսկ հասկանալի զուգադիպությամբ, հակաարցախյան հիստերիա գեներացնողները գրեթե հարյուր տոկոսով գործող իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ աջակիցներն են, այսինքն՝ նրանք գրում են այն, ինչը եթե անգամ ուղղակիորեն չի խրախուսվում իշխանության կողմից, ապա առնվազն արտահայտում է վերջինիս չբարձրաձայնվող մոտեցումն Արցախի վերաբերյալ։
Արցախի ու արցախահայերի հանդեպ ատելություն գեներացնելու՝ Նիկոլ Փաշինյանի հեռահար նպատակը հասկանալի է։ Նա ցանկանում է Հայաստանի հնարավորինս մեծ թվով քաղաքացիների տրամադրել Արցախի դեմ, այդ մարդկանց գիտակցության ու հոգեբանության մեջ սերմանել համոզմունքը, որ Հայաստանի բոլոր խնդիրները պայմանավորված են Արցախով, որպեսզի տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելիս հասարակությունն արդեն իսկ հոգեբանորեն պատրաստ լինի Արցախից վերջնական հրաժարմանը, իսկ դրա մի մասն անգամ այդ լուրն ընդունի ցնծությամբ։
Ատելությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսագրության ամենակարևոր գործիքներից է, եթե ոչ՝ ամենակարևորը։ Նա իշխանության եկավ տարիներ շարունակ ատելություն գեներացնելու արդյունքում, իշխանությունն ամրապնդեց՝ հասարակությանը տարանջատելով ու տարբեր խմբերի միմյանց դեմ հանելով, իսկ հիմա ատելությունն օգտագործում է իր առաքելության վերջին արարն իրականացնելու՝ Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու համար այնպես, որ դա չարժանանա ներքին դիմադրության Հայաստանում։
Հասարակությունն իշխանության քարզոչությանն ու ատելություն սերմանելու քայլերին արձագանքում է կա՛մ ակտիվ ներգրավվածությամբ, կա՛մ ծույլ անտարբերությամբ՝ չհասկանալով, որ Արցախն ու արցախահայությանը ատելուց հետո Նիկոլ Փաշինյանը նրանց դրդելու է ատել նաև սյունեցիներին, ապա գալու է Վայոց ձորի բնակիչներին ատելու հերթը, դրան հետևելու է Սևանի ավազանի բնակիչներին ատելու հրահանգը… մինչև հերթը հասնի Երևանին, որտեղ բոլորն արդեն կատեն բոլորին, իսկ եթե ատելության պակաս զգացվի, դա հեշտությամբ կլրացնեն ադրբեջանցիները, որոնց հանդեպ Նիկոլ Փաշինյանը տածում է սեփական հայրենակիցներին ատելուն հակադարձ համեմատական կարգով աճող գորովանք։
Հարություն Ավետիսյան