Կասկադի վերնամասի հարցը լուծվեց. 20 միլիարդանոց նախագիծն իրականացնելու է Արմեն Սարգսյանի փեսան
Կառավարությունը գերակա շահ ճանաչեց Կասկադի մշակութային հանգույց նախագծի հարակից տարածքները․ նախագիծն ընդգրկված էր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։
«ՀՀ կառավարության 23.10.2025թ. «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և լիազորություն վերապահելու մասին» հ. 1499-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) ՀՀ Կառավարության կողմից հավանություն է տրվել «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի ներդրումային ծրագրին, որն ըստ էության բաղկացած է երկու բաղադրիչից
Վերոնշյալ որոշմամբ Երևանի քաղաքապետը լիազորվել է Հայաստանի Հանրապետության անունից «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության հետ կնքելու Երևան քաղաքում գտնվող, հյուսիսային հատվածից Բ2 գոտու համար նախատեսված հողամասով, արևմտյան հատվածից դեպի Կասկադ համալիրի աստիճաններ ձգվող հողամասով, հարավային հատվածից ճանապարհով և արևելյան կողմից հետագայում որպես քաղաքային կանաչապատման ենթակա հողամասով պարփակված մոտ 1,8 հա մակերեսով տարածքում՝ համաձայն N 4 հավելվածի «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության oտարման մաuին» oրենքի /այսուհետ` Օրենք/ 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
Պայմանագիրը կնքվել է 18 մարտի 2026 թվականին»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծի հեղինակն է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Իսկ ծրագիրն իրականացնող «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ն նախագծի համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում է կատարելու, ասվում էր նաև, որ «Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ՝ ներդրող ընկերությանը հնարավորություն է տրվելու «Կասկադի» աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր, որի նախագիծը կկազմի և ճարտարապետական լուծումները կտա Ժան-Միշել Վիլմոտը՝ համալիրի և «Կասկադի» գոյություն ունեցող ու վերակառուցվող հատվածների և առկա միջավայրի միջև ներդաշնակությունն ապահովելու անհրաժեշտությունը հաշվի առնելով:
Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հինգ տարում: Հիմնավորման մեջ պարզաբանվում է նաև, որ որոշման ընդունումը պետական կամ համայնքային բյուջեների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չի դնում․ բոլոր ծախսերն իրականացվելու են մասնավոր ներդրումների հաշվին։
«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին․ իրական հիմնական շահառուն՝ 97,5 տոկոսով (1 տոկոս մասնակցությամբ՝ Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը, 1,5 տոկոս՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը) Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացված է Երևանի ավագանիում։



