«Դրանով Նիկոլ Փաշինյանը թշնամուն ասում է. «Ապրեք, ինչ արել եք, լավ եք արել, սրանից հետո էլի արեք». Արտակ Բեգլարյան
Այսօր Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին ճեպազրույց տվեց, որի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք պատրա՞ստ է հրապարակայնորեն հանձնառություն ստանձնել աջակցելու ՀՀ տարածքում պատերազմական հանցագործությունների պատժմանը, նույնիսկ, եթե դա վերաբերվի Ադրբեջանի ռազմական ու քաղաքական էլիտային։
Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց այն, ինչը վերջին տարիներին մշտապես է ասում՝ չպետք է նման հարցեր բարձրաձայնել, որպեսզի պատերազմ չլինի։
«Ինքս ինձ համար որոշել եմ, որ այս թեմաներին անդրադառնալու եմ մաքսիմալ շիտակությամբ, ինչպես նախորդ հարցերին ի պատասխան՝ ասացի՝ այդ ամենը երկսայրի սուր է։ Մենք չպետք է մոռանանք Նոր Կտակարանի ուղերձը՝ «ինչ դատով դատեք, նույն դատով դատվելու եք, ինչ չափով չափեք, նույն չափով չափվելու եք»։ Համաձայն չեմ, որ հիմա ես ու դու նայենք իրար աչքերի մեջ ու խաբենք իրար ու, առավել ևս, խաբենք մեր ժողովրդին, որովհետև երկսայրի սուր է։ Այս խոսակցությունները հիմա գոյություն ունեն, իմիջիայլոց փաստերը, որևէ մեկը դա չի ժխտում, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչի մասին ենք խոսում։ Եվ հենց սա է թակարդը, որից մենք չենք կարողանում դուրս գալ, իմ կարծիքն այն է, որ մենք պետք է այդ թակարդից դուրս գանք, և մենք դուրս ենք գալիս։ Մենք մեր յուղի մեջ պետք է տապակվենք, ամեն մեկս՝ մեր յուղի մեջ»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ճեպազրույցի ժամանակ նաև ասաց, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի դեպքերը պետական մակարդակով քննարկման առարկա չեն դառնալու։
Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի պահվածքը բնավ զարմանալի չէ, եթե այս հայտարարությանը հակառակ հայտարարություններ ու պնդումներ աներ, այդ ժամանակ կզարմանար։
«Զարմանալու բան չկա՝ ուղղակի Նիկոլ Փաշինյանի լկտիության ու ապօրինության մակարդակն է շատ բարձր։ Հայաստանի Հանրապետությունը հստակ պարտավորություններ ունի ստանձնած, այդ պարտավորությունները չի կատարում, էլ չեմ ասում մնացած բաները, որը ոչ միայն ռեալ իրական պատասխանատվություն է, այլև քաղաքական, բարոյական և այլն։ Ամենակարևորը՝ այս անպատժելիությունն ու խրախուսանքը խթանում է նորանոր հանցագործություններ՝ և՛ մշակութային ժառանգության ոչնչացումը, և՛ պատերազմական հանցագործությունները, բուն ռազմական հանցագործությունների ժամանակ քաղաքացիական անձանց սպանություններ, խոշտանգումներ և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Բեգլարյանը։
Ըստ մեր զրուցակցի, ինքնին միայն այն, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, նրա կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը որևէ կերպ պետական մակարդակով քննարկման առարկա չի դառնալու, անտեսվելու է, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանը թշնամուն ասում է. «Ապրեք, ինչ արել եք, լավ եք արել, սրանից հետո էլի արեք, որևէ պետության կողմից որևէ հետևողական քայլ չի լինելու, որպեսզի արդարությունը հաղթի»։
«Այս ամենը նշանակում է, որ նա խրախուսում է նորանոր հանցագործություններ հայ ժողովրդի ու Հայաստանի հանդեպ»,- հավելեց Արտակ Բեգլարյանը։
Շարունակելով՝ Արտակ Բեգլարյանը նաև նկատեց՝ անհատների կողմից տարբեր միջազգային կառույցներում տարվող աշխատանքները՝ ուղղված Ադրբեջանի ռազմական հանցագործությունների դեմ, էական արդյունք չեն կարող տալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական մակարդակով այդ ուղղությամբ ուղղակի անգործություն է։
«Փաստացի այս բոլոր ջանքերն արգելափակում են, որովհետև միջազգային մեխանիզմները որքան էլ թույլ լինեն, միևնույն է՝ դրանք կախված են պետությունների քաղաքական կամքից, իսկ պետությունների քաղաքական կամքը ձևավորվում է դիվանագիտության արդյունքում։ Այսինքն՝ ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշումն ինքնին խոչընդոտում է, որ այլ պետություններ էլ որևէ քայլ կատարեն արդարության համար և մեր իրավունքների վերականգնման համար, այդ թվում՝ վերադարձի իրավունք, մշակութային ժառանգության պաշտպանություն, նոր հանցագործությունների կանխարգելում, և այլն։
Մենք ինչ անում ենք, կարևոր է, բայց դրանք ավելի շատ թեման օրակարգում պահելն է, և եթե քիչ թե շատ հաջողություն արձանագրենք, դրանք ավելի բարենպաստ պայմաններում, հատկապես՝ պետական ջանքերի առկայության պայմաններում, կարող են լրացնել պետական ջանքերին և կարող են ռազմավարական հավելում ապահովել»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական վանդալիզմի հետևանքով ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը՝ հիմնովին։



