Արցախի թեմական խորհրդի անդամների և Վրթանես սրբազանի միջև որևէ կապ չկա
Դեռևս նախորդ տարի նոյեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, նշելով, որ հանդիպել է Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, իսկ հանդիպման օրակարգում ընդամենը մեկ հարց էր՝ Վեհափառ հայրապետին կաթողիկոսական գահից հեռացնելը։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներից մարդկանց ամենաշատը ցնցել էր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը, արցախահայերը թեմի առաջնորդի այդ քայլից նախ ցնցվել, այնուհետև զայրացել էին ու որոշել էին անձամբ նրա մոտ գնալ ու պարզել՝ ինչո՞ւ է միացել Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական արշավին ու դուրս եկել Վեհափառ հայրապետի դեմ։
Իհարկե, արցախահայերից որևէ մեկն այս հարցի պատասխանն անձամբ Վրթանես սրբազանից չստացավ, բայց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները ստացան «տիրադավ» անվանումը։
Թվում էր, թե արցախահայերի զայրույթը հաշվի առնելով, Արցախի թեմի առաջնորդը կհասկանա իր կատարած քայլի ողջ խայտառակությունն ու հետևանքները և կվերադառնա իր բուն գործառույթներին, այն է՝ արցախահայերի հոգևոր, մշակութային խնդիրներով ու նրանց միասնական պահելու հարցերով զբաղվելուն, սակայն այդպես չեղավ, քանի որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց շաբաթներ անց՝ դեկտեմբերի 18-ին, 10 «տիրադավները» գնացին Մայր Աթոռ՝ միանալով եկեղեցու դեմ Սուրբ Էջմիածին «արշաված» մի քանի տասնյակ մարդկանց ու կարգալույծ եղած նախկին քահանաների։
Վրթանես սրբազանի այս քայլը վրդովվեցրել ու անակնկալի էր բերել նաև Արցախի թեմական խորհրդի անդամներին, չնայած Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նա հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել է՝ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այն որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի և մեր հայրենակիցներին հուզող հիմնահարցերի հետ»։ Այս հայտարարությունն, իհարկե, ավելի է զայրացրել արցախահայերին։
Այս ամիսների ընթացքում Վրթանես սրբազանը որևէ շփում չի ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, նա բոլոր հեռախոսազանգերը թողել է անպատասխան։
Այսօր տեղեկացանք, որ Արցախի թեմական խորհրդի անդամները վերջին անգամ Վրթանես սրբազանի հետ հանդիպել են դեկտեմբերի 8-ին, դրանից հետո թեմի մի քանի անդամներ, այդ թվում՝ ատենապետը, որևէ առնչություն չունեն նրա հետ։
Այսօր թեմական խորհրդի անդամների և Վրթանես սրբազանի միջև որևէ կապ չկա, թեմական խորհրդի անդամները հիմնականում աշխատում են Մայր Աթոռի հետ՝ առանց Վրթանես սրբազանի միջնորդության։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վրթանես սրբազանը հավանաբար մեկուսացման մեջ մնալով՝ հասկացել է իր քայլերի ծանր հետևանքը, և մնում է հրապարակավ ընդունել, որ մեծ սխալ է թույլ տվել՝ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած կեղծ օրակարգին միանալով։
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ մայիսի 26-ին, Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռն՝ Շվեյցարիա, մասնակցեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից կազմակերպված «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովի ժամանակ Վեհափառն անդրադարձել էր ոչ միայն Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, Բաքվում ապօրինի պահվող գերիների ու արցախահայերի վերադարձի հարցերին։ Դրանից հետո Վեհափառի ու եկեղեցու նկատմամբ սկսվեցին հարձակումները, նախ՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդն Առաքելական եկեղեցուն մեղադրեց «պատերազմ հրահրելու» մեջ, այնուհետև արդեն ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսեցին հարձակումները՝ պահանջելով Կաթողիկոսի հեռացումը։



