Հավատամքը՝ քաբաբ

Ցանկացած պետություն և հասարակություն, ի թիվս բազմաթիվ անհրաժեշտ պայմանների, իսկ գուցե ամենայնից առաջ՝ զարգանում է նրա շնորհիվ, ինչը հավաքականորեն ընդունված է անվանել ազգային կրեդո կամ  հավատամք։

Ամերիկացիների կրեդոն, օրինակ, իրենց դավանած արժեքներն են ու այդ արժեքներն աշխարհում տարածելու միջոցով՝ գերակայություն հաստատելը, ռուսների հավատամքն իրենց կայսերական առավելապաշտությունն է, «հոգևոր Ռուսաստանի»  վերածնունդը, չինացիների կրեդոն խարսխված է կոնֆուցիականության, իրենց յուրահատկություններն ընդգծող ուսմունքների վրա, և այլն։ Որքանո՞վ է այս կամ այն ազգի, պետության հավատամքն արդարացի, բարոյական կամ ազնիվ, հարց է, որը քննարկվում է՝ ինչպես ակադեմիական, այնպես էլ՝ քաղաքական տիրույթներում։ Բայց բոլոր կողմերն ունեն կոմպրոմիս այն հարցի շուրջ, որ առանց կրեդոյի պետությունը չի կարող կենսունակ լինել ու, առավել ևս, ունենալ զարգացման հեռանկար։

Բազմաթիվ մեկնաբանությունների թվում ամենաընդհանրականն այն նկարագրությունն է, ըստ որի՝ կրեդոն հայացքների, համոզմունքների, աշխարհայացքի, գաղափարախոսության ամբողջությունն է։

Իսկ ո՞րն է մեր ազգային հավատամքը, մեր կրեդոն՝ որպես հասարակություն և պետություն։ Այս հարցին որևէ մեկը, թերևս, չի կարող հոդաբաշխ պատասխանել, այն պարզ պատճառով, որ մենք՝ որպես հասարակություն ու պետություն, լայն իմաստով չունենք ազգային կրեդո։

Կարդացեք նաև

Եթե նախկինում խիստ հարաբերականորեն որպես կրեդո կարելի էր ներկայացնել Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի միջոցով ցեղասպանության զոհի բարդույթի հաղթահարումն ու ժամանակակից պետության կառուցումը, ապա 44-օրյա պատերազմից հետո դա ևս հավասարեցվեց հողին։ Մենք՝ որպես հասարակություն, այսօր չունենք որևէ հավատամք, գաղափարական ու արժեքային որևէ կուռ համակարգ, որը կարող է խարիսխ դառնալ մեզ պատուհասած ողբերգությունները հաղթահարելու համար։ Դա, ի թիվս բազմաթիվ օբյեկտիվ պատճառների, պայմանավորված է նաև նրանով, որ գործող իշխանության կրեդոն լայն իմաստով իրենց «լավ ապրելն է», որը քարոզչական հսկայական միջոցներով տարածվում և արմատավորվում է նաև հանրային հոգեբանության ու գիտակցության մեջ։

«Լավ ապրելը», սակայն, ցածր պահանջմունք է, որի իրացման համար պետություն ունենալը պարտադիր չէ, ապահովված կյանք կարելի է գտնել աշխարհի ցանկացած վայրում։ Նաև դա է պատճառը, որ «լավ ապրելու» կրեդոն նպաստում է առավելապես անհատների, բայց ոչ երբեք հավաքականության՝ հասարակության ու ժողովրդի, ու որպես հետևանք՝ պետության կայացմանը։ Նաև այդ կրեդոն է արտագաղթի շարժիչ ուժերից մեկը։

Ազգային հավատամքը սերտորեն կապված է մեկ այլ կարևորագույն սուբստանցիայի՝ ինքնության հետ։ Առանց ազգային ինքնության չի կարող լինել նաև ազգային կրեդո։ Նաև դա է բացատրություններից մեկը, թե ինչու է վերջին տարիներին այդքան հետևողականորեն ու մեթոդական պայքար մղվում հայկական ինքնության դեմ։ Նպատակը, ըստ ամենայնի, հայկական հավատամքի վերջնական ոչնչացումն է՝ դրանից բխող անպետություն հետևանքներով։ Իսկ հարցի պատասխանը, թե ո՞ւմ է ամենաշատը ձեռնտու հայկական կրեդոյի չգոյությունը,  կարելի է գտնել «խաղաղության համաձայնագրի» տեքստում, որի վրա անհոգնել աշխատում են բոլոր նրանք, ովքեր իշխանության են եկել հայկական ինքնության դեմ պայքարի և իրենց լավ ապրելու շրջանակներում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս