Բլինքենը «խաղադրույք է անում» Ադրբեջանի վրա
Ադրբեջանին Իրանի դեմ ռազմական աջակցություն ցուցաբերելու՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը լայն քննարկումների առիթ է դարձել ռեգիոնալ փորձագիտական շրջանակներում և մամուլում:
Օրերս ելույթ ունենալով Սենատի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պետքարտուղար Բլինքենը նշել էր՝ «Ադրբեջանը շատ երկար սահման ունի Իրանի հետ, նրան պետք է պաշտպանել»:
«Դրա համար կան մի շարք հիմնավոր պատճառներ, մասնավորապես, շատ կարևոր է ամրապնդել Ադրբեջանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում», – ասել էր Բլինքենը՝ պատասխանելով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի դիտարկմանը, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը 700 հազար դոլար է խնդրել՝ ադրբեջանցի զինվորականների ռազմական կրթության և վերապատրաստման համար։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ և պաշտպանության կարիք ունի, ուստի Ադրբեջանի նկատմամբ կիրառվող 907 բանաձևի ուղղումը պետք է չեղյալ համարվի։
Հիշեցնենք, որ լսումների ժամանակ սենատոր Բոբ Մենենդեսը լուրջ մտահոգություն էր հայտնել Ադրբեջանին տրվող ԱՄՆ ռազմական օգնության վերաբերյալ։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է Ադրբեջանը գրավում հայկական տարածքները, ստեղծում պարենային անվտանգության ճգնաժամ Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակմամբ։ Անցած 5 տարիների ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես Ադրբեջանը բռնկեց պատերազմ, որի հետևանքով զոհվեց 6500 մարդ, գրեթե 100.000 հայ տեղահանվեց Ղարաբաղում իրենց տներից։ Ես մտահոգված եմ Ալիևի ռեժիմին օգնելով»,- ասել էր Մենենդեսը, պահանջելով պետքարտուղարից բացատրել ամերիկացիներին, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ը ցանկանում ռազմական կրթություն և ուսուցում տրամադրել ագրեսոր պետությանը։
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ բացի այն, որ Իրանն ու Ադրբեջանն ունեն լուրջ տարաձայնություններ տարածաշրջանային հարցերի և Ղարաբաղյան պատերազմից հետո տեղի ունեցող ռեգիոնալ փոփոխությունների շուրջ, այդ հարաբերությունները կրում են երրորդ ուժերի ազդեցությունը, որոնք էլ ավելի մեծ անկայունություն են փորձում տարածաշրջանում հրահրել, սպառնում Իրանին ներքին ապակայունացմամբ:
Իր հերթին՝ Իրանը, ըստ վերլուծաբանի, գիտակցելով այս նոր սպառնալիքների իրական վտանգը ու հատկապես այդ վտանգի արտաքին գործոնը, փորձում է դրանք չեզոքացնել, լուծելով իր այլ խնդիրները, ինչպես Չինաստանի հովանու ներքո Սաուդյան Արաբիա-Իրան բանակցություններն ու կարգավորումն էր, սրա հետ մեկտեղ՝ կա ՌԴ-Իրան և ՌԴ-Իրան-Չինաստան հարաբերությունների խորացում:
Ուստի, նրա կարծիքով, ԱՄՆ-ը ևս իր վերանայումներն է անում և «խաղադրույքներ փորձում կատարել» այնտեղ, որտեղ կա դրա հնարավորությունը:
«Բնականաբար, այս ամենը հավելյալ խնդիրներ է ստեղծում նաև Ադրբեջան-Ռուսաստան-Իրան «Հյուսիս-Հարավ» ծրագրի համար, ինչի մասին վերջերս հայտարարեց ռուսական կողմը՝ հատուկ հանձնարարականներ տալով: Բայց տարածաշրջանային ուժերը, որոնք առաջ են մղում «3+3» ծրագիրը, փորձում են հարցերը լուծել ռեգիոնում: Այս տեսանկյունից կարևոր է երկու օրից ԻԻՀ ԱԳ նախարարի այցը Մոսկվա և բանակցությունները ՌԴ ԱԳ նախարարի հետ, որոնք կլինեն թե հարավկովկասյան թեմատիկայի, թե աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ, բավականին հագեցած օրակարգ է սպասվում, և կարծում եմ՝ այս այցը կարևոր է լինելու:
Բնականաբար, Իրան-Ռուսաստան ջերմացման, Չինաստանի հովանու ներքո Իրանի խնդիրների կարգավորման, Պարսից ծոցի ավազանում բարենպաստ մթնոլորտի ֆոնին իրենց մոտեցումներն են փոխում նաև այլ երկրներ: Սակայն Իրանն աշխատում է իր շուրջ անվտանգության ամրապնդման ուղղությամբ, և թե ռեգիոնալ, թե ավելի լայն արտատարածաշրջանային քայլերն ուղղված են այս վտանգների վերացմանը»,-ասաց փորձագետը: