Բաժիններ՝

Իսրայելն օրենք է ընդունել, որը թույլ կտա մահապատժի ենթարկել հոկտեմբերի 7-ի կոտորածներն իրագործողներին

Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) 93 «կողմ» և 0 դեմ ձայնով ընդունել է հատուկ ռազմական տրիբունալ ստեղծելու մասին օրենք՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ղեկավարած հարձակումների համար մեղադրվողներին դատելու համար։ Սա թույլ կտա մահապատիժ կիրառել մեղավորների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

Օրինագիծը ներկայացրել էին իշխող և ընդդիմադիր կուսակցությունները։ Օրենսդրությունը նախատեսում է ռազմական արդարադատության համակարգում հատուկ դատարանի ստեղծում՝ հոկտեմբերի 7-ի ներխուժման ժամանակ Իսրայելում անվտանգության ուժերի կողմից ձերբակալված և այդ ժամանակից ի վեր կալանքի տակ գտնվող մոտ 300 հարձակվողներին դատելու համար։

Օրենսդրության համաձայն՝ դատարանը կկարողանա հարձակվողներին մեղադրանք առաջադրել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ցեղասպանության համար՝ Իսրայելի 1950 թվականի «Ցեղասպանության կանխարգելման մասին» օրենքի համաձայն, Իսրայելի ինքնիշխանությանը վնաս հասցնելու, պատերազմ հրահրելու, պատերազմի ժամանակ թշնամուն օգնելու համար, ինչպես նաև ահաբեկչական մեղադրանքների համար՝ Իսրայելի 2016 թվականի «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն։

Ցեղասպանության մեղադրանքով դատապարտվածները կարող են ենթարկվել մահապատժի։

Իսրայելի արդարադատության նախարար Յարիվ Լևինն օրենքի ընդունումն անվանել է «ներկայիս Քնեսեթի ամենակարևոր պահերից մեկը»։

2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան մի շարք խմբավորումների 5000-ից 6000 զինյալներ, մեծ մասը՝ ՀԱՄԱՍ-ից, Գազա-Իսրայել սահմանի մի քանի կետում ցամաքից, օդից և ծովից ներխուժեցին Իսրայել և իրականացրին կոտորածներ, որոնց հետևանքով զոհվեց մոտ 1200 մարդ։ Բացի այդ, պատանդ վերցվեց և Գազայի հատված տեղափոխվեց 251 մարդ։

Այս հարձակումից հետո Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում։ Ըստ պաղեստինյան անկլավի իշխանությունների՝ իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 72 740 մարդ, մեծ մասը՝ կանայք և երեխաներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031