Ռուսաստանը Հայաստանին տվել է բոլոր պարզաբանումները ՀԿԵ կոնցեսիայի վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
Ռուսաստանը Հայաստանին պարզաբանել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ նրան հուզող բոլոր պահերը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:
«Տվյալ թեման մանրամասն քննարկվել է Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների ապրիլի 1-ի բանակցությունների ժամանակ։ Պարզաբանումներ են տրվել հայկական կողմին հուզող բոլոր հարցերի վերաբերյալ, փոխըմբռնում է ձեռք բերվել հետագա աշխատանքի մոդալությունների շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում ռուսական կողմի մասնակցության համատեքստում»,- արձանագրել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Մոսկվայում արձանագրել են Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հանրապետությունում մտադիր չեն կոնցեսիայի հետ կապված հարցերը քննարկել Ռուսաստանի թիկունքում։
«Չենք կարող համաձայնել այն պնդման հետ, թե ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները, ընդհակառակը՝ համոզված ենք, որ այն ստեղծում է դրանք»,- նկատել է Կալուգինը։
Նրա տեսանկյունից՝ չէ՞ որ եթե չլիներ ռուսական կողմի ջանասեր աշխատանքը կոնցեսիայի շրջանակներում՝ երկաթուղային ցանցի գործառնականության վերականգնման և պահպանման ուղղությամբ, այսօր ավելի դժվար կլիներ խոսել Հարավային Կովկասում տրանսպորտային զարկերակների վերագործարկմանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին։
ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրենը հիշեցրել է, որ 2008 թվականից ի վեր ներդրումները հայկական երկաթուղիներում կազմել են շուրջ 30 միլիարդ ռուբլի, բացի այդ, Հայաստանի բյուջե է վճարվել մոտ 15 միլիարդ ռուբլի, ներդրված միջոցների մի մասն ուղղվել է շարժակազմի թարմացմանը։
«Ի դեպ, նոր գնացքներից մեկը՝ Երևան-Գյումրի երթուղու համար, անձամբ փորձարկել է վարչապետը՝ հայկական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ»,- նշել է Կալուգինը։ Նա վստահ է, որ ՀԿԵ-ն մնում է հանրապետության խոշորագույն գործատուներից մեկը՝ ապահովելով շուրջ 2,5 հազար աշխատատեղ։
«Մեր կողմից մեծ ներուժ ենք տեսնում համատեղ փոխշահավետ աշխատանքի համար, որի գրավականներից մեկը ռուս մասնագետների կողմից հայկական երկաթուղային ցանցի գրագետ կառավարումն է»,- նշել է դիվանագետը։



