«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Երևանի կենտրոնում
«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի գլխավորությամբ մայիսի 11-ին քարոզարշավ են անցկացրել մայրաքաղաք Երևանի կենտրոնում։
Հայկ Մարությանը շփվել է քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագիրը։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի կունենան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։
Կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են։
Դրանց թվում են՝ եվրոպական ինտեգրացիան որպես արտաքին քաղաքականության և զարգացման առաջնահերթություն, օնլայն խաղատների և շահումով խաղերի արգելումը, բազմազավակ ընտանիքների համար արտոնությունների տրամադրումը, անվճար բարձրագույն կրթության ապահովումը, հարկային բեռի թեթևացումը, կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացումը և ազգային արժեքներին վերադարձը։
«Նոր ուժ» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ԿԸՀ է ներկայացրել 86 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։



