Ի՞նչ կտա Ֆրանսիայում ընդունված բանաձևը հայկական կողմին, և ինչո՞ւ է ԱՄՆ-ը նորից շրջանցում 907-րդ բանաձևը. միջազգայնագետի դիտարկումները
«Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևն ընդամենը բանաձև է: Այսինքն՝ օրենք չէ, իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ չէ, իրավական առումով նախադեպ չէ, բայց կարող է քաղաքական առումով նախադեպ լինել՝ ինչպիսիք եղան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված բանաձևերը, որոնք կարևոր ազդեցություն ունեցան նաև Նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման տեսանկյունից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևի հնարավոր հետևանքների մասին մեր հարցադրմանը:
Միջազգայնագետը նկատեց նաև, որ Ֆրանսիան ազդեցիկ պետություն է, և հետևաբար՝ նման բանաձևի ընդունումը կարող է օրինակ հանդիսանալ այլ պետությունների համար՝ որպես քաղաքական դիրքորոշման արտահայտում:
Քանի որ երեկ հայկական շահերին առնչվող մեկ այլ՝ 907-րդ բանաձևի մասին քննարկումներն էին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, միջազգայնագետից նաև հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ը շարունակում շրջանցել Բաքվին ուղիղ օգնությունն արգելող 907 -րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին:
«90-ականների սկզբից Միացյալ Նահանգների Օրենսդիրն արգելում էր Գործադիրին 907-րդ բանաձևով որևէ տեսակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում էր ագրեսիա կիրառել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս բանաձևն ընդունելուց հետո՝ 10 տարի շարունակ, ԱՄՆ կառավարությունն Ադրբեջանին օգնություն չի տրամադրել, և միայն Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ Ադրբեջանը միացավ Հակաահաբեկչական կոալիցիային և սկսեց աջակցել ԱՄՆ-ին, այդ ժամանակից սկսած՝ ԱՄՆ նախագահի կողմից շրջանցելով այդ բանաձևը՝ Ադրբեջանը հնարավորություն ստացավ օգնություն ակնկալել Միացյալ Նահանգներից»,- պարզաբանեց Սուրեն Սարգսյանը՝ նկատելով, որ մինչ օրս այդ շրջանցումն իրականացրել են բոլոր նախագահները:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը 295 կողմ, 1 դեմ ձայնով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև ընդունեց։ Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին։ Նրանց են միացել նաև պատգամավորներ Քրիստիան Կամբոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։ Նշենք, որ այս սենատորները 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձև էին մշակել։ Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։ Միաժամանակ Սենատը կոչ է անում կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։ Բանաձևի հեղինակները պահանջում են, որ Ֆրանսիայի կառավարությունը երաշխավորի հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։ Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։
Հիշեցնենք նաև՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության գնահատականը» վերտառությամբ լսումների ժամանակ նախագահող, սենատոր Մենենդեսը քննադատել է ԱՄՆ Պետքարտուղարությանը Բաքվի ու Երևանի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցերում: