Օնիկ Գասպարյանի նախկին խորհրդականն առաջարկել է բանակին տալ համար 1 հրաման. նա Բաքվի հետ ուղիղ երկխոսության կողմնակից է
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման ընթացքում նրա խորհրդական Վլադիմիր Պողոսյանը «Նոյան Տապան» գործակալության հետ զրույցում, ըստ էության, հաստատելով պնդումները, որ Շուշին հանձնվել է, ուշագրավ հայտարարություն էր արել, որին 168.am-ն անդրադարձել էր՝ մանրամասն և բարեխղճորեն հրապարակելով Պողոսյանի ուղիղ խոսքը:
«Մոտավորապես ամսի 3-ին (նկատի ունի նոյեմբերի 3-ը.- խմբ.) Միքայել Արզումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ համաձայնությամբ, գրավոր հրամանով բավականին գրագետ և մարտական փորձ ունեցող բարձրաստիճան սպայի է նշանակում, որը պիտի Շուշիի պաշտպանության համար պատասխանատվություն ստանձներ: Բայց հաջորդող օրերին Արայիկ Հարությունյանը բանավոր չեղարկում է ՊԲ հրամանատար Միքայել Հարությունյանի գրավոր հրամանը և դարձյալ բանավոր նշանակում է Սեյրան Օհանյանին, որը ոչինչ չի արել Շուշիի պաշտպանության համար: Եվ հենց այդ ժամանակվանից ձախողումը սկսվեց: Ես այնտեղ եմ եղել ամսի 4-5-ին: Ես ուղիղ մեղադրում եմ Արայիկ Հարությունյանին, ով եթե անգամ Արցախում ունեցած կարգավիճակով հանդիսանում էր գերագույն հրամանատար, բայց նա իրավունք չուներ ՊԲ հրամանատարի գրավոր հրամանը չեղարկելու, որը համաձայնեցված էր ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հետ»,- շեշտել է Պողոսյանը և հավելել, որ ինքը սպաների հետ բարձրացել է դեպի Շուշի, ավելին, իր հետ է եղել պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատարի լիազորություններ ունեցած և այսօր պատերազմական մի քանի դրվագներով մեղադրվող Ջալալ Հարությունյանի եղբայրը՝ Արտյոմ Հարությունյանը, որ ներկայումս Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության պետն է:
«Երբ ես գնացի Շուշի, իմ վարորդն ինձ ասաց՝ տպավորություն է, որ ասֆալտը լվացել են և պատրաստվում են քաղաքը հանձնել: Շուշիի պաշտպանության մասին հիշեցնող ոչ մի բան չկար, այսինքն՝ դասական իմաստով քաղաքը պատրաստված չէր պաշտպանության»,- շարունակել էր 44-օրյա պատերազմի օրերին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը՝ հավելելով, որ Միքայել Արզումանյանի՝ ՊԲ հրամանատար դառնալուց հետո հայկական կողմի մարդկային կորուստները նվազել են:
Մենք մեր հոդվածում գրել էինք, որ Շուշիի պաշտպանությունը զուտ ռազմական հարց չէր, բերդաքաղաքի հանձնել-չհանձնելը քաղաքական լուրջ թեմա էր, այսինքն, համաձայնել էինք՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, ով մեղադրվում է Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեջ, չպետք է կրի Շուշիի անկման ամբողջ պատասխանատվությունը: Մենք նաև հիշեցրել էինք, որ Շուշիի պաշտպանության ոչ պատշաճ կազմակերպման փաստով քրեական գործ է հարուցված, ըստ այդմ՝ ռազմական այս դրվագի հետ կապված ցանկացած հրապարակային հայտարարություն կարող է համարվել հանցագործության մասին հաղորդում:
«Օնիկ Գասպարյանի խորհրդականի «գաղտնազերծումը» Շուշիի պաշտպանության վերաբերյալ. Միքայել Արզումանյանի՞ն, թե՞ մեկ ուրիշին է ուզում փրկել» վերտառությամբ հոդվածում նշել ենք, որ Օնիկ Գասպարյանի նախկին խորհրդականը չի գաղտնազերծում, թե այդ ժամանակ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ո՞ր բարձրաստիճան զինվորականին էին որոշել վստահել Շուշիի պաշտպանությունը՝ հարցադրում անելով, թե արդյո՞ք ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը տեղյակ է եղել, որ իր անունն այս համատեքստում տրվելու է, ի վերջո, սա լրացուցիչ թիրախավորման առիթ է:
Այնուհետ մենք հրապարակել էինք ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ մեր հարցազրույցները Շուշիի պաշտպանության և այդ գործում իր դերակատարման մասին, նաև այն, որ Շուշիից, իսկ այնուհետ Ստեփանակերտից Սեյրան Օհանյանի հետ դուրս է եկել նաև ՀՀ ԱԱԾ նախկին պետ, ներկայումս՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Ի դեպ, Օնիկ Գասպարյանի խորհրդականը եղած Վլադիմիր Պողոսյանի հրապարակած փաստերը չենք վիճարկել, իսկ մեր փաստերը միայն բաց աղբյուրների և հրապարակային հարցազրույցների հիման վրա էին: Այսինքն, մենք ոչ մի, այսպես ասած, գաղտնի տեղեկություն, մեր աղբյուրներից տեղեկություններ չենք հայտնել հիշատակված հոդվածում:
Բայց, չգիտես ինչու, Վլադիմիր Պողոսյանը վրդովվել է հոդվածից, և իր էջում իրեն իրավունք վերապահել որակավորում տալ ինձ և «168 Ժամին»:
Ընդ որում, իր ֆեյսբուքյան արձագանքում Պողոսյանը հաստատել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված իր խոսքերը:
Ի դեպ, անտեղյակների համար նշենք, որ Վլադիմիր Պողոսյանը եղել է 168.am-ի խմբագրությունում՝ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի շրջանակում, չնայած նրան, որ իր հետ կապված հոդվածներ եղել էին: Ավելին, հաղորդումից հետո առանձնացրել էինք իրեն ռազմական գործի գիտակ համարող Պողոսյանի «վրիպակները», բայց ոչ մի վրդովմունք այն ժամանակ չէր եղել: Իսկ թե ինչո՞ւ է բարեխիղճ և բաց աղբյուրների հիման վրա գրված այս հոդվածից նեղվել Պողոսյանը, մեղմ ասած, անհասկանալի է:
Ի դեպ, դեկտեմբերի 16-ին lragir.am-ին տված հարցազրույցում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի մոտ խորհրդական աշխատած Պողոսյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման փաստին, և պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում, պատասխանել է.
«Նախ և առաջ մեր Արտաքին գործերի նախարարությունը պետք է հավաքի բոլոր երկրներին դեսպաններին, Պաշտպանության նախարարը պետք է կանչի ռազմական կցորդներին՝ ՀԱՊԿ ռազմական գծով ներկայացուցիչներին՝ առանձին, ԵԱՀԿ ռազմական կցորդներին՝ առանձին։ Բոլորին պետք է տանեն Գորիս, ցույց տան, թե ինչ հումանիտար աղետ է այնտեղ, ինչքան մարդ է տուժում։
Մեր բանակին հիմա պետք է տրվի համար 1, պետք է մոբիլիզացնել ժողովրդին, նվազագույնը 15 հազար մարդկանց զորահավաք պետք է անցկացնեն։ Մենք ունենք տվյալներ, որ Վարանդա-Հադրութի ուղղությունից մեկ վաշտ ադրբեջանական հատուկ ջոկատայիններ գնում են դեպի սահման։ Մենք գիտենք, թե «էկոլոգների» կողքին քանի հատուկ ջոկատային է կանգնած։ Իրենց սպեցնազը նույնպես այնտեղ կանգնած է։ Ես կարծում եմ, որ առաջիկայում զարգացումներն այսպես կլինեն՝ Արցախի իշխանությունը կպայմանավորվի Վոլկովի հետ, կվերցնեն մի քանի «էկոլոգ» ու կմտնեն Դրմբոն։ Նրանք ստուգում կանեն, դրանից հետո կարող է ճանապարհը բացվել։ Եվ դա ցույց կտա, որ կա համատեղ պայմանավորվածություն խաղաղապահների, Ադրբեջանի ու Արցախի իշխանությունների միջև։ Երևանն էլ է այս խաղի մեջ, որովհետև այն քայլերը, որոնք անում են Հայաստանի իշխանությունները, բավարար չեն։ Դուք լսե՞լ եք ՄԱԿ-ում Արարատ Միրզոյանի ելույթը, դա խայտառակություն էր։ Նախ դա իր մտքերը չեն, ինչ-որ մեկը գրել է, ինքը կարդում է, չի գիտակցում՝ ինչ է կարդում։ Դու պետք է ձեռդ սեղանին խփես, ասես՝ սա ի՞նչ ՄԱԿ է, ի՞նչ միջազգային հանրություն է, որ ձեր աչքի առաջ հումանիտար աղետ է։ Ձեռքով սեղանին պետք է խփել ու պահանջել, ոչ թե ապուշ հայտարարություններ անել։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում քայլ անել, երկրորդը, իրենց քաղաքական ինտելեկտը շատ ցածր է, չեն կարողանում։ Նրանք հիմա իրավունք չունեն նստել Հայաստանում, պետք է գնան Եվրոպա, ԱՄՆ ու Ռուսաստան, Հայաստանի ձայնը բարձրացնեն, ոչ թե փափուկ խոսեն։ Նայեք, թե Զելենսկիի ապարատը ոնց է աշխատում, գնում են ու պահանջում։ Մենք անո՞ւմ ենք այդ գործերը, ոչ։
Եթե մեր բանակի համար հայտարարվի համար 1, եթե ոտքի կանգնի 50-60 հազար ժողովուրդ, ու ցույց տանք, որ Արցախի հետ միասին ենք, այդ ժամանակ առաջին հերթին ռուսը կվախենա։ Կզանգի Ալիևին, կասի՝ արի կանգնեցնենք այս պրոցեսը։ Նաև Արևմուտքը կտեսնի, թե ինչ է կատարվում։ Բայց եթե աշխարհը նայում է, որ մեր ժողովուրդը «կայֆի» մեջ է ապրում, իշխանությունը իշխանություն չէ, ժողովուրդն էլ գրեթե ժողովուրդ չէ, մեր փոխարեն ոչ ոք չի պայքարելու։ Եթե մենք տեսնում ենք՝ իշխանությունը թույլ է, նույն ճանապարհով, որոնք իրենք եկել են 2018 թվականին իշխանության, իրենց պետք է ասենք ցտեսություն։ Այստեղ օրենքի խախտում չկա, եթե իշխանությունը փորձի մեզ ասել՝ դա օրենքի խախտում է, ես ասելու եմ՝ առաջինը քեզ կդատենք, հետո՝ մեզ։ Ինչքան երկար նրանք մնան իշխանության, այնքան վատ է լինելու, և ժողովուրդը թող մոռանա, որ մենք ընդդիմություն ունենք:
Ես դիմում եմ հասարակությանը՝ եկեք մենք՝ որպես ժողովուրդ, մեր ձայնը բարձրացնենք։ Ես 2020 թվականին Արցախում մարդկանց զգուշացրել էի՝ եթե Արայիկ Հարությունյանին ընտրեք, մենք պարտվելու ենք պատերազմում։ Ինձ ասում էին՝ ո՞նց կարող է պատերազմ լինել, ռուսը չի թողնի։ Հիմա էլ ասում եմ՝ սուս ու փուս նստել եք տանը, մի օր կգան կմտնեն Երևան, կմտնեն ձեր տները։ Եվ եթե աշխարհը մեր ձայնը չլսի, ուրեմն ասելու են՝ հայերը համաձայն են, որ այս կյանքով ապրեն»:
Թե ի՞նչ ռիսկ է ենթադրում բանակին համար 1 հրաման տալը, թողնենք առանց մեկնաբանության կամ զինվորական գործի մասնագետներին:
Փոխարենը՝ հիշեցնենք, Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ 2017-ին Վլադիմիր Պողոսյանը հարցազրույց էր տվել EADaily-ին:
Այստեղ Պողոսյանը խոսում էր Հայաստան-Բաքու ուղիղ բանակցությունների մասին՝ առանց ԵԱՀԿ ՄԽ միջնորդության: Այն, ինչին, ի դեպ, ձգտում էր նաև Ադրբեջանը և մշտապես հարվածներ էր հասցնում Մինսկի խմբին։
«Անկասկած, Ադրբեջանի հետ պետք է խոսել, բայց ոչ այն պայմաններում, որոնք առաջ են տանում ԵԱՀԿ «vip տուրիստները»: Պետք է ուղիղ շփումների դուրս գալ Ադրբեջանի հետ և մոդերատոր թողնել միայն ՌԴ-ին»,- նշում է նա՝ հավելելով, որ մնացյալ կառույցներին «ցտեսություն» պիտի ասել: Այնուհետև նա շարունակում է.
«Այս հարցում հայերի և ադրբեջանցիների դիրքորոշումները համընկնում են. երկուսն էլ դժգոհ են ԵԱՀԿ-ի աշխատանքից: Մենք ունենք առաջարկներ և ծրագիր, որոնք թույլ կտան կարգավորել երկու երկրների հարաբերությունները: Նույնը վերաբերում է Թուրքիային: Չնայած Թուրքիա-Ադրբեջան եղբայրությանը, թուրք գործարարները մեծ սիրով գործ կունենային հայերի հետ: Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր է և պետք է կարգավորել, իհարկե, ոչ սեփական հետաքրքրությունների հաշվին: Կրկնում եմ՝ առաջին հերթին անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն Երևան-Բաքու: Երկու կողմից պետք է կանգնեցնել ատելության տարածումը, դրա սրումը ԶԼՄ-ներում, դադարեցնել կրակոցները, այսինքն, հանգստացնել ժողովուրդներին: Այնուհետ ժողովրդական դիվանագիտության մեխանիզմներ շրջանառության մեջ դնել, հետո արդեն սինթեզել այդ երկու մոտեցումները: Քաղաքական գործիչները ոչինչ չեն որոշի, մինչև ժողովուրդները հանգիստ և հանդարտ չլինեն: Ցանկացած անընդունելի որոշում հայ կամ ադրբեջանցի ժողովրդի համար, կհանգեցնի հեղափոխության թե՛ Բաքվում, և թե Երևանում»:
C Азербайджаном нужно говорить, но говорить не на тех условиях, которые выдвигают VIP туристы из ОБСЕ! Нужно выходить на прямые контакты с Азербайджаном, и модератором оставить только Россию. Всем остальным структурам помахать ручкой. В этом позиции армян и азербайджанцев совпадают. И те и другие недовольны работой ОБСЕ. У нас есть предложения и программа, которые позволят наладить отношения между двумя странами.
То же самое касается и Турции. При всём братстве Турции и Азербайджана, турецкие бизнесмены с большим удовольствием имели бы дело и с армянами! Отношения с Турцией можно и нужно налаживать, но не за счёт сдачи собственных интересов.
Повторяю, в первую очередь, нужен прямой диалог Ереван-Баку. Необходимо с двух сторон остановить разжигание ненависти в СМИ, прекратить обстрелы, то есть успокоить народы. Потом запускать механизмы примирения народной дипломатии, далее синтезировать эти два подхода. Пока народы не успокоятся, политики ничего не решат! Любое неприемлемое решение для армянского или азербайджанского народа приведет к революции — что в Баку, что в Ереване!
Ի դեպ, Պողոսյանի այս հարցազրույցն ակտիվորեն տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները:
Վերլուծություն չենք անում, ընդամենը բաց աղբյուրներից փաստերն ենք արձանագրում, ինչպես միշտ արել ենք՝ հիմնվելով միայն բաց փաստերի վրա: