Օնիկ Գասպարյանի խորհրդականի վտանգավոր «վրիպակները»

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, անդրադառնալով  նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթին, նշել է. «Բանակը տեղյակ չի եղել, որ ստորագրում են ինչ-որ մի բան: Դրանից հետո ենք մենք իմացել: Որ ինչ-որ թուղթ է պատրաստվում, մենք իմացել ենք հետո»:

Մինչդեռ նոյեմբերի 11-ին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հայտարարությունը ստորագրել և այդ որոշումը կայացրել է իր առաջարկությամբ:

«Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները: Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների: Սա պետք է միանշանակ ընդունել և հասկանալ: Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում՝ անկախ բոլոր շահարկումներից: Սա բոլորիս համար շատ դառը, բայց օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունք էր»,- շեշտել էր գեներալը:

Այսինքն, ԳՇ ղեկավարությունը նախապես իմացել է, որ ստեղծված իրադրությունից ելնելով է նման փաստաթուղթ ստորագրվելու: Եթե Օնիկ Գասպարյանի խորհրդականը չի իմացել, դա, բնավ, մասնագիտական և աշխատանքային պարտականությունների շրջանակում իր օգտին չի խոսում: Երկրորդ՝ Վլադիմիր Պողոսյանը մինչ նման հայտարարություններ անելը գոնե պետք է ծանոթանար իր նախկին ղեկավարի ավելի վաղ արված մեկնաբանությանը, որ տպավորություն չստեղծվեր, թե այդ ժամանակ Օնիկ Գասպարյանն ընդամենը փորձել է փրկել Նիկոլ Փաշինյանին, սակայն, ինչպես Վլադիմիր Պողոսյանն է ասում, բանակն ավելի ուշ է իմացել Փաշինյանի՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման մտադրության մասին:

Ի դեպ, Պողոսյանը հայտարարել է, որ պատերազմի հետ կապված քրեական գործերը պետք է սկսել ԱԺ-ից՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին անվանելով ոչ պրոֆեսիոնալ: Իսկ սրանից առաջ Օնիկ Գասպարյանը դիմել էր ԱԺ նախագահին, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, խմբակցությունների ղեկավարներին՝ անհապաղ նախաձեռնելու 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց: Այսինքն, կոչ է արել պատերազմի հանգամանքների գործը վստահել ոչ պրոֆեսիոնալներին, որոնց օրոք է եղել վերջին պատերազմը, և որոնք պատասխանատու են պատերազմի արդյունքների համար: Բայց սա մանրուք է այն «վրիպակի» համեմատ, որն ավելի վաղ մատնանշեցինք, և որոնց դեռ անդրադառնալու ենք:

Խոսելով, այսպես ասած, «Լելե Թեփե» օպերացիայի մասին, Վլադիմիր Պողոսյանը հաստատել է՝ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը և Սամվել Բաբայանն են առաջարկել Նիկոլ Փաշինյանին այդ օպերացիան:

«Սելեկտորով խոսացել են, որի ժամանակ լսվում է Բաբայանի ձայնը, որ ասում է, թե ամեն ինչ մտածել ենք, պատրաստել: Այո՛, դա Սամվել Բաբայանի ձայնն է: Հիմա ամեն մեկը պարզապես ուզում է «մաքուր» մնալ, որովհետև մտածում են միայն իրենց մասին,- նշել է նա և հավելել,- Եթե Օնիկ Գասպարյանն ուզում է մի բան անել, մինչև հազար անգամ չի ստուգում և հաշվարկում, չի անում, չի ասում՝ այո: Հիմա հասկացեք՝ Ղարաբաղում էլ կա հրամանատար, դու չես կարող հրամանատարին միշտ ասես՝ ոչ, բան արա… հրամանատարն է, անգամ՝ ՊԲ հրամանատարը էնտեղ նախարար է համարվում: Եթե իրեն զանգում են և ասում՝ մենք ամեն ինչ պատրաստել ենք, իրենք այնտեղ են, չէ՞, գտնվում: Դե հիմա պատկերացրեք, որ ԳՇ պետը Ջալալ Հարությունյանին ասում է՝ ես քեզ չեմ հավատում, դրանից հետո չեն կարող միասին ծառայել: Այսինքն, այնտեղ քո հրամանատարին, քո աջ թևին չես հավատում, երբ այնտեղից ասում են՝ ամեն ինչ պատրաստել ենք, կարող ենք սկսել»:

Այս հայտարարությամբ Վլադիմիր Պողոսյանը մի կողմից պնդում է, որ Օնիկ Գասպարյանն առանց հաշվարկելու քայլեր չի անում, մյուս կողմից, ըստ էության, ակնարկում, որ լինում են բացառություններ, որոնց պատճառների հետ կապված հետագայում կարող են հարցեր առաջանալ:

Հավատքը ռազմական կատեգորիա չէ և չի կարող լինել տվյալ դեպքում շարժիչ ուժ, և եթե Օնիկ Գասպարյանը գտել է, որ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի պնդումներն անհիմն են և կարող են ձախողման տանել, պետք է այդ մասին ասեր: Որքանով դրանք հաշվի կառնվեին ՊԲ հրամանատարի կամ Նիկոլ Փաշինյանի կողմից, դա բոլորովին այլ հարց է:

Ինչ է ստացվում՝ ըստ ԳՇ նախկին պետի խորհրդականի, Օնիկ Գասպարյանը կարող էր կաշկանդվե՞լ Ջալալ Հարությունյանին «ոչ» ասելու հարցում, հատկապես, երբ խոսքն այս օպերացիային էր վերաբերում: Այդ դեպքում ինչ ասել, երբ խոսքը Նիկոլ Փաշինյանին հակադրվելուն է վերաբերում ընդհանուր առմամբ: Մտածված թե չմտածված, Վլադիմիր Պողոսյանը, մեղմ ասած, «փոքրացրել է» Օնիկ Գասպարյանի ԳՇ պետի լիազորությունները և դրանք իրականացնելու կարողությունը:

168.am-ի հետ զրուցում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն այս առնչությամբ ասել էր.

«Մենք խնդիրներ ենք ունեցել իրադրության, հակառակորդի ճիշտ գնահատման և ընդհանուր առմամբ համակողմանի ապահովման: Այսինքն, այդ օպերացիայի կատարման համար պայմաններ չեն եղել: Պայմանները թույլ չեն տվել, որ այդ օպերացիան իրականացվի: Որո՞նք են այդ պայմանները. առաջին՝ հակառակորդը պետք է կանգնեցվի, նրան պետք է հզոր խոցում հասցվի, նաև՝ հակահարվածող կառույցներին պետք են աջակցություն, նրանց թևերը պետք է ապահովված լինեն, որպեսզի նրանց կողմից խնդիրը կատարելուց հետո աջ և ձախ կողմերը նույնպես նման գործողություններ կատարեն և վերջնական կանգնելու կամ բնագիծ գրավելու վայրում ապահովեն հակագրոհները: Այս բոլոր խնդիրները չեն իրականացվել, եթե խոսքը վերաբերում է «Լելե Թեփե» ասվածին: Էլ չասեմ, որ այն հատվածում, որտեղ մխրճում է եղել, այնտեղ մի քանի զորամիավորումներ են գործել: Իսկ եթե զորամիավորումներ են գործում, ապա որոշում ընդունողը, համագործակցություն կազմակերպողը և ղեկավարողն արդեն ԳՇ պետն է, իսկ ԳՇ պետի որոշումը հաստատում է գերագույն հրամանատարը: Ի դեպ, քարտեզի վրա այդ բարձունքը կոչվում է Լալա-Իլյագի, որը մեզ համար որևէ ռազմավարական նշանակություն չունի»:

Այսինքն, եթե պատասխաններ պահանջվեն, Ջալալ Հարությունյանին հավատալը չի փրկելու:

Ինքը՝ Օնիկ Գասպարյանը, անվտանգությունից և գաղտնիությունից ելնելով ռազմական օպերացիաների մասին հրապարակային քննարկմանը դեմ է, ուստի նաև այս օպերացիայի մասով մենք դեռ չենք լսել նրա տեսակետը, իսկ խորհրդականի ասածները կարող են և իրականության հետ հակասություններ ունենալ, ինչպես վերևում նշված դեպքերում:

Իհարկե, Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմի ժամանակ Օնիկ Գասպարյանի հետ խնդիրներ չի ունեցել, թեպետ դեռևս փետրվարին տելեգրամյան իր ալիքում ռուսաստանցի մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը գրել էր, որ մերժված առաջարկներ եղել են Իսկանդերի կիրառման ժամանակի և ուղղության հետ կապված:

Այս բոլոր հարցերի պատասխանները, թերևս, մի օր կստանանք:

Վերադառնալով Վլադիմիր Պողոսյանի հայտարարություններին՝ կապված Օնիկ Գասպարյանի հնարավոր քայլերի հետ, նշենք, որ Օնիկ Գասպարյանը դեռևս դատական գործընթացների մեջ է և չի հայտարարել քաղաքական պրոցեսներին մասնակցության մասին: Եվ ԳՇ պետի պաշտոնից հեռանալուց առաջ նա ընդամենը հայտարարել է՝ «իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»:

Մինչդեռ խորհրդականը շտապում է ակնարկել, որ Օնիկ Գասպարյանը կարող է խաղի մեջ մտնել: Ավելի ճիշտ՝ փորձում է ամեն կերպ իր ցանկությունն իրականություն դարձնել, ինչը, ամեն դեպքում, կարող է ընկալվել նաև Օնիկ Գասպարյանի հեռահար մտադրությունը: Այսինքն, խոսքերի հետ պիտի զգույշ վարվել:

«Իմ կարծիքով, եթե բոլորը միավորվեն ու ստեղծեն 3-րդ ուժ, մինչև ընտրությունները, անգամ, ամեն ինչ կավարտվի։ Կան հաշվարկներ ու գնահատականներ, որ եթե զինվորականներն ու գեներալները ստեղծեն 3-րդ ուժ, Հայաստանում ամեն ինչ կավարտվի։ Եթե Օնիկ Գասպարյանը մտնի քաղաքական խաղի մեջ, եթե այդպիսի ծրագիր լինի, դա կլինի Փաշինյանի իշխանության վերջը, որովհետև ժողովուրդը կմիանա»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ ասել է նա:

Օնիկ Գասպարյան գեներալին լավ ճանաչողները կվկայեն, որ նա ամենաապաքաղաքական դեմք է, նա տիպիկ զինվորական է, ում հետ երկար կարելի է խոսել Զինված ուժերի հետ առնչվող ցանկացած գործընթացից, ռազմական գործից, մարտական օպերացիաներից, բայց նա քաղաքական խորամանկություններին չի տիրապետում: Հենց այստեղ է, որ նրան իր զինվորական միամտությունը մշտապես վնասում է: Եվ գուցե սրանից են օգտվում նրա պաշտոնական և ոչ պաշտոնական խորհրդատուները, որոնց ինքը գուցե էլի միամտաբար ընտրել է: Չի բացառվում, որ Օնիկ Գասպարյանին փորձեն համոզել, որ նա իր զինվորական կենսագրության, գեներալական հարգանքի շնորհիվ կարող է լցնել Ազատության հրապարակը, մինչդեռ դրա համար այսօր այլ որակներ են պետք, և երկրորդ՝ Օնիկ Գասպարյանից հասարակությունն ավելի վաղ է ակտիվություն և վճռական քայլ սպասել, որը չի արդարացվել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Այսինքն, ականատեսն ենք լինելու հերթական հարվածին Օնիկ Գասպարյան գեներալին՝ ուղղված թիկունքից, վատ խորհրդատուներից, կամ՝ քաղաքական ճնշմանը չդիմադրելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը խաղալու է «մարտեր առանց կանոնների» սկզբունքով:

2017-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով մասնակցեց ԱԺ ընտրություններին, և ընդամենը 2 տոկոս ձայն հավաքեցին: Այն դեպքում, երբ նախկին իշխանությունների օրոք մի որոշակի պահի հասարակությունը Սեյրան Օհանյանին ՀՀ նախագահի, անգամ՝ վարչապետի պաշտոնում էր տեսնում: Պե՞տք էին այդ ընտրությունները Սեյրան Օհանյանին, կամ շահե՞ց նա դրանից, իհարկե՝ ոչ: Այսօր արդեն Սեյրան Օհանյանը 17 ընդդիմադիր կուսակցությունների միավորման մեջ չի մտնում, թեպետ ընդդիմության հարթակից ելույթներ ունենում է:

Եվ եթե անգամ որևէ ուժի ցուցակում հայտնվի Պաշտպանության նախկին նախարարը, նորմալ է, որովհետև այլ իրավիճակ է, որովհետև «Ազատության հրապարակը լցնելու» գլխավոր դերակատարն ինքը չի լինելու, ինչը Գասպարյանի խորհրդատուները փորձում են ի կատար ածել:

Եվ մի բան էլ. Օնիկ Գասպարյանը քաղաքական գործընթացներում եփված Վազգեն Սարգսյան չէ, իսկ այստեղ, կրկնում եմ, միայն զինվորական պարկեշտ կենսագրությունը և հարգանքը բավարար չէ: Էլ չասենք, որ նույնիսկ Վազգեն Սարգսյանին են միամտություն վերագրել ինչ-ինչ հարցերում:

Տեսանյութեր

Լրահոս