Պատերազմի և պարտության ամենամեծ պատասխանատուն այս իշխանախումբն է, նրանց օրոք Հայաստանն ապագա չունի․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր մենք գտնվում ենք իսկական և վերիրական զուգահեռ ընթացքի մեջ, և սա ոչ թե վերջին մեկ տարվա ամփոփումն է, այլ մի իրականություն, որում ապրում է մեր ժողովուրդը։ Մի կողմից՝ տոնական լույսեր, իրեն լավ զգալու մարդկային բնական հակում, մյուս կողմից՝ դառը իրականություն, որով սկսել ենք այս օրացուցային տարին, և որի մեջ գտնվում ենք։ Մենք շարունակվող, ոլորապտույտ կրկնության մեջ ենք։ Այս տարեսկզբին Հայաստանի գործող ղեկավարը Գեղարքունիքի մարզում էր, շփվեց զինծառայող տղաների, զոհերի ծառայակից զինվորների հետ, ասաց՝ «եկեք պարենք միասին, ինչ եղել է, օրինաչափ է, սրանից հետո ինչ էլ լինելու է, օրինաչափ է»։ Դրանից ամիսներ անց տղաները զոհաբերվեցին, Գեղարքունիքում և Ջերմուկում հարյուրավոր մարդկային զոհեր և տարածքային կորուստներ ունեցանք։ Առայսօր մենք այդ նույն շարունակական վիճակի մեջ ենք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Գրեթե բոլորը՝ քաղաքական ուժերը, վերլուծաբանները, շարքային քաղաքացիները զգում են, թե ինչ վիճակի մեջ ենք, կանխատեսում են, թե դեպի ուր ենք գնում։ Մարդ կա՝ մեծամտանում է, հիշեցնում իր ասածներն ու կանխատեսումները, բայց դա արդեն էական չէ։ Մենք այն իրականության մեջ ենք, երբ մեր աչքի առաջ և մեր ապրած կյանքի ընթացքում մեր հայրենիքը փոքրանում է, գնում է մեզնից։ Մեր տղաներն ու աղջիկները մեզնից հեռանում են դահիճ թշնամու նախահարձակ գործողությունների հետևանքով։ Մեր հերոսների անուններն ավելանում են։ Գործող իշխանությունը դրա ուղղակի մասնակիցն ու մեղսակիցն է, և նրա առկայության դեպքում այս ամենին հանգուցալուծում չկա։ Դժվար է արտահայտվել այս իշխանախմբի մասին, արտահայտչամիջոցները գրեթե սպառվել են, և ակնհայտ է, թե դեպի ուր են նրանք մեզ բերել»,- ասաց քաղաքական գործիչը:

«Նախկին իշխանություններն ունեն իրենց դերակատարումն ու պատասխանատվության չափը և ամբողջովին չեն ինքնամաքրվել։ Ընդհանուր բնույթի խոսքեր ասվել են, բայց մինչև հիմա իշխանավարման ամեն շրջանի պատասխանատու այրերը կամ նրանց կողմնակիցներն արդարանում են, նրանք սրտանց պատասխանատվություն չեն վերցրել։ Այս վիճակը, պատերազմը, պարտությունը հավասարապես պետք է բաշխել բոլորի միջև, սակայն հավասարների մեջ ամենապատասխանատուն հենց այս իշխանությունն է, և հենց նրանք են, որոնց առկայության դեպքում Հայաստանը չունի ապագա։ Որևէ մեկը, առավել ևս՝ այս իշխանությունը, պատասխանատվություն չի վերցնում, բայց մեր հերոսները սեփականաշնորհվում են իշխանավորների և նրանց ընտանիքների կողմից»,- նշեց Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ նա, ով Եռաբլուր է գնում ոչ թե սեփական քարոզչությունն անելու, այլ առանց տեսախցիկների, տեսնում է, որ այնտեղ փորված են նաև գերեզմաններ, որոնց վրա անուններ կան, բայց գերեզմանաքարերն ամբողջական չեն, մարմինները վերադարձված չեն. «Մինչև հիմա թշնամին չի կատարել այս կամ այն հայտարարությամբ կամ համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները։ Մեր աչքի առաջ՝ մեր ապրած կյանքի օրերին, վերադառնում ենք նախկին գոյավիճակին։ Երբ Հայաստանն անկախացավ, դարձյալ այս իրավիճակն էր, և անկախության պայքարը, արցախյան շարժումը նպատակ էին ձևակերպել, որ մենք ունենանք ինքնիշխան, ազատ, անկախ հայրենիք և ազատագրված Արցախ։ Այն ժամանակ Արցախը, իհարկե, շրջափակված էր։ Եվ երբ ՀՀ-ն հռչակեց իր անկախությունը, զուգահեռաբար՝ Արցախը նույնպես հանրապետություն դարձավ, մենք կյանքի ճանապարհ չունեինք։ Երբ ՀՀ-ն ընդունեց միջազգային հանրության և ԵԱՀԽ-ի մանդատը, դա նաև Արցախի համար էր, և այդտեղ դրույթ կար, որ ՀՀ-ի և Արցախի միջև պետք է մարդասիրական միջանցք բացվի, քանի որ Ադրբեջանը խեղդում էր ԼՂՀ-ն։ Եվ երկու ամսվա ընթացքում՝ 1992-ի մարտից մայիս, երբ ակնհայտ էր, որ ոչինչ տեղի չի ունենալու, հայ ժողովուրդն ինքը բացեց այդ միջանցքը»:

«1992թ․ մարտի 2-ին, երբ ՀՀ-ն դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, առաջին իսկ օրվանից պաշտոնապես դրվեց ինքնորոշման իրավունքի ճանաչման պահանջը։ ՀՀ-ն պնդում էր, որ պետք է ունենա իր կշիռը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ԵԱՀԽ-ի, ապա և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ ստանա վետոյի իրավունք։ ԵԱՀԽ-ի գործառույթը հենց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելն էր, այն էլ՝ ՀՀ վետոյի իրավունքի պայմաններում։ Այս ամենն ինքնակամ, հայեցողական կերպով զիջվում է ինչ-որ բանավոր հայտարարություններով՝ առանց որևէ պատասխանատվության։ Որքան էլ պնդենք, թե այդ պայմանավորվածություններն առոչինչ և փոփոխական են միջազգային իրավունքի տեսանկյունից, հաջորդ իշխանությունը պիտի դրանք չեղյալ համարի։ Այսօր մեր իրավունքն ու շահը զիջվում է ու ոչնչացվում, նշաձողն իջեցվում է, այս վիճակը տանելի չէ»,- ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս