Նիկոլը զբաղված է խաղաղության շահագործմամբ, բայց Իրանի դեմ պատերազմը պայթեցրեց նաև նրա այդ փուչիկը․ Սուրեն Սուրենյանց
Նիկոլի գլխավոր հաղթաթուղթը, իհարկե, «խաղաղությունն» է, բայց նա զբաղված է խաղաղության շահագործմամբ։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ իր թմբկահարած խաղաղությունը որևէ ինստիտուցիոնալ հատկանիշ չունի։ Խոսվում էր խաղաղության հաստատման անշրջելիության մասին, այն դեպքում, երբ միայն երեք փաստ՝ գերիների առկայությունը, չճշգրտված սահմանները և չստորագրված պայմանագիրը, ի դերև են անում այդ բոլոր պնդումները։ Ամբողջ ծանրությունը դրվում էր ԹՐԻՓՓ-ի փաստաթղթի վրա, իսկ այդ վերջին փուչիկն էլ պայթեց իրանական պատերազմի մեկնարկից հետո։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Պատերազմի ցանկացած ելքի պարագայում ԹՐԻՓՓ-ը կորցնում է իր ակտուալությունը, և եթե նույնիսկ չչեղարկվի, առնվազն որպես փաստաթուղթ՝ լուրջ խմբագրման կարիք է ունենալու։ Սպիտակ տան կողմից այն առաջնահերթություն չի համարվելու։ Սա Փաշինյանն էլ է գիտակցում։ Եթե չգիտակցեր, նախընտրական այս փուլում Պուտինից հանդիպում չէր խնդրի։ Նա շատ լավ հասկանում է, որ անկախ նրանից՝ ինչ է խոսում, իր բոլոր փուչիկները, այդ թվում՝ գլխավորը՝ խաղաղությունը, պայթել են։ Հիմա էլ փորձում է Պուտինի հետ հանդիպումով մի նոր լեգենդ հյուսել, բայց դա էլ իր մոտ առանձնապես չստացվեց»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ մեր ականջների համար անսովոր զրույց լսեցինք։ Շատ լեգիտիմ հարց է առաջանում՝ ինչի՞ վրա է այս մարդը հույս դրել՝ միայն ապատիկ հասարակության։ Նրա միակ աջակիցը նույնիսկ Արամ Սարգսյանը չէ, որովհետև այդ բոլոր քաղաքական փուչիկները հասցրին կատարելապես պայթել մինչև ընտրական ցիկլի մեկնարկը՝ հատկապես իրանական պատերազմի համատեքստում։ Մեր հասարակության մեջ մարդասեր Արևմուտքի մասին պատրանքային պատկերացումներ կային, բայց դրանք ակնհայտորեն ի դերև եղան»,- նշեց քաղաքական գործիչը:
Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ մեր հասարակությունը սկսել է վերաիմաստավորել մի շարք պատրանքներ, որոնք տարածված էին նույնիսկ մեկ տարի առաջ.
«Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Արցախին անդրադառնալու մի քանի պրագմատիկ պատճառ ուներ։ Նա ուղերձ հղեց Բաքվին, և այնտեղ այդ ուղերձը հասկացան։ Պուտինն Արցախի հարցն ավելի գլոբալ պատկերի մեջ խաղարկում է, երբ իրեն անհրաժեշտ է։ Բայց նա նաև հայ ժողովրդին ուղերձ հղեց։ Պուտինը հստակորեն ասաց, որ այլևս չեն հանդուրժելու Հայաստանի՝ երկու աթոռի վրա նստելը։ Կար դիվանագիտական խոսք, որը Պուտինի շուրթերից լսեցինք, բայց կար նաև շատ չոր տեքստ Օվերչուկի մատուցմամբ»:

«Ռուսները խստիվ զգուշացրին՝ Արցախի կործանումն այլևս մեր գրպանը չգցե՛ք։ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ ինքն է հակամարտության վերջակետ դնողը։ Որպես հակամարտող կողմի ղեկավար՝ ինքն է փաստաթուղթ ստորագրել հակամարտության հիմնական վեճի սպառման մասին։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը պարտված Հայաստանի համար բավականին բալանսավորված փաստաթուղթ էր, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չէր կանխորոշում, հակառակը՝ այնտեղ մի քանի պարամետրերով ֆիքսվում էր Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը, օրինակ՝ շփման գիծը»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Մանրամասները՝ տեսանյութում



