«Թե ինչու են մեղադրում՝ պարզ է, բայց ինչում են մեղադրում՝ ոչ». Մամիկոն Ասլանյան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, տեղի է ունեցավ Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը։ 

168.amը հասցրեց մի քանի հարց ուղղել շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանին:

Վանաձորի ընտրված համայնքապետը նշեց, որ առողջական վիճակից այս պահին չի դժգոհում, ապա անդրադառնալով մեղադրանքի էությանը՝ նկատեց. «Թե ինչի համար են մեղադրում, պարզ է, բայց ինչում են մեղադրում՝ ոչ»:

Նա վստահեցրեց՝ իրենց նպատակը Վանաձորի զարգացումն է, ու այնպես են անելու, որ այս իրավիճակում Վանաձորը որևէ կերպ չտուժի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նիստի ընթացքում Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և գրավ կիրառելու վերաբերյալ: Սակայն դատավոր Սարգիս Դադոյանը մերժել էր միջնորդությունը:

Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։  Վանաձորի ընտրված համայնքապետն ու նրա պաշտպանները վստահեցնում են՝ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացվեցին ընտրություններ, մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորի ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) և «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։ Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։

Ուշագրավ է, որ այս քրեական գործը հարուցվել էր ընտրություններից ամիսներ առաջ, սակայն Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց այն ժամանակ, երբ հաղթեց ընտրություններում: Ուղիղ մեկ տարի է՝ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է, իսկ Վանաձորը չունի համայնքապետ:

Տեսանյութեր

Լրահոս